[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՙԱՀ ՊԵՏԲՅՈՒՋԵ-2021՚-Ի ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հունվարի 14-ին ԱՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ խորհրդարանի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Այն վարում էին նշված հանձնաժողովների նախագահներ Վահրամ Բալայանը և Արթուր Հարությունյանը։ 

Օրակարգում ՙԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին՚ ԱՀ օրենքի նախագծում նախատեսված ԱՀ արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցն էր։
Համատեղ նիստին մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը։
ԱՀ արտաքին գործերի նախարարության 2021 թվականի պահպանման ծախսերի նախագծով նախատեսված է 838 մլն 561 հազար դրամ։ ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ գերատեսչության պահպանման ծախսերն ընթացիկ տարվա համար մնացել են նույնը՝ բացառությամբ մի քանի հոդվածների։ Տարբերությունը կազմել է 35 մլն 306 հազար 508 դրամ, որոնց թվում ՙԱշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ՚ հոդվածի ավելացումը կազմել է 1 մլն 265 հազար 400 դրամ՝ պայմանավորված պաշտոնական աշխատավարձի դրույքաչափի բնական աճով։ ՙԱյլ ծախսեր՚ հոդվածն ավելացել է 34 մլն 841 հազար 100 դրամով՝ համաձայն պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի։ Ներկայացուցչական ծախսերը նվազել են 800 հազար դրամով։ Օտարերկրյա պետություններում ԱՀ մշտական ներկայացուցչությունների 2021թ. պահպանման ծախսերի համար նախատեսված է 572 մլն 249 հազար 400 դրամ, որը կազմում է գերատեսչության պահպանման ընդհանուր ծախսերի 68 տոկոսը։
Պատկերն ավելի հստակ դարձնելու համար ԱՀ արտգործնախարարը հանգամանալից ներկայացրեց տարբեր երկրներում ԱՀ արտգործնախարարության ներկայացուցչությունների ծախսերը։ ՙՄենք պետք է ամեն ինչ անենք ստեղծված ներկա իրավիճակում այդ գումարներն ավելի արդյունավետ օգտագործելու համար՚,- ասաց արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Զբոսաշրջության ոլորտի զարգացման համար 2021թ. պետբյուջեով նախատեսված է 10 մլն դրամ՝ 2020-ի 28 մլն դրամի փոխարեն։ Ներկայացնելով բյուջեով նախատեսված միջոցառումների ցանկը՝ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն ասաց, որ չնայած սուղ միջոցներին, այնուամենայնիվ, կփորձեն հնարավորինս վերականգնել պատերազմի հետևանքով տուժած ոլորտը՝ իրականացնելով իրավիճակից բխող նոր ծրագրեր։
ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության 2021թ. պահպանման ծախսերում էական փոփոխություններ չեն կատարվել։ Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանի տեղեկատվությամբ՝ 2021թ. բյուջեով խորհրդին հատկացվող գումարը կկազմի 31 մլն 286 հազար դրամ։ Ընդ որում՝ ընթացիկ ծախսերը կկազմեն 31 մլն 86 հազար դրամ, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը՝ 200 հազար դրամ։ Նախորդ տարվա համեմատ՝ ընթացիկ տարվա բյուջեն կնվազի 260 հազար 500 դրամով։
Պետական բյուջեով ֆինանսավորվող հանրային հեռուստառադիոընկերության հեռուստատեսային և ռադիոծառայությունների ծրագրի շրջանակում՝ ծառայությունների անմիջական մատուցմամբ հանդես եկող ՙԱրցախի հանրային հեռուստառադիոընկերություն՚ ՓԲԸ բյուջեն 2021 թվականին կմնա անփոփոխ և կկազմի 359 մլն 262 հազար դրամ։
2021-ի բյուջեով փոփոխություններ չեն եղել նաև ՙԱզատ Արցախ՚ թերթի պահպանման ծախսերի առումով։ Իր ելույթում թերթի գործադիր տնօրեն, գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանը նշեց, որ դեռևս անցած տարում՝ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, նա ներկայացրել էր լրատվամիջոցի զարգացմանն ու հանրայնացմանը նպաստող, ժամանակի պահանջներին համահունչ ծրագիր, որով մասնավորապես նախատեսվում էր գործող թերթի հիմքի վրա ստեղծել գործակալություն։ Հանգամանքների բերումով՝ ծրագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց... Ներկայում լրատվամիջոցի պատասխանատուին հուզող և ամենացավոտ հարցը բաժանորդագրությունն է, որով զբաղվում է հիմնականում ՙՄեդիամոստ՚ ընկերությունը։
Ելույթ ունեցողները նաև պատասխանեցին պատգամավորների բազմաթիվ հարցերին։ Որոշ հարցերի առնչությամբ պարզաբանումներ տվեց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։