[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾԱՐԱՐ ԱՐՑԱԽ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Պատերազմը մեծ վնաս է հասցրել ոչ միայն ռազմական, ռազմավարական օբյեկտներին, բնակելի տներին, այլև գործարար Արցախին` զրկելով երկիրը կայուն, զարգացող տնտեսությունից: Թեև զինադադարից հետո երկիրը շատ ծանր հետևանքներով լի իրականության մեջ հայտնվեց, այնուամենայնիվ« կյանքը շարունակվում է, և պետք է երկրի զարգացման գործընթացը վերականգնման փուլ մտնի:

Ինչպե՞ս են վերապրել պատերազմական օրերը ՙՄետաքսկոմբինատ՚ ՍՊԸ-ի շենքում տեղակայված արտադրական օբյեկտները, ի՞նչ խնդիրների առջև են կանգնել և ստեղծված պայմաններում ինչպիսի՞ հեռանկարներ ունեն. վկայում են այդ արտադրամասերի ղեկավարության ներկայացուցիչները:
ՙՍանդերք՚ ՍՊԸ տնօրեն Կարեն Չիրկինը տեղեկացնում է, որ« չնայած պատերազմի առաջին օրերին աշխատողների մեծ մասը Հայաստան է մեկնել, ընկերությունը չի դադարեցրել իր գործունեությունը: Քաղաքում մնացած աշխատակիցների և նրանց միացած կամավորականների միասնական ջանքերով ընկերությունը շարունակում էր թողարկել Արցախի ՊԲ-ի համար անհրաժեշտ արտադրանք` անկողնային պարագաներ, քնապարկեր, մարտաբաճկոններ:
ՙՄետաքսկոմբինատ՚ ՍՊԸ-ի գլխավոր տեխնոլոգ Արմեն Խաչատրյանի խոսքով` ՙՍանդերք՚ ընկերությունը մասնակցում է ԱՀ ՊԲ մրցույթներին` իրականացնելով բանակի պատվերները: Մինչև պատերազմ, վկայում է Ա. Խաչատրյանը, ընկերությունը մտադիր էր նոր նախագիծ իրականացնել, ինչի համար ուսումնասիրվել է շուկան` պարզելու, թե ինչ կարելի է արտադրել: Սակայն պատերազմը խանգարեց: Անշուշտ, այսօր ընկերությունը բազում խնդիրների առջև է կանգնել: Նախ` պատվերների քանակն այս պահի դրությամբ անորոշ է, շեշտում է մասնագետը: Բացի դրանից, հումքն ընկերությունը ստանում էր արտերկրից: ՙՕրինակ, վերջին անգամ ստացել ենք Ուզբեկստանից,- տեղեկացնում է Ա. Խաչատրյանը: -Ի՞նչ ճանապարհով պետք է գա հասնի հումքը: Անորոշ իրավիճակից բեռնատարների վարորդները հրաժարվում են գալ՚:
Նա մատնանշեց մեկ այլ հարց ևս. ՙՄենք մշտապես մասնագետներ ենք պատրաստում: Այսինքն, լավ դերձակ պատրաստելու համար ընկերությունը որոշակի գումար և ժամանակ է ծախսում: Եվ անցած տարիների ընթացքում հաջողվել է լավ վարպետներ շատ ունենալ: Պատերազմից հետո նրանց մի մասը Հայաստանից այդպես էլ չի վերադարձել, մյուսն էլ` այլ աշխատանքի է անցել: Մի խոսքով` և՜ պատվերների, և՜ աշխատողների խնդիր ունենք: Անշուշտ, նոր աշխատողներ ընդունում ենք, բայց նրանք իրենց հմտությամբ զիջում են մեր վարպետներին՚:
Հումքի մեծ ծավալ է ստացել ընկերությունը, և ստացած այդ հումքով հնարավոր է գրեթե մեկ տարի աշխատել, սակայն... ՙՊատվերների ծավալները պարզ չեն: Արդյո՞ք կունենանք այնքան պատվերներ, որ ողջ այդ հումքն օգտագործենք ու եկամուտ ստանանք, որպեսզի ընկերությունն իր գործունեությունը կարողանա հաջողությամբ շարունակել՚,- մտահոգությամբ ասում է մասնագետը:
Ա. Խաչատրյանի հավաստմամբ` ՙՄետաքսկոմբինատ՚ ՍՊԸ-ի ղեկավարության գործառույթներից է աջակցել իր տարածքում գործող արտադրամասերին: Այսօր էլ է ընկերությունը շարունակում իր այդ գործառույթը« և, կարելի է ասել՝ հաջողությամբ, քանի որ կոմբինատի տարածքում գործող բոլոր արտադրամասերն այս պահի դրությամբ ունեն աշխատանք:
Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա ՙՄետաքսկոմբինատ՚ ՍՊԸ-ի գլխավոր տեխնոլոգի հավաստմամբ, դա կախված է այն բանից, թե պետությունն ընկերության առջև ինչ խնդիրներ ու նպատակներ կդնի և ինչ չափով կաջակցի դրանց իրականացմանը:
Ի տարբերություն ՙՍանդերք՚ ՍՊԸ-ի` ՙՂարաբաղ Կարպետ՚ ՍՊԸ-ն պատերազմի օրերին կասեցրեց իր գործունեությունը, քանի որ բոլոր աշխատողները տեղափոխվեցին Հայաստան: Եղած արտադրանքի ողջ քանակն էլ տեղափոխեց Երևան: Եվ, համաձայն ընկերության ղեկավարության որոշման, գորգերի ողջ տեսականին վաճառքի հանվեց 30% զեղչով: ՙՂարաբաղ Կարպետ՚ ՍՊԸ-ի արտադրամասի պետ Հասմիկ Մխիթարյանի հավաստմամբ, գորգերի ցուցահանդես-վաճառքը, որն անցնում է Երևանի ՙՏաշիր՚ կենտրոնի 4-րդ հարկում, բավականին հաջող է ընթացել« և այժմ, թեկուզ դանդաղ տեմպով, շարունակվում է գործընթացը: Նա տեղեկացրեց, որ մեծ թվով գորգեր են վաճառվել: Ստացված գումարը, համաձայն ընկերության ղեկավարության, կուղղվի աշխատողների հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատավարձերի վճարմանը:


ՙՂարաբաղ Կարպետ՚ ՍՊԸ-ն իր աշխատանքը վերսկսել է դեկտեմբերի 1-ին, վկայում է Հ. Մխիթարյանը, և կշարունակի իր գործունեությունն այնքան ժամանակ, մինչև կիսատ մնացած բոլոր գորգերն ավարտվեն: Այս պահի դրությամբ, արտադրամասում աշխատում են թե՜ Ստեփանակերտի և թե՜ Շուշիի մասնաճյուղի գորգագործները:
Ինչպիսի՞ն կլինի 2021 թվականը ընկերության համար. այս պահի դրությամբ ղեկավարությունը պատասխան չունի: Եթե պետությունն իր աջակցությունը շարունակի ցուցաբերել, ինչպես դա եղել է նախկինում, ապա ընկերությունը հնարավորություն կունենա գործունեությունը շարունակել: Հակառակ դեպքում՝ ստեղծված պայմաններում հարկադրված կլինեն դադարեցնել Արցախում գորգագործությամբ զբաղվող միակ արտադրամասի գործունեությունը: