ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՆ
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Ասկերանի շրջանում գյուղատնտեսության ոլորտը մեծ վնասներ է կրել ռազմական գործողությունների պատճառով։ Մշակովի տարածքների զգալի մասն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Այսօր մտահոգության տեղիք է տալիս նաև սահմանամերձ համայնքների հողատարածքների ճակատագիրը։ Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսական բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանի խոսքով՝ բաժնում սկսել են մշակման ենթակա տարածքների հաշվեգրման աշխատանքները։
Ըստ հողային հաշվեկշռի՝ մինչև քառասունչորսօրյա պատերազմը Ասկերանի շրջանի վարելահողերը կազմում էին 24540 հա, պատերազմից հետո 12771 հա-ն դուրս է եկել մեր վերահսկողությունից։ Այսօրվա դրությամբ ունենք ընդամենը 11700 հա վարելահող։
Պետք է նշել, որ գյուղատնտեսության ոլորտը զգալի առաջընթաց էր ապրում։ Շրջանում զարգացած էր այգեգործությունը, հացահատիկային մշակաբույսերի մշակումը, անասնապահությունը։
2020 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ շրջանն ուներ 1017 հա նռան այգի, մի մասը՝ նորատունկ, մի մասը՝ բերքի տակ։ Շրջանում ակնհայտ էր նռան բերքատվության աճը։
Ինչպես նշում է գյուղբաժնի վարիչը՝ մինչև պատերազմը բոլոր տեսակի այգիները կազմում էին 1540 հա, այժմ մոտ 1050 հա-ն հակառակորդի վերահսկողության տակ է։ Պատերազմից հետո նռան այգիների մոտ 783 հա-ն մնաց թշնամու վերահսկողության տակ, իսկ մնացած 269 հա այգիների մշակման հարցը դեռևս հարցականի տակ է։
Նախորդ տարիների միջին բերքատվությունը կազմում էր մեկ հա-ից 40-50 ց, 2020 թվականին ևս սպասվում էր լավ բերքատվություն, բայց, ցավոք, բերքի մի մասը միայն հնարավոր եղավ հավաքել։ Իհարկե, առաջացել էր նաև իրացման խնդիր։
Գյուղբաժնի վարիչը տեղեկացրեց նաև, որ պատերազմական գործողությունների ընթացքում Ասկերանի շրջանում շարունակվում էին իրականացվել եգիպտացորենի և արևածաղկի բերքահավաքի աշխատանքները։ Առաջնահերթությունը տրվել է առաջնագծում գտնվող հողօգտագործողների բերքի հավաքմանը։
Պատերազմի ընթացքում շրջանում չէին դադարում աշնանացանի աշխատանքները, և իրականացվում էր այնտեղ, որտեղ հնարավոր էր։ Եթե նախկինում շրջանում կատարվում էր մոտ 11000 հա աշնանացան, ապա 2021 թվականի բերքի տակ կատարվել է ընդամենը 5600 հա աշնանացան։ Անշուշտ, տեղին էր կառավարության աջակցությունը, որը բնակիչները ստացան անհատույց սերմանյութերի և դիզելային վառելիքի տեսքով։
Վերջին ժամանակահատվածում բաժինը կատարել է պատերազմական գործողությունների հետևանքով շրջանի 23 համայնքների և Ակնա թաղամասի գյուղատնտեսական կորուստների հաշվարկ, որի մեջ ներառվում են հողային ֆոնդը, այգիները, գյուղատնտեսական նշանակության շենք-շինությունները, բնամթերքը, անասնագլխաքանակը և գյուղատնտեսական տեխնիկական միջոցները։
Ըստ համայնքների կատարված է ընդհանուր կորուստների ծավալների հաշվարկը։
Համայնքներից ընդունվում և հավաքագրվում են գարնանացանի համար նախատեսված հայտերը, հողօգտագործողների կողմից նախընտրվող մշակաբույսերի ցանկերը։ Այս տարի ձևաչափն այլ է լինելու։ Նախօրոք անհատույց սերմանյութեր չեն տրամադրվելու, կատարվելու է ցանքս, ձեռք են բերվելու սերմանյութեր և համապատասխան աջակցությունն ստանալու են կատարված աշխատանքներից հետո։ Արդեն իսկ հավաքագրվել են 1500 հա-ի չափով հայտեր։
Գյուղոլորտի պատասխանատուի խոսքով՝ հողօգտագործողները տրամադրված են կրկնակի պատրաստակամությամբ։ Չնայած կան որոշակի խնդիրներ և մտահոգություններ, բնակիչները ցանկանում են իրենց հողատարածքներն անպայման մշակել ու բարձր բերք ստանալ։
ՙՄենք պարտավոր ենք շարունակել ապրել այս հողի վրա, արարել, ստեղծել և զբաղվելով հողագործությամբ՝ լուծել մեր ժողովրդի պարենամթերքի հարցը։ Ցանկանում եմ նշել, որ ունենք սահմանամերձ համայնքներ, և քանի որ չկա վերջնական սահմանազատում, մարդկանց մոտ առաջանում են մտահոգություններ։ Խնդիրն այն է, որ հողօգտագործողները չեն կողմնորոշվում ապագա քայլերի մեջ։ Չգիտեն՝ ապահովվա՞ծ են արդյոք՚,- ասում է Արվիդ Ղուլյանը։
Նշենք, որ ստեղծվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի և շրջվարչակազմի ներկայացուցիչների համատեղ հանձնաժողով, որն այցելում է բոլոր համայնքները՝ ստուգելու ստացած անհատույց աջակցության՝ նպատակային օգտագործելու փաստերը։