ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ, ԱԺ-Ի, ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 2021թ. ԲՅՈՒՋԵՆ
Զարինե Մայիլյան
Հունվարի 19-ի ԱԺ նիստի աշխատանքները շարունակվեցին օրվա երկրորդ կեսին։ Քննարկվեցին նախագահի աշխատակազմի, ԱԺ-ի, դատական մարմինների 2021թ. բյուջեով նախատեսած հատկացումները։
ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն իր զեկույցում ներկայացրեց նախագահի աշխատակազմի 2021թ. բյուջեի նախագիծը, որով նախատեսված է 642մլն 85 հազար դրամ. այն 2020թ. բյուջեի համեմատ աճել է 22մլն 855 հազար դրամով՝ պայմանավորված աշխատավարձի ֆոնդի բարձրացմամբ։ Մնացած ծախսերի առումով որևէ փոփոխություն չի եղել։ Աշխատավարձի ֆոնդի բարձրացումն էլ պայմանավորված է եղել դրույքաչափերի բնականոն աճով և որոշ հաստիքների ավելացմամբ։ Եթե նախորդ տարի եղել է 127, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ դարձել է 130 հաստիք։ Նախագահի աշխատակազմին նախատեսված 642մլն 85 հազար դրամի բյուջեում ներառված չեն նախագահի վերահսկողական ծառայության շուրջ 167մլն դրամի ծախսերը։ Աշխատավարձի ֆոնդին նախատեսվել է 536մլն 619 հազար դրամ, էներգետիկ ծախսերին՝ 30մլն 329 հազար, կապի՝ 13մլն 228 հազար, գործուղման ծախսերին՝ 12մլն դրամ և այլն։ Պատգամավորները ներկայացված բյուջեի մասով որոշակի ճշգրտումներ պահանջեցին։ Ըստ Ա. Բեգլարյանի` նահագահի վերահսկողական ծառայությունը տարեսկզբից է տեղափոխվել նախագահի աշխատակազմ՝ պայմանավորված պետական վերահսկողական ծառայության վերակազմակերպմամբ. այն դարձել է նախագահի վերահսկողական ծառայություն։ Նախագահի աշխատակազմին հատկացված բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 23 միլիոնով՝ պայմանավորված հաստիքների և դրույքաչափերի բնականոն աճով։ Ըստ Ա. Բեգլարյանի՝ խնայողությունների հաշվին 2020թ. ընթացքում փոփոխվել է հաստիքացուցակը, որն էլ արտացոլվել է 2021թ. բյուջեի նախագծում։ Ռազմական դրությամբ պայմանավորված` նախատեսվել են նաև այլ ծախսեր։ Նա հավաստիացրեց, որ հետևողական է լինելու ոչ նպատակային ու ոչ էական ծախսերը բացառելու և հնարավոր խնայողություններ անելու համար։ Դա վերաբերում է էներգետիկ, կապի և այլնի ծախսերին։
ԱՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռ. Ղահրամանյանն իրազեկեց, որ 2021թ. Ազգային Ժողովին նախատեսված է 682մլն 4500 դրամի բյուջե։ 2020թ. հատկացվել էր 656մլն 132 հազար դրամ և համեմատական աճը կազմել է 25մլն 871 հազար։ Նշյալ աճը պայմանավորված է աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ՝ կապված օրենքով սահմանված կարգով պետական ծառայողների աշխատավարձի գործակիցների բնականոն աճի հետ։ Աշխատանքի վարձատրության հոդվածով 2021թ. նախատեսվում է 563մլն 879 հազար դրամ՝ 2020թ. 538 մլն 7300 դրամի դիմաց։ ԱԺ պահպանման ծախսերն ըստ մյուս հոդվածների գրեթե մնացել են անփոփոխ. էներգետիկ ծառայություններ՝ 10մլն դրամ, կոմունալ ծառայություններ՝ 964 հազար դրամ, կապի ծառայություններ՝ 10մլն 466 հազար դրամ, ապահովագրական ծախսեր՝ 250 հազար դրամ, գույքի և սարքավորումների վարձակալություն՝ 39մլն 600 հազար դրամ, ներքին գործուղումներ՝ 7մլն դրամ, վարչական ծառայություններ՝ 190 հազար դրամ, համակարգչային ծառայություններ՝ 710 հազար դրամ, աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների մասով՝ 1մլն դրամ, կառավարչական ծառայությունների առումով՝ 500 հազար դրամ և այլ ծախսեր։ Ընդհանուր առմամբ՝ 2021թ. բյուջեով նախատեսված հատկացումները, ըստ Ռ. Ղահրամանյանի, հնարավորություն կտան ապահովելու ԱԺ-ի բնականոն գործունեությունը։
ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը վրդովմունք արտահայտեց ամեն տարի մասնագիտական զարգացման ծառայությունների մասով հատկացվող 1մլն դրամի կապակցությամբ, քանի որ նշյալ գործառույթները չեն իրականացվում և մանավանդ պատերազմից հետո նման ծառայություն կազմակերպելը, հատկապես մասնագիտական դասընթացների պատրաստման առումով, ոչ միայն տեղին չէ, այլև անիմաստ ծախս է։ Բացի դրանից, նա առաջարկեց ՙԱրմենիա՚ հյուրանոցի տնօրինության հետ պայմանավորվել պատգամավորներին հատկացվող սենյակների վարձավճարի գինը կրճատել 50 տոկոսով։ Ի դեպ, 1 սենյակի վարձավճարը 100 հազար դրամ է։ Եվ ընդհանուր առմամբ վճարվում է 39 մլն դրամ։ Պետք է կնքվի նոր պայմանագիր, որպեսզի տնտեսվեն բյուջեի գումարները։
ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Ա. Լազարյանը ներկայացրեց ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պահպանման ծախսերը, որոնք նախատեսված են 355մլն 445 հազար դրամի չափով։ 2020թ. բյուջեի 380մլն 664 հազար դրամի համեմատ այն նվազել է շուրջ 25մլն 220 հազար դրամով։ Ծախսերի նվազումը Ա. Լազարյանը հիմնականում պայմանավորեց աշխատավարձի ֆոնդի նվազմամբ։ Ներկայացուցչական ծախսերը ևս նվազել են 50 տոկոսով կամ 1մլն դրամով, իսկ կապի ծառայություններինը՝ 330 հազար դրամով։ Մնացած ծախսային հոդվածներում 2020թ.-ի համեմատ փոփոխություն չի կատարվել։ Ծախսերի նախահաշվի գերակշիռ մասը՝ շուրջ 77 տոկոսը կամ 273մլն դրամը կազմում է աշխատավարձի ֆոնդը։ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությունն այս տարի նախատեսում է իրականացնել 2 ծրագրային միջոցառում՝ պատվիրակությունների ընդունելություն` 402 մլն 596 հազար դրամի չափով, որը 2020թ . համեմատ ավելացել է շուրջ 42 մլն դրամով, մյուսը` ՙՊետական աջակցություն սպասարկում՚ ՊՈԱԿ-ի ծրագիրը՝ 94 մլն դրամի չավով, որը 2020թ. համեմատ ավելացել է շուրջ 2 մլն 600 հազար դրամով։ Ծախսերի աճը պայմանավորված է այդ կառույցների աշխատակիցների համար 2020թ. երկրորդ կիսամյակից սահմանված հավելավճարներով։
ԱՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Գրիգորյանն իր զեկույցում նշեց, որ Արցախի դատական համակարգի համար նախատեսված բյուջեի 88 տոկոսը աշխատավարձի ֆոնդն է, մնացած ծախսերը նախատեսված են դատական համակարգի բնականոն գործունեության համար։ Ընդհանուր առմամբ դատական համակարգի պահպանման ծասերը կազմում են 647 մլն 804 հազար դրամ, որը 2020թ. բյուջեի՝ 648 մլն 446 հազարի համեմատ նվազել է 0,1 տոկոսով։
ԱՀ գլխավոր դատախազության բյուջեի վերաբերյալ մանրամասնեց գլխավոր դատախազի տեղակալ Ա. Ավագյանը։ Նրա պարզաբանմամբ՝ այս տարի նախատեսվել է 562մլն 958 հազար դրամ, ինչը 2020թ. համեմատ ավելացել է 1 մլն 69 հազարով։ Դա պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճի հետ, ինչպես նաև պահուստային ֆոնդի ավելացմամբ։ Մնացած ծախսերը մնում են անփոփոխ։
ԱՀ արդարադատության նախարար Կ. Դանիելյանն իրազեկեց, որ նախարարության աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար 2021թ. պետական բյուջեով նախատեսվել է 386 մլն 638 հազար դրամ, որից 350 մլն 597հազարը կամ 90,6 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը։ Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 12մլն 841 հազարով կամ 3,33 տոկոսով։ Նախահաշվի ավելացումը նախարարը պայմանավորեց աշխատավարձի ֆոնդի բնականոն աճի, այսինքն սահմանված գործակիցների փոփոխության ավելացումներով։ Մյուս հոդվածներով ծախսերը չեն աճել, որոշ դեպքերում էլ կատարվել են նաև խնայողություններ։ Կրճատվել են ներկայացուցչական ծախսերը, նաև որոշ հաստիքներ։
Նիստի ընթացքում պատգամավորները ներկայացրին հարցադրումներ նշյալ ոլորտների հատկացումների մասով։