[ARM]     [RUS]     [ENG]

ՍՊԱՌՈՂԻՆ ՄՈԼՈՐԵՑՆԵԼԸ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Է

Լաուրա Գրիգորյան

 Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանը։ 

Նիստի օրակարգը բավականին հագեցած էր։ Քննարկված հարցերից առաջին երկուսը վերաբերում էին ՙԼԵՎԵԼԷՆԵՐՋԻ՚ ՍՊԸ ՙԼՈՒՍԻՆ՚ փոքր հիդրոէլեկտրակայանին էլեկտրական էներգիայի արտադրական լիցենզիա տրամադրելուն, ինչպես նաև՝ նույն փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելուն։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովը փոփոխություններ կատարեց 2019թ. 25-Ա որոշման մեջ։ Որոշումներից մեկով ՙԼԵՎԵԼԷՆԵՐՋԻ՚ ՍՊԸ ՙԼՈՒՍԻՆ՚ փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց 23,536 ՀՀ դրամ կՎտ/ժամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 28,343 ՀՀ դրամ կՎտ/ժամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
Հանձնաժողովի՝ հանրային ծառայությունների կարգավորման վարչության կողմից մեկ փաթեթով քննարկման ներկայացվեցին ՙՈռոգման ջրի մատակարարման ծառայությունների մատուցման սակագների մշակման մեթոդաբանությունը հաստատելու մասին՚ և ՙԽմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների մշակման մեթոդաբանությունը հաստատելու մասին՚ հարցերը։ Արդյունքում Հանձնաժողովը փոփոխություններ կատարեց 2008թ. հ. 71 Ն և 2013թ. հ. 30 Ն որոշումների մեջ։
Օրակարգային հարցերի մեծ մասը ներկայացվեց ԱՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի՝ տնտեսական մրցակցության բաժնի կողմից։ Բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ իրենց կողմից ուսումնասիրություններ են իրականացվել միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության հնարավոր դեպքերի կապակցությամբ: Մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում 2020թ. օգոստոսի 6-ին 18 առևտրային օբյեկտներում իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ 8 տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացվող միրգ-բանջարեղենը ուղեկցվող գրությունների միջոցով ներկայացվում է որպես տեղական կամ նշվում է ապրանքների աշխարհագրական ծագման կոնկրետ վայրը, սակայն նշվածը հիմնավորող որևէ փաստաթուղթ առևտրային օբյեկտներում բացակայում է:
Այդ կապակցությամբ, հիմք ընդունելով ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հանձնաժողովը անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումների վերաբերյալ (ՙԱվագումյան Գևորգ՚ ԱՁ« ՙԱռստամյան Ջուլիետա՚ ԱՁ, ՙԳարաքյան Արսեն՚ ԱՁ, ՙԱվանեսյան Ալբերտ՚ ԱՁ, ՙՆիկողոսյան Նարե՚ ԱՁ, ՙԱղաբեկյան Արթուր՚ ԱՁ, ՙԳրիգորյան Քրիստինա՚ ԱՁ, ՙՀայրապետյան Իվան՚ ԱՁ) 8 անհատ ձեռնարկատերերի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։
Նշվեց, որ գործող իրավական կարգավորումներով արտադրված գյուղատնտեսական արտադրանքը անմիջական արտադրողին պատկանելու փաստի հիմնավորման համար հիմք է ընդունվում նաև տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից տրվող տեղեկանքը, որտեղ նշվում է մենատնտեսի գործունեության վայրը և արտադրվող գյուղմթերքը: Արտադրանք իրացնողի մոտ իրացման պահին պետք է առկա լինի նշված փաստաթուղթը։
Վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը դիմել է վերոնշյալ տնտեսվարող սուբյեկտներին՝ հիմնավորելու նրանց կողմից դրսևորած վարքագիծը, ինչի արդյունքում միայն 2 ձեռնարկատեր ներկայացրել են ապրանքների աշխարհագրական ծագման վերաբերյալ համապատասխան համայնքի ղեկավարներից տրված տեղեկանքները, որոնք, սակայն, կազմվել են իրականացված դիտանցումներից հետո:
Այսինքն՝ բոլոր 8 անհատ ձեռնարկատերերն իրացվող գյուղմթերքը ներկայացրել են որպես տեղական՝ չունենալով հիմնավոր փաստաթուղթ, ինչը սպառողին հնարավորություն չի տալիս ստուգելու նշված տեղեկությունների արժանահավատությունը և ամբողջական պատկերացում կազմելու գովազդվող ապրանքների մասին, այսինքն՝ կարող է առաջացնել հասարակության մոլորեցում՝ ապրանքների աշխարհագրական ծագման վերաբերյալ:
Վարչական վարույթի շրջանակում սույն թվականի օգոստոսի 19-ին Հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ նշված դրսևորումների վերաբերյալ, որին հրավիրվել են մենատնտեսներ, միրգ-բանջարեղենի իրացման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման արդյունքում արձանագրվել է, որ միրգ-բանջարեղենի իրացման ոլորտում լինում են դեպքեր, երբ առևտրային օբյեկտներում այլ ապրանքներ ներկայացվում են որպես տեղական` դրանով իսկ մոլորեցնելով հասարակությանը և անհավասար մրցակցային պայմաններ ստեղծում շուկայում:
Նշված խախտումների արդյունքում վնաս է հասցվում գյուղմթերքի իրացման շղթայում գործող բոլոր սուբյեկտներին, նախ՝ տուժում է սպառողը, վնաս է հասցվում առևտրային օբյեկտների միջև մրցակցությանը, և տուժում են մենատնտեսները, քանի որ իրենց անվան ներքո կարող են իրացվել ոչ որակյալ ապրանքատեսակներ։
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Ըստ Ս. Գրիգորյանի՝ մոլորեցում է համարվում նաև ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման): Հասարակության մոլորեցում է համարվում նաև իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների նշումը կամ այնպիսի տեղեկությունների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ։
Նշվեց, որ ուսումնասիրությունների ընթացքում նշված 8 տնտեսվարող սուբյեկտներին իրազեկվել է գործող իրավական կարգավորումների մասին, որի արդյունքում բոլորը վերացրել են թերությունները:
ՙԱյս ուսումնասիրությունների ընթացքում մենք հնարավորինս փորձել ենք չծանրաբեռնել տնտեսվարող սուբյեկտներին, քանի որ խոսքը գյուղմթերքի իրացման մասին է, և այդ տեղեկանքը ունենալու պահանջն իրենց համար հավելյալ ծանրաբեռնվածություն չի առաջացնում, որովհետև այն մենատնտեսին տրվում է համայնքի ղեկավարի կողմից, իսկ մենատնտեսը դրա պատճենը կարող է տրամադրել առևտրային օբյեկտին՝ ապրանքները մատակարարելուն զուգահեռ։
Ուստի, հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները և այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատերերը տեղյակ չեն եղել հիմնավոր փաստաթղթեր ունենալու անհրաժեշտության մասին և ուսումնասիրության արդյունքում վերացրել են թերությունները« առաջարկում եմ նշված անհատ ձեռնարկատերերին համապատասխան որոշումներով նկարագրված գործողություններն ու վարքագիծը որակել որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում (այսուհետ` Օրենքի խախտում)՚,- ասաց Սերգեյ Գրիգորյանը:
Հանձնաժողովի որոշմամբ օրենքի խախտման համար նշված անհատ ձեռնարկատերերին տրվեց նախազգուշացում, ինչպես նաև հանձնարարվեց հետագայում բացառել օրենքի խախտումները։