ԳՅՈՒՂԸ ԱՊՐԵԼ Է ՈՒԶՈՒՄ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Արմեն Աբրահամյանին հանդիպեցինք Մարտունի քաղաքից Բերդաշեն տանող ճանապարհին` վաղ առավոտյան։ Փոքրամարմին երիտասարդը, պարզվեց, շտապում էր գյուղի ծայրին գտնվող իր անասնաֆերման, որտեղ ավելի քան 160 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ է պահում։ Մեզ համար հետաքրքիր, մի քիչ էլ զարմանալի էր, որ այդ ամոթխած, քչախոս թվացող երիտասարդը նման բիզնես-նախագիծ է իրականացնում։ Նրան միանալու և ֆերմային ծանոթանալու ցանկություն հայտնեցինք։ Հսկայական շենքը, որտեղ տեղակայված է ֆերման, բարենորոգ չէր, բայց անասունների համար ստեղծված էին նորմալ պայմաններ։ Արմենը դեռ երեք տարի առաջ է սկսել այդ բիզնեսը՝ լրիվ զրոյական կետից և չի նեղվում աշխատանքի այն մեծ ծավալից, որն ուրվագծվում է՝ իր վերջնական նպատակին հասնելու ճանապարհին։
30 տարեկան է։ Անասնապահությամբ զբաղվելու երազանքը, որքան էլ տարօրինակ թվա, մանկուց է փայփայում։ Եվ ոչ այն պատճառով, որ ինքն այլ հմտություններ կամ հնարավորություններ չի ունեցել։ Ամենևի՜ն։ Հետո նրա բարեկամներից իմացանք, որ Արմենը Բերդաշենի դպրոցի լավագույն աշակերտներից էր, գերազանցությամբ է ավարտել դպրոցը, և երբ հայտնել է իր որոշումը անասնաբույժ դառնալու ցանկության մասին, ուսուցիչների մի մասը նեղացել է. ափսոսում էին գիտելիքները, որ ուներ իրենց մասնագիտություններից։ Սովորել է ՀՀ Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում, ստացել անասնաբույժի մասնագիտություն։ Ավարտել կարմիր դիպլոմով, ունի նաև մագիստրոսի աստիճան։ Դասախոսներն առաջարկել են մնալ համալսարանում և դասավանդել։ Առաջարկը մերժվել է՝ Արմենը հաստատակամ էր իր որոշման մեջ և ձգտում էր իր նպատակին։ ՙԵս պետք է անասնաֆերմա ունենամ՝ ժամանակակից, մեծ, տարբերվող՚,-ասել է իրեն հակառակի մեջ համոզել փորձողներին։
Հարազատների հորդորներն անիմաստ էին, և սկսեցին օժանդակել՝ ինչով կարող էին։ Արմենը առավոտյան ժամը հինգից աշխատանքի մեջ է. գյուղում օրը վաղ է սկսվում, քնելու ժամանակ չկա։ Պետք է անասունների վիճակը ստուգել, կերի ու մաքրության հոգսը քաշել։ Հայրը, չնայած դեմ էր որդու նախաձեռնությանը, հիմա նրա կողքին է՝պատրաստ աջակցելու ամեն ինչում։ ՙՄենակ չի լինի, օգնել է պետք՚,-ասում է նա՝ մտքում երևի հպարտանալով որդու համառությամբ ու նպատակասլացությամբ։
Ֆերմայի շենքը պատկանում էր բերդաշենցիներին. խորհրդային կարգերի փլուզումից հետո կոլտնտեսությանը պատկանող անասնաֆերմայի շենքը փայաբաժիններով հատկացվել էր նրանց։ Մեկը վաճառել է իր բաժինը, մյուսը՝ անհատույց օգտագործման տրամադրել, ու այդպիսով Արմենը անասուններին պահելու տեղ է ձեռք բերել։ Առաջին 25 անասունները գնել է 5 մլն դրամ վարկային գումարներով։ Օժանդակել է այն ժամանակ դեռ ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը։ Վարկը փակելուց հետո նոր վարկ ստանալու հայտ է ներկայացրել, այս անգամ՝ տաս միլիոն դրամի չափով։ Այդպիսով հաջողվել է բազմացնել անասունները և ձեռք բերել որոշ տոհմային կենդանիներ։ Արդեն երեք գլուխ զտարյուն տոհմային անասուն ունի՝ երկու երինջ և ցուլ։ Տոհմային մատղաշներն ու հորթերն էլ կամաց-կամաց շատանում են։
Կաթնամսատու ցեղերից են՝ շվից, ֆլեգվի, հոլշտեյն։ Արմենի նպատակը տոհմային անասունները շատացնելն է։ Նրանց մթերատվությունը տեղականի համեմատ մի քանի անգամ բարձր է. նույն պայմաններում պահելով տոհմային անասունը օրական 30-35 լիտր կաթ է տալիս, ավելի քան 400կգ միս։ ՙՄերոնք օրական մինչև 10լ կաթ, 200կգ միս են տալիս նույն պայմաններում՚,-պարզաբանում է մեր զրուցակիցը։ Իսկ նրանք պահման հատուկ պայմաններ կամ այլ կեր չե՞ն պահանջում՝ մեր հարցի պատասխանը բացասական էր. բոլոր անասուններին էլ պիտի լավ պահել՝ չոր պայմաններում, ժամանակին մաքրել ու կերակրել, հետևել առողջությանը, կատարել պատվաստումները։ Վերջիններն անձամբ է կատարում։
Կաթը ՙԱռաջնեկ՚ ընկերությունն է մթերում, հենց տեղում, իսկ միսը ֆերմերը շուկա է տանում։ Ֆերման ընդլայնելու նպատակ երիտասարդն ունի, բայց առաջնայինը անասնաֆերմայի վերանորոգումն է, անասունների պահման պայմանների բարելավումը։ Քանի որ գլխաքանակը փոքր չէ, անհրաժեշտ է լինելու մեքենայացման մասին մտածել, խոտ ու կեր հայթայթելու համար տեխնիկա ձեռք բերել։ Առայժմ միայն կիթն է մեքենայացված, մնացած աշխատանքը կատարվում է ձեռքով, վարձու աշխատողների օգնությամբ. չորս հոգուց բաղկացած ընտանիք է հրավիրել ֆերմայի տարածքում ապրելու և աշխատելու։ Նրանցից երկուսն արոտ են տանում անասունները, մյուսները կիթն են կազմակերպում։ Ամենադժվարը վարձու աշխատող գտնելն է. մարդիկ չեն ուզում անասնապահությամբ զբաղվել, ամոթ են զգում։ Այդ զգացումն Արմենի համար տարօրինակ է. ինքը` սոված, առանց եկամտի մնալն է ամոթ համարում, գյուղացին սոված մնալու իրավունք չունի։ Իհարկե, դժվար է անասնապահի աշխատանքը, այն սեր ու շուրջօրյա նվիրում է պահանջում։ Լինում են հիասթափության պահեր, անելանելի թվացող իրավիճակներ, բայց թևաթափ լինել ու նահանջի տրամադրվել չի կարելի։ Անհրաժեշտ է աշխատել, ու հաջողությունն անպայման ժպտալու է։
Արմենն անասունները պահում է խառը պահվածքով. չնայած կառավարությունը ողջունում է մսուրային պայմաններին անցումը, երիտասարդ ֆերմերը գտնում է, որ դեռ դժվար է Արցախում նման անցում կատարել միանգամից. չկա բավարար կերային բազա, բոլորը պատրաստ չեն նման պայմաններ ապահովել անասունների համար։ ՙՀնարավոր է, որ տոհմային կայանները նման հնարավորություն ունեն, բայց մյուս սեփականատերերի համար դժվար կլինի,-ասում է նա։- Պետք է ավելացվեն կերային կուլտուրաների մշակության ծավալները, տեխնիկա ձեռք բերվի, մթերում կազմակերպվի, որից հետո կամաց-կամաց անցում կատարվի նման պահվածքին՚։ Արմենը նաև մոտ 40 հա գարի է մշակել, ունի եգիպտացորենի, ցորենի, կորնգանի ոչ մեծ ցանքատարածություններ։ Փորձում է իր անասունների համար որոշակի կերային բազա ստեղծել։
Ներկա պահին կթում են ընդամենը 30 կով, օրական 150լ կաթ են հանձնում, բայց սեզոնին մինչև 400լ կարողանում էին արտադրել։ Նախատեսում են նաև կաթի վերամշակման ու կաթնամթերքի արտադրության սեփական գործը հիմնել։ Բայց դա՝ առաջիկայում, երբ հաջողվի գլխաքանակը 500-ի հասցնել։
Սեփական ընտանիք դեռ չունի Արմենը. գո՞րծն է խանգարում, թե՞.... հարցը կիսատ մնաց. պլանավորում է առաջիկայում, իրեն ընտանիք է պետք, գյուղին՝ աշխատող ձեռքեր ու հողին կառչած սիրտ։ Գյուղը ապրել է ուզում։