[ARM]     [RUS]     [ENG]

2021թ. ԱՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Շարունակվում են 2021թ. պետական բյուջեի քննարկումները, և, ըստ հաստատված ժամանակացույցի` հունվարի 19-ին հրավիրվել է ԱԺ պետաիրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին նշյալ հանձնաժողովների նախագահներ Սևակ Աղաջանյանը և Արթուր Հայրապետյանը։ Օրակարգում ՙԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծի պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցերի քննարկումներն էին։ 

Զեկույցներով հանդես եկան Ստեփանակերտի քաղաքապետն ու Ասկերանի, Մարտունու շրջվարչակազմերի ղեկավարները։ Ստեփանակերտի քաղաքապետ Դ. Սարգսյանը, ներկայացնելով քաղաքապետարանի 2021թ. բյուջեով կանխատեսվող ծախսերը, նշեց, որ եկամուտների մասով գումարը կազմում է 1մլրդ 950մլն 441 հազար դրամ, ծախսերինը՝ 1մլրդ 951մլն 744 հազար դրամ, իսկ դեֆիցիտը կազմում է 1մլն 263 հազար դրամ։ Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում համայնքի տարեկան բյուջեի ազատ մնացորդը։ Դ. Սարգսյանը հավելեց, որ 2021թ. համայնքի բյուջեն նախորդ տարվա համեմատ չի փոփոխվել։ Եկամուտների կանխատեսմամբ 2021թ. հարկային եկամուտները և տուրքերը կկազմեն 486մլն դրամ, ընդ որում տեղական տուրքերը՝ 73մլն։ Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը 2020թ. նախատեսված էր 20 մլն դրամ։ Այլ եկամուտները կազմում են 53մլն 900 հազար դրամ։ Ստեփանակերտի 2021թ. բյուջեի նախագծով ծախսերը կլինեն 1մլրդ 951մլն 744 հազար դրամ։ Քաղաքապետը ներկայացրեց նաև համայնքի շինարարության, շրջակա միջավայրի պաշտպանության, աղբահանման, կենսաբազմազանության և բնության պաշտպանության, կոմունալ ծառայությունների, փողոցների լուսավորվածության, մշակութային, կրթական ծրագրերի ոլորտներում նախատեսվող մյուս ծախսերը։ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մտահոգություն հայտնեց, որ արդյոք Ստեփանակերտ քաղաքին 2021թ. բյուջեով հատկացված և նախատեսվող ծախսերը կբավարարե՞ն վերացնել պատերազմի հետևանքները մեկ տարվա կտրվածքով։ Ըստ ԱԺ նախագահի` 2021թ. բյուջեն սխեմատիկ բնույթ ունի, այն նման է 90-ական թթ. բյուջեներին, այսինքն՝ ընդունված բյուջեն հետագայում փոփոխության կենթարկվի։ Նախատեսված գումարներով պետք է աշխատել, իսկ ընթացքում աստիճանաբար կլինեն լրափոփոխություններ ու գումարների հատկացումներ, որպեսզի Ստեփանակերտը լիարժեք վերականգնվի։ Պատգամավորները հետաքրքրվեցին ապաստարանների բարելավման, վերանորոգման, ճանապարհների բարեկարգման, երթևեկելի հատվածներում ավտոմեքենաների բեռնաթափման նպատակով նախատեսվող ծրագրերով։
Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Ս. Բարսեղյանն իր զեկույցում ներկայացրեց 2021թ. շրջանին նախատեսվող գումարները, որոնք ընդհանուր առմամբ կազմում են շուրջ 177մլն 494 հազար դրամ։ Նշյալ գումարի 87 տոկոսը կամ 154 մլն 355 հազար դրամը նախատեսված է աշխատավարձի ֆոնդի, իսկ 23մլն 139 հազարը կամ 13 տոկոսը` մյուս ծախսերի համար։ Անցած տարվա համեմատ Ասկերանի շրջվարչակազմի բյուջեն նույնպես մնացել է անփոփոխ, բացառությամբ 2մլն 101 հազար դրամ աճի, ինչը նախատեսված էր լրացուցիչ հաստիքի համար։ Ըստ շրջվարչակազմի ղեկավարի` ներկայացուցչական ծախսերն անցած տարվա համեմատ նվազել են. 5 մլնի փոխարեն նախատեսվել է 1,5 մլն դրամ։ Շրջանն ունի օկուպացված տարածքներ և դրանից բխող բազմաթիվ խնդիրներ՝ կապված տեղահանված բնակիչների, նրանց ժամանակավոր բնակարանների հատկացման և առնչվող այլ հարցերի հետ։
Նիստին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը հանդես չեկավ, որովհետև շրջանի բյուջեի հետ կապված դեռևս չճշտված հարցեր կան։ Իր հերթին Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Ա. Մելքումյանը շրջանի բյուջեի մասով աշխատանքները լիովին ավարտված չհամարեց, քանի որ այստեղ ևս պետք է հաշվի առնվեն օկուպացված համայնքների և դրանցից բխող մի շարք խնդիրների լուծման տարբերակները։ Ու, քանի որ Մարտունու շրջանի վարելահողերի շուրջ 50 տոկոսն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, ուստի շրջվարչակազմը նոր հաշվարկներով ու համապատասխան տվյալներով պետք է ներկայացնի եկամուտներն ու ծախսերը։ Դրան զուգահեռ կավելացվեն նաև դոտացիայի ծախսերը։ Վարչակազմի բյուջեի նախնական հաշվարկներով՝ ներկայացուցչական ծախսերը կրճատվել են 3,5 մլն դրամով, կկրճատվեն նաև որոշ հաստիքներ, իսկ կապիտալ ներդրումների մասով դեռևս չունեն հստակ բյուջետային ծրագրեր։
ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ այս տարվա բյուջեն, ունենալով սխեմատիկ բնույթ, 3-4 ամսից հետո հնարավոր է փոփոխվի։ ՙԵս և յուրաքանչյուր պատգամավոր պետք է կանգնենք գյուղական համայնքների ղեկավարների կողքին և հնարավորության սահմաններում սատարենք նրանց՝ օր առաջ պատերազմի հետևանքները վերացնելու համար։ Հավաստիացնում եմ, որ չի լինելու մի շրջան, որտեղ չեն վերանորոգվելու բնակարաններ, մինչ բյուջեի հաստատումն էլ նշված համայնքներում արդեն մեկնարկել է թեթև կոնստրուկցիաներով բնակարանների շինարարությունը։ Մենք պարտավոր ենք պահել Սահմանադրության պահանջը՝ շրջանների համաչափ զարգացումը։ Այդ նպատակով էլ պետք է բոլորս տեղում ծանոթանանք յուրաքանչյուր շրջանի խնդիրներին և աջակցենք՚,-վերջում հավելեց Ա. Թովմասյանը։