ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՈՌՈԳՈՎԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Մարտունու շրջանում ևս բերքահավաքի ամենաեռուն շրջանն է։ Ընդհանուր առմամբ, աշնանացանի բերքի տակ շրջանում 46850 հա մշակաբույս է ցանվել, որից ավելի քան 10 հա՝ ցորեն։ Այսօրվա դրությամբ աշնանացանի մեծ մասը հնձված է։ Բերքից, ինչպես տեղեկացանք շրջվարչակազմի գյուղբաժնի պետ Ռոբերտ Վանյանից, այնքան էլ գոհ չեն, սպասում էին ավելին. վերջին ամիսների երկարատև երաշտն ու ոչ ճիշտ մշակությունը բերել են սպասվածից ցածր արդյունքների։ Ցորենի բերքատվությունը կազմել է գրեթե 16 հա/ց, գարին՝ 12-ից քիչ ավել։ Բերքահավաքն ավարտման փուլում է, կազմակերպվել է՝ նախկին տարիների խնդիրները հաշվի առնելով։
Իսկ խնդիրները, ինչպես միշտ՝ շատ են. ամենաթույլ կողմը Մարտունի համայնքի տարածքն է, որտեղ հացահատիկահավաք կոմբայնների քանակը քիչ է։ Որպես կանոն, հացահատիկի բերքահավաքը սկսում են ցածրադիր գոտիներից և մինչև հասնում են այստեղ՝ բերքահավաքը մի քիչ ուշանում է։ Խնդիրները, վարչակազմի ղեկավարի անմիջական միջնորդությամբ, հարթվում են։ ՙէական դժվարություններ հիմա չկան,- պատմում է Ռ. Վանյանը,- տեխնիկան հերիքում է, աշնանացանի աշխատանքները շուտով կավարտվեն։ Հիմա աշխատանքները բարձրադիր գոտում են ընթանում՚։
Ամենամեծ վտանգը հրդեհից են տեսնում, շրջանի ներքևի գոտուց, իսկ այնտեղ աշխատանքներն ավարտված են։ Բերքահավաքի ընթացքում հրդեհների երկու պատահար է եղել, տուժել են ցորենի դաշտեր՝ 7.3 հա մակերեսով և 6 հա գարու դաշտեր։ Կան տարածքներ, որտեղ ինչպես հրդեհի, այնպես էլ ցածր բերքատվության պատճառով բերքահավաք չի կատարվելու։ Ցուցանիշները ճշտվում են, բայց հավանաբար այդպիսի տարածքների չափը կհասնի մոտ 1000 հա-ի։ ՙԿան ցածր բերքատվությամբ դաշտեր, որտեղ կատարվելու է բերքահավաք՝ դաշտը մաքրելու համար՚,-պարզաբանեց գյուղբաժնի պետը։
Առաջիկայում գարնանացան մշակաբույսերի բերքահավաքն է և բաժնի առաջիկա պլաններն այն անկորուստ հավաքելուն են ուղղված լինելու։ Մարտունու համայնքից միչև Վազգենաշենի տարածք բերքատվությունը սպասվածից ցածր է՝ դարձյալ երաշտի պատճառով։ Ռ. Վանյանն ընդգծեց, որ այս տվյալներն անջրդի հողատարածքներին են վերաբերում, քանի որ ոռոգովի տարածքներում խնդրի առաջացման միակ պատասխանատուն որպես կանոն լինում է հողօգտագործողը։
Ոռոգովի ցանքատարածքները Մարտունու շրջանում հասնում են 1106 հա-ի, բայց առաջիկայում դրանք բազմակի ավելացնելու ծրագրեր կան։ Այստեղ հիմնականում ոռոգում իրականացվում է արտեզյան ջրհորերից։ Ինքնահոս ջրեր քիչ քանակությամբ կան Վազգենաշեն համայնքի տարածքում։
Ոռոգման համակարգի խափանումներ լինում են, բայց ՙՎարանդաշին՚ ընկերության շնորհիվ ժամանակին վթարները վերացվում են։ ՙԱյս պահի դրությամբ վնասված ջրհոր ու ջրագիծ չունենք։ Արտեզյան ջրհորեր կան, որոնց հորատումը տարուց ավելի է, ինչ կատարված է, բայց չեն օգտագործում՝ աշխատանքները ավարտված չեն՚,-ասել է ոլորտի շրջանային պատասխանատուն։ 12 ջրհորից մեկում ջուր չի եղել ի սկզբանե, օգտագործվել է 11-ը, ապա՝ 5-ը։ Հզորությունների անհամապատասխանելիության պատճառով հաճախ խափանումներ են արձանագրվել ջրագծերում, որը թույլ չի տվել ջուրը լիարժեք օգտագործել։ Ոռոգման խնդիրը կարգավորելու ժամանակավոր լուծումներ են կիրառվել, բայց համակարգային լուծումներ գտնելու նպատակով առաջիկայում նախատեսվում է ջրամբարների կառուցում, որն էլ թերևս ամենաարդյունավետը կլինի հողօգտագործողների համար։
Ըստ պլանների, Ամարասի տարածքում պիտի հորատվի 5 արտեզյան ջրհոր, կկառուցվի 2 փոքր պոմպակայան։ Նախորդ իշխանությունների օրոք այդ տարածքում մեկ ջրհորի հորատման աշխատանքների մեկնարկը տրված է եղել։ Առաջիկա երկու ամսվա ընթացքում, նախագահի հանձնարարությամբ, պիտի ուսումնասիրվի, մշակվի և ներկայացվի շրջանի ոռոգման համակարգի զարգացման ծրագիրը։ Ռ. Վանյանի տեղեկատվությամբ, մշակված ծրագիր կար, ըստ որի` հինգ համայնքի ընդգրկմամբ ոռոգման համակարգ պիտի ներդրվի։ ԿԿառուցվի երկու 1000-տոննանոց ջրամբար։ Ջրագիծ կկառուցվի Ջիվանի համայնքի բնակիչների համար, Կարմիր շուկա, Զարդանաշեն, Սարգսաշեն, Թաղավարդ համայնքները կապահովվեն ոռոգման ջրով։ Կուսումնասիրվի Բերդաշենի տարածաշրջանը, այնտեղ գտնվող պահուստային և համայնքային հողերը ոռոգելու համար։ ՙԱյս տարածքում ինքնահոս ջրերը բացակայում են« և արտեզյան ջրհորերի միջոցով պիտի հարցը լուծվի՚,-պարզաբանել է մեր զրուցակիցը։
Մարտունու շրջանում ագրարային մեծ ներուժ կա՝ հայտարարել էր նախագահ Ա. Հարությունյանը։ Այդ հեռանկարը լրիվ իրագործելի են համարում Մարտունիում։ Որքան էլ տարօրինակ թվա, հիմնականում գյուղամերձ տարածքներն են, որ չեն մշակվում, հենց այնտեղ են բացակայում ջրային ռեսուրսները« և խնդիր է դրված ջուրը հասցնել այնտեղ։ Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած ջրագծերը, որոնք այս 30 տարիների ընթացքում արդյունավետ կերպով չեն շահագործվել, մաքրելու խնդիր կա։ Իսկ դա ծախսեր և մասնագետներ պահանջող գործընթաց է։
Մարտունու շրջանում պահուստային հողերը հիմնականում վարձակալության են տրված, չօգտագործվող տարածքները կազմում են մոտ 3000 հա։
ՙՄարտունին տաք տարածաշրջան է, առանց ջրի այստեղ անհնար կլինի գյուղատնտեսություն զարգացնել։ Եթե տեղումներ չեն լինում՝ գործը դժվարանում է։ Ոռոգման համակարգի զարգացմամբ շատ նպատակահարմար են այդ տարածքները այգիների, հատկապես՝ նռան համար։ Հողօգտագործողներն էլ դա հասկանում են« և պատահական չէ, որ պտղատու այգիների մասով հայտերը շատ են՚,-ասել է Ռ. Վանյանը։ Մոտ 400 հա-ի համար պտղատու այգիների հիմնման հայտ կա բաժնում, պետական աջակցությունը հիմնականում կաթիլային ոռոգման համար է հատկացվում։ Գարնանացան և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսն էլ տարեցտարի ավելացվում է։ Կերային կուլտուրաների՝ կորնգան, առվույտ, մշակությունն էլ փորձելու են խթանել՝ անասնաբուծության զարգացման ծրագրերին զուգընթաց։ Նախորդ տարիներին այդ ծրագրից օգտված քաղաքացիները կրկին ծրագրից օգտվելու հայտ են ներկայացրել։ ՙԿերային մշակաբույսերի շուկան Արցախում ազատ է և կարելի է ասել՝ ավելի ձեռնտու բիզնես է, քան ցորենը,- նկատեց գյուղբաժնի պետը։- Զարմանալի կլինի, եթե մեր հողագործները չօգտագործեն այդ հնարավորությունը՚։