ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Օրերս խորհրդարանում տարվա պետբյուջեի նախագծի շուրջ ծավալված քննարկումներում առանձնացվել է կառավարության կողմից բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագրի ծավալի ու տրամադրման ձևի հարցը:
Ինչպես հայտնի է այն տրամադրվում է 2020թ՝ դեկտեմբեր ամսվա և 2021թ՝ բոլոր ամիսների համար: Ըստ ծրագրի` մեկ բնակիչ-բաժանորդի համար աջակցության առավելագույն չափը սահմանվել է հետևյալ կերպ. 2020թ. դեկտեմբեր և 2021թ. հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար՝ բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտժ ներառյալ: 2021թ. ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝ բնական գազի սպառման գծով նախատեսված է փոխհատուցել մինչև 20 խմ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 400 կվտժ ներառյալ: Ընթացիկ տարվա ամռան ամիսների համար բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 300 կվտ ժ ներառյալ: Միջոցառման շահառու են հանդիսանում բնական գազի ու էլեկտրէներգիայի մատակարարման կապի պայմանագիր կնքած Արցախի բոլոր բաժանորդները: Խորհրդարանում ծավալված քննարկմանը պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ Ստեփանակերտում, որտեղ պատերազմից հետո կենտրանացած է բնակչության գերակշիռ մասը, ավելի մեծ է էլեկտրաէներգիայով ջեռուցում ապահովող բաժանորդների թիվը; Ըստ ծրագրի, սակայն, էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցումը կազմում է ավելի փոքր գումար` 12,5 հազար դրամ, իսկ օգտագործված գազի դիմաց գումարը` 25 հազար դրամ:
Ըստ պատգամավոր Դավիթ Մելքումյանի` եթե աջակցության նման խոշոր ծրագիր է ներդրվում, ապա պետք է նախօրոք ուսումնասիրվեր բնակչության մեծամասնության ծանրաբեռնվածությունն ըստ օգտագործվող կոմունալ ծառայությունների:
Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Հայկ խանումյանի դիտարկմամբ` ծրագիրը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, չնայած հենց սկզբից էլ որոշվել էր մայրաքաղաքի բոլոր չգազաֆիկացված շենքերի բնակիչների համար սահմանել այլ` 1500 կվտ էլեկտրաէներգիայի չափով փոխհատուցում: Խորհրդարանում կարծիք էր հնչել նաև ծրագրի իրականացման ընթացքում ընտրությունը թողնել բնակչին: Համաձայնելով, որ բնակչության շրջանում քննարկումների առիթ դարձած աջակցության այդ ծրագիրը փոփոխությունների կարիք ունի, նախարարը նշեց, որ դա ծրագրային բարդ գործընթաց է, որտեղ էական որևէ փոփոխությունը մեծ աշխատանք է պահանջում: Բացի այդ, ըստ նախարարի` մեկ այլ` 68 հազարների աջակցության ծրագիրը նաև կարելի է դիտարկել որպես բնակջության կոմունալ բեռը թեթևացնելուն միտված քայլ: Պատգամավորների` հարցի շուրջ շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ հավելյալ քննարկումներ կազմակերպելու առաջարկությանն ի պատասխան ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը նշեց, որ
մինչ այդ էլ ծրագրի գործարկման շուրջ մտահոգություններ են հնչեցվել, սակայն քանի որ մատակարար ընկերությունները տարբեր են և ՙԱրցախէներգո՚ ու ՙԱրցախգազ՚ ՍՊԸ-ներն առաջնորդվում են իրարից տարբերվող ծրագրերով` այդ գումարները միասնական տրամադրելու առումով տեխնիկական խնդիրներ են առաջացել: ՙԳաղափարը իրոք լավն է, պետք է լիներ մեկ գումար և բնակիչը փոխհատուցման այդ գումարից օգտվի` առաջնահերթություն տալով առավել մեծ գումար կազմող կոմունալ վճարին: Դա հնարավորություն կտար նաև բաժանորդին կարգավորի և վերահսկի իր ծախսած էլեկտրաէներգիան ու բնական գազը՚,-նշել է Ա. Հարությունյանը` նաև հավելելով, որ ծրագրային ապահովում իրականացնելու համար մատակարարում իրականացնող երկու տարբեր տնտեսվարող սուբյեկտների համար երկար ժամանակ կպահանջվի, որը նրանք չունեն` կապված առկա իրողությունների հետ: Նախարար Հայկ Խանումյանի կարծիքով` կոմունալ վճարների գումարի ոչ ամբողջությամբ փոխհատուցելն այլ նպատակ էլ ունի. բնակչությունն անվճար դարձած ցանկացած ծառայությունից օգտվելիս մոռանում է խնայողության մասին, որն այսօր խիստ անհրաժեշտ է հետպատերազմյան դժավր պայմաններում: Բացի այդ` ըստ նախարարի, կոմունալ վճարումների համակարգը կայացած ու լուրջ մշակույթ է, որից ոչ մի դեպքում պետք չէ հրաժարվել: