ՙՊԵՏՔ Է ՈՒԺ ԳՏՆԵԼ՝ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ՚
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ասկերանի շրջանում գործող ՙԽաչենշին՚ փակ բաժնետիրական ընկերությունը, որ ստեղծվել է 2018թ. հունվարին, բավականին լայն ու տարաբնույթ գործառույթներ ունի։ Չնայած գոյության ոչ մեծ ժամանակահատվածին, ընկերությունը կարողացել է շահել շրջանի բնակչության վստահությունը՝ դառնալով հուսալի գործընկեր, որակյալ ծառայություններ մատուցող ու սպասարկող։ ՙԽաչենշին՚ ՓԲԸ-ում են ընդգրկված ՙԱսկերանի կոմունալ տնտեսություն՚ ընկերությունը, ՙՋրային տնտեսություն՚ ՓԲԸ Ասկերանի տեղամասը, ՙԱրցախուղի՚ ՓԲ ընկերության մեկ ճանապարհային բրիգադ, ինչպես նաև՝ ՙՋրահեռացում և ջրամատակարարում՚ ՓԲԸ-ի Ասկերանի տեղամասը, որի սպասարկման ոլորտում մինչև արցախյան վերջին պատերազմն ընդգրկված էր շրջանի 24 համայնք։
Զանազան մասնագիտություններ ընդգրկող հիմնարկը զբաղվում է սանմաքրման և կանաչապատման, աղբահանման, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրերի մատակարարման ծառայությունների մատուցմամբ։ Ընկերության տնօրեն Արմեն Բախշիյանի հավաստմամբ՝ ստեղծման առաջին իսկ օրից նշված բոլոր ուղղություններով աշխատանքները մշտապես եղել են ուշադրության կենտրոնում և իրականացվել են բարեխղճորեն։ Արդյոք դժվար չէ՞ ղեկավարել բազմաթիվ գործառույթներ իրականացնող (բազմաֆունկցիոնալ) հիմնարկը՝ Ա. Բախշիյանն ասաց. ՙԴժվար չէ, քանի որ աշխատողների մեծ մասն արհեստավարժ է, յուրաքանչյուրն իր ոլորտում աշխատելու բավականին փորձ ունի։ Նման մարդկանց հետ հեշտ է լուծել ցանկացած բնույթի խնդիր։ Ընկերության յուրաքանչյուր աշխատող ձգտում է բարձր պատասխանատվությամբ կատարել իր առջև դրված խնդիրը՚։
44 օր տևած պատերազմի ժամանակ էլ ՙԽաչենշինը՚ չդադարեցրեց ծառայությունների մատուցումը, հատկապես՝ ջրամատակարարումն ու սանմաքրումը։ Պատերազմի առաջին իսկ օրերից աշխատողների մի մասը« տնօրենի գլխավորությամբ, որպես կամավորականներ մեկնեցին առաջնագիծ, ոմանք« ներգրավվելով պահեստազորի կազմում« սպասում էին իրենց հերթին, իսկ փոքր-ինչ տարեց տղամարդիկ ու կանայք մասնակցեցին թիկունքում իրականացվող աշխատանքներին, այդ թվում՝ մարդասիրական օգնությունների բեռնաթափմանն ու պահեստավորմանը։ Պատերազմի ծանր օրերին ընկերությանը պատկանող շինարարական տեխնիկան օգտագործվել է շրջանի բնակչության և պաշտպանության համար իրականացվող աշխատանքներում (շրջվարչակազմի ղեկավարության անմիջական վերահսկողությամբ և աջակցությամբ)։
Ա. Բախշիյանի խոսքով՝ անգամ թեժ մարտական գործողությունների ժամանակ էլ չեն դադարեցվել Ասկերան շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի սանմաքրման աշխատանքները, ինչը մարդկանց մոտ հույս ու հավատ է ներշնչել ապրելու, կյանքը շարունակելու առումով։
Ա. Բախշիյանը ցավով նշեց, որ պատերազմի հետևանքով շրջանի ութ համայնք գտնվում է թշնամու վերահսկողության տակ, ինչի պատճառով ոմանք մնացել են առանց աշխատանքի։ Նաև անդառնալի կորուստներ, վիրավորներ ունեցան։ ՙՊատերազմից հետո, բնականաբար, խնդիրներ են առաջանում բոլոր ոլորտներում։ Բոլորիս հուզում է տեղահանված մեր հայրենակիցների ապագան, և մեզնից յուրաքանչյուրը փորձում է աջակից լինել նրանց։ Դժվար է հաշտվել թե՜ մարդկային և թե՜ նյութական կորուստների հետ։ Բայց մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ ոտքի կանգնելու և առաջ գնալու համար։ Մենք պայքարող, արարող ժողովուրդ ենք« և հուսով եմ՝ կկարողանանք արագորեն դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից՚,- ասաց Ա. Բախշիյանը։
Ներկայում ՙԽաչենշին՚-ը բնականոն հունով շարունակում է իր գործունեությունը։ Անելիքներ ունեն ջրամատակարարման համակարգում, որտեղ առկա խնդիրները հիմնականում երաշտով են պայմանավորված։ Մասնավորապես՝ Խնապատ համայնքում բնակչությունը խմելու ջուրն ստանում է մեխանիկական եղանակով։ Այսօրվա դրությամբ աշխատանքներ են տարվում Ասկերան-Խրամորթ-Փառուխ 9 կմ ճանապարհի կառուցման ուղղությամբ, որտեղ ընդգրկված է մեծ քանակությամբ շինարարական տեխնիկա։
ՙԸնկերության անելիքները շատ են։ Համոզված եմ՝ դրանք կշարունակենք իրականացնել պատասխանատվությամբ և միահամուռ ջանքերով՚,- ասաց Արմեն Բախշիյանը։
;