ԲՅՈՒՋԵ-2021. ԻՆՉՊԵՍ և ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ, ԱՅՆ ԸՆԴԳԾՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Հունվարի 13-ին ՙԱրցախի հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին՚ ԱՀ օրենքի նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին:
Նիստը վարող` ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի առաջարկությամբ ներկաները նիստը սկսեցին մեկ րոպե լռությամբ` հարգելով Արցախյան երրորդ պատերազմում նահատակվածների հիշատակը:
Պատերազմական իրավիճակով պայմանավորված, առաջին անգամ երկար տարիների ընթացքում, խախտվել է Բյուջեի նախագծի՝ ԱԺ ներկայացման կանոնակարգը և այն խորհրդարան է ներկայացվել ուշացումով, ու կառավարությունը տարեկան գործունեությունը սկսել է առանց հաստատված բյուջե ունենալու:
Օրինագիծը ներկայացվեց ԱՀ պետնախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի կողմից: Նրա խոսքով, նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով և՜ 2020 թվականի գարնանը մեզ հասած պանդեմիայի, և՜ սեպտեմբերյան պատերազմի հետևանքները: Նախքան եկամուտները ներկայացնելը, Գ. Մարտիրոսյանն անդրադարձավ անցյալ տարվա մակրոտնտեսական միջավայրին՝ տալով որոշ տնտեսական ցուցանիշների ընդհանուր պատկերը:
Այսպիսով, 2020 թվականի առաջին կիսամյակում, կորոնավիրուսով պայմանավորված, տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում է արձանագրվել, որի արդյունքում այդ ժամանակահատվածի համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 1,5 տոկոսով և կազմել 129,6 մլրդ դրամ: Արդյունաբերության մեջ անկումը կազմել է 3,7 տոկոս, շինարարության մեջ՝ 14 , գյուղատնտեսության և անտառային տնտեսության, ձկնորսության մեջ՝ 10,2 տոկոս:
ՙՍեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով տնտեսությանը երկրորդ հարվածն է հասցվել, ինչն ապահովել է սրընթաց անկում,- ասել է պետնախարարն իր ելույթում:- Ըստ կանխատեսումների, որոնք որոշ չափով կրում են պայմանական բնույթ, կունենանք 2020 հնա-ի շուրջ 15 տոկոս անկում՚:
2021 թվականի կանխատեսումներով համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի մոտ 224,5 մլրդ դրամ, անկումը կանխատեսվում է շուրջ 25 տոկոս: Այս կանխատեսումների համատեքստում 2021 թվականի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են՝ եկամուտների գծով՝ 81մլրդ 830,7 մլն դրամ, ծախսերը՝ 124 մլրդ 851,2 դրամ: Դեֆիցիտը կկազմի 43 մլրդ 20,5 մլն դրամ: Գ. Մարտիրոսյանը նշեց, որ սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ 2020 թվականի 56 մլրդ ցուցանիշի դիմաց: Այդ թվում, հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 17 մլրդ դրամ: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցոթյունը կկազմի 7,6 տոկոս:
Բյուջետային վարկի չափը 2021 թվականին կկազմվի 64 մլրդ 780,7 մլն դրամ` 2020 թվականի ճշտված ցուցանիշի համեմատ նվազելով 9 մլրդ 260,6 մլն դրամով: 2021 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամի չափով, որը պակաս է անցյալ տարվա ցուցանիշից 7,8 տոկոսով: ՀՆԱ-ի ծախսերի մակարդակը կկազմի 55,6 տոկոս՝ անցյալ տարվա 46, 2 տոկոսի դիմաց: Պետնախարարը ներկայացրեց հիմնական ծախսային գերակայությունները, ըստ որոնց` գյուղատնտեսությանը նախատեսվում է հատկացնել 5 մլրդ 91 մլն դրամ, տնտեսական զարգացման ծրագրերի համար՝ 618,3 մլն դրամ: ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար էլեկտրաէներգիայի, գազի, կապի ծառայությունների սուբսիդավորում ծրագրով նախատեսվում է հատկացնել 12 մլրդ դրամ: ԱՀ ներդրումային հիմնադրամին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կկազմի 4 մլրդ դրամ՝ պահապանելով նախորդ տարվա մակարդակը: 2021 թվականի պետբյուջեի նախագծով կապիտալ ներդրումների ծրագիրը նախատեսվել է 10 մլրդ դրամ, 2020 թվականի 25 մլրդ 207 մլն դրամի դիմաց: Հատկացված միջոցները հիմնականում ուղղվելու են ԱՀ տարածքում պատերազմական գործողությունների հետևանքների վերացմանը: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2021 թվականի պետբյուջեով նախատեսվում են 31 մլրդ 475 մլն դրամ. սա նախորդ տարվա ցուցանիշից ավել է 4 մլրդ 410 մլն դրամով: Բյուջեի կառուցվածքում սոցիալական ոլորտն ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտն է՝ 25,2 տոկոս տեսակարար կշռով: Սոցիալական ծրագրերի շրջանակներում, Գ. Մարտիրոսյանի խոսքով, կվերանայվեն ընտանիքներում ծնված առաջին և երկրորդ երեխաներին տրվող նպաստների չափերը, դրանք սահմանելով 300 հազ. դրամ: Զինվորական և փրկարարական ծառայության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ու փրկարարների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցում ծրագրով 2021 թվականին նախատեսվում է 1 մլրդ 750 մլն դրամ: 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված ընտանիքներին բնակարան վարձելու նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար նախատեսվել է 360 մլն դրամ: Առողջապահության ոլորտի համար նախատեսվում է հատկացնել 8 մլրդ 750 մլն դրամ, որը գերազանցում է 2020 թվականի պլանավորած ցուցանիշը 17,5 տոկոսով: Ծախսերի ավելացումը պայմանավորված է անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացմամբ, անպտղության բուժման նպատակով 150 զույգի համար գումարների նախատեսմամբ, որոշ հիվանդություններով տառապող քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնությունների գումարի ավելացմամբ, իմունոգլոբոլինի ու հակաուռուցքային դեղամիջոցների լրացուցիչ ձեռքբերումներով: Կրթության ոլորտի համար 2021 թվականի պետբյուջեի նախագծով ծախսերը կազմում են 14 մլրդ 728 մլն դրամ. այն 2020 թվականի ցուցանիշից պակաս է 9,9 տոկոսով: Կրճատվել են նաև Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնված 116 դպրոցների պահպանման ծախսերը: 2 մլրդ 243 մլն դրամ մշակույթի ոլորտին կուղղվի, 10 մլն դրամ կհատկացվի երիտասարդական ծրագրերի իրականացմանը: Տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ Գ. Մարտիրոսյանը նշեց, որ 2021 թվականի համայնքների բյուջեների սեփական եկամուտները պլանավորվել են 986,4 մլն դրամի չափով: Համայնքների բյուջեների ընդհանուր ծախսերը կազմում են 3 մլրդ 879 մլն դրամ: Ընթացիկ տարում համայնքների բյուջեներով նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 892 մլն դրամի չափով դոտացիա, որը կապահովի համայնքների բյուջեների ծախսերի մոտ 75 տոկոսը: ՙ2021 թվականի բյուջեն ընդգծված սոցիալական ուղղվածություն ունի՝ պայմանավորված պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ՚,-ասել է Գ. Մարտիրոսյանը, հավելելով, որ օբյեկտիվ պատճառներով 2021 պետական բյուջեի նախագիծը մանրամասն չի քննարկվել կառավարությունում և կրում է սխեմատիկ բնույթ: Հաշվի առնելով այդ ամենը, պետնախարարն ակնկալում է, որ ԱԺ քննարկումների շրջանակներում և Բյուջեի նախագիծը հաստատելուց հետո նաև օրենքում կատարվող որոշակի փոփոխությունների և վերաբաշխումների անհրաժեշտության առաջացմանը ըմբռնումով կմոտենան: