ՙՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ, ԱՅԼ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԳՈՐԾԸ՚
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
ՙՄետաքսկոմբինատ՚ ՍՊԸ շենքի տարածքում գործում է նաև ՙԳրեյթ փարթներս՚ ՓԲԸ-ն, որը զբաղվում է կարի արտադրությամբ: Ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Մելքումյանի տեղեկացմամբ, ընկերությունը 5 տարուց ավելի պատմություն ունի: Մինչև պատերազմը համագործակցում էր աշխարհի հայտնի բրենդային ընկերությունների հետ: Կարի գործարանում աշխատում էր մոտ 300 մարդ: Դերձակների միջին աշխատավարձը կազմում էր 70-75 հազար դրամ, իսկ լավագույնները ստանում էին 120-130 հազար: Բացի աշխատավարձից, ընկերությունը հոգում էր նաև աշխատողների տրանսպորտային և սննդի ծախսերը. օրը մեկ անգամ ճաշ էր տալիս: Անշուշտ, նշում է նա, բրիգադավարների, տեխնոլոգների և այլ մտավոր ու ղեկավար աշխատողների աշխատավարձը ավելի բարձր է:
ՙԳրեյթ փարթներս՚-ը զբաղվում է բաճկոնների արտադրությամբ: ՙԹողարկում էինք շատ որակյալ արտադրանք,- ընդգծում է տնօրենը:- Այո, այն չէր վաճառվում ո՜չ Ստեփանակերտում, ո՜չ էլ Հայաստանում: Ամբողջ խմբաքանակն ուղարկվում էր Իտալիա: Ցավոք, պատերազմից հետո բոլոր գործարքները նշված ընկերությունների հետ չեղյալ համարվեցին,- ափսոսանքով ասում է տնօրենը:- Այժմ ընկերությունը, որպեսզի գործարանը չփակվի, աշխատողներն էլ չզրկվեն իրենց աշխատատեղերից, ստիպված է համագործակցել Հայաստանում գործող ընկերությունների հետ՚:
ՙԳրեյթ փարթներս՚ ընկերությունը պատերազմից հետո վերսկսեց իր գործունեությունը դեկտեմբերի 1-ից: 300 աշխատողներից մոտ 150 մարդ դուրս եկավ աշխատանքի:
Հետպատերազմական իրավիճակում, տեղեկացնում է Ս. Մելքումյանը, ընկերությունը փորձում է գտնել նոր շուկա թե՜ Արցախում և թե՜ Հայաստանում: Այնուամենայնիվ, շեշտում է նա, ջանքեր կգործադրվեն նորից դուրս գալ արտասահմանյան շուկա` թեկուզ աշխատելով տեղական հումքով: ՙԿձգտենք բարձր պահել նաև այսօր թողարկվող արտադրանքի որակը՚,-ընդգծում է տնօրենը: Մոտ ապագայում ընկերությունը կփորձի դուրս գալ Ռուսաստանի շուկա` այնտեղ գտնել սպառողներ: ՙՄեր խնդիրը 5 կամ 10 հազար բաճկոն կարելը չէ: Գործարանն ամսական 4500 բաճկոն էր կարում, տարեկան` 50000-ից ավելի, և ամբողջը սպառվում էր,- վկայում է նա:- Այսօր մեր նպատակն է պահել մեր բոլոր աշխատակիցներին, որպեսզի նրանք եկամուտ ունենան` ընտանիքի կարիքները հոգալու: Հասկանում ենք, թե ինչ ծանր վիճակում են նրանք՚:
Ընկերությունը ստիպված է այս պահին հումքը գնել Հայաստանից, ինչը բավականին թանկ է: Հայաստանում չկա տեքստիլ արտադրանք« և բոլոր տեսակները ներմուծվում են: Հետևաբար, ընկերությունը ստիպված է երկրորդ, երրորդ ձեռքից հումք գնել: ՙՄինչև պատերազմը մենք ընդհանրապես հումքի ձեռքբերման հարցով չէինք զբաղվում,- վկայում է Ս. Մելքումյանը:- Հումքը ներմուծում էր բաճկոններ պատվիրող կազմակերպությունը: Իսկ հիմա հարկադրված ենք գնել, այն էլ` թանկ: Առանց աջակցության շատ դժվար կլինի՚: Ոչ, պետության աջակցությանն ընկերությունը չի դիմի, հստակ ասում է Ս. Մելքումյանը, քանի որ երկիրը ևս ծանր վիճակում է: ՙԻնքս սեպտեմբերի 28-ին կամավորագրվել եմ, Ջեբրայիլի մարտերից ենք սկսել, շատ զոհեր ու վիրավորներ ենք ունեցել, գիտեմ, թե ինչքան ծանր սոցիալական իրավիճակ է տիրում երկրում: Չեմ ուզում, որ այս ծանր վիճակում ընկերությունն իր խնդիրներով ավելորդ բեռ հանդիսանա: Փորձում ենք մեր ուժերի չափով թեթևացնել պետության հոգսերը, տարբեր աղբյուրների միջոցով, տարբեր հիմնադրամների, բարերարների, ինչու չէ, նախկին մեր գործընկերների օգնությամբ լուծել առաջացած խնդիրները: Իմիջիայլոց, այդ գործընկերներն անշահույթ արդեն իսկ օգնում են մեզ, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել՚:
ՙԿՓՈՐՁԵՆՔ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՆՈՐ ՇՈՒԿԱՆԵՐ՚
ՙՄետաքսկոմբինատ՚-ում գործող ՙԳև գրուպ՚ ՍՊՆ-ն հիմնադրվել է 2012 թվականին` ԱՀ ՊՆ կարիքների ապահովման նպատակով, տեղեկացնում է ընկերության տնօրեն Վահե Իսրայելյանը: Սկզբում արտադրամասը թողարկում էր ներքնազգեստ, հետագայում` նաև անկողնային պարագաներ, քնապարկեր ոչ միայն ՊՆ-ի, այլև պետական այլ կառույցների` ոստիկանության, ազգային անվտանգության համար: Անցած տարվանից սկսեց արտադրել նաև զինվորական ամառային և ձմեռային համազգեստ: Արտադրամասի հնարավորությունները թույլ են տալիս ունենալ 80-90 աշխատող, վկայում է տնօրենը, բայց խնդիրը կապված է պատվերների ծավալներից: Մինչև պատերազմը արտադրամասում աշխատում էր 55 մարդ: Նոր շուկաներ դուրս գալու դեպքում հնարավոր կլինի ավելացնել աշխատատեղերը:
Պատերազմի պատճառով արտադրամասը ժամանակավոր դադարեցրել է իր աշխատանքը, քանի որ աշխատակիցների մեծ մասը կանայք են, որոնք տարհանվել են Հայաստան: ՙԹեկուզ արտադրամասը չէր աշխատում,- վերհիշում է տնօրենը,- պահեստավորած արտադրանքն այնքան շատ էր, որ պատերազմի ողջ ընթացքում ապրանք էինք դուրս գրում բանակի համար՚:
Ընկերությունն իր գործունեությունը վերսկսել է դեկտեմբերի 1-ին` աշխատողների 58-80 տոկոս առկայությամբ: Մյուսների բացակայությունը պայմանավորված է պատերազմից առաջացած հանգամանքներով, մոտ ապագայում նրանք էլ կվերադառնան, վստահեցնում է տնօրենը և հավելում, որ աշխատանքի են ընդունվում նաև նոր մարդիկ:
Պատերազմից հետո ընկերությունն ավելի անորոշ իրավիճակում է հայտնվել, ինչը կապված է ՊՆ-ի պատվերների ծավալների նվազման հետ: Գործարանը մտադրություն ունի այլ շուկաներ դուրս գալ: ՙՊետք է քննարկենք, թե հագուստի ինչ տեսակներ կարող է արագ սպառվել, մշակել այն, հոսքի դնել և պատրաստ արտադրանքով շուկա դուրս գալ,- ասում է տնօրենը:- Կարծում եմ, տրիկոտաժ տեքստիլից արտադրանքով դժվար թե կարողանանք մրցել Հայաստանի շուկայում, քանի որ այնտեղ վաղուց կայուն դիրքերում է ՙԱլեքս տեքստիլ՚ ընկերությունն իր բարձրորակ արտադրանքով: Բայց ինչ-որ քայլեր, այնուամենայնիվ, կանենք: Աանկողնային պարագաների պատվերների գծով այսօր կարող ենք Ռուսաստանում տեղի ունեցող տենդերներին մասնակցել: Բայց դա էլ է հարցեր առաջացնում. ինչպե՞ս մեծ ծավալների արտադրանքը տարհանել մեր երկրում ստեղծված իրավիճակի պարագայում՚: Մի խոսքով, վկայում է նա, խնդիրները շատ են` կապված արտադրանքի գործընթացի պլանավորման, իրացման, նոր տեսականու թողարկման, աշխատատեղերի բացման հետ: ՙԲախվում ենք նաև մի այլ խնդրի` արցախցի կնոջ հոգեբանության հետ. դերձակի մասնագիտությունը համարում է ոչ հրապուրիչ,- ափսոսանքով նշում է տնօրենը:- Ունենք նաև նոր աշխատողներ, որոնք վարպետանալու փուլ պետք է անցնեն: Մարդիկ չեն ընկալում, որ քաղաքում աշխատատեղերի մեծ դեֆիցիտ կա, իսկ մենք աշխատանք ենք առաջարկում, սկզբում թեկուզ քիչ, բայց հետագայում` ավելի մեծ աշխատավարձով: Երկիրը մեծ փորձությունների մեջ է: Պետք է դա ընկալվի բոլորի կողմից՚: