ՃԱՐՏԱՐՑԻ ՄԵՆԱՏՆՏԵՍԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԼՈՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ

lor.jpgՕրերս Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի անասնաբույժ Է.Դանիելյանը տեղեկացրեց, որ շրջանի Ճարտար գյուղի մի բնակիչ զբաղվում է լորաբուծությամբ: Բավականին հետաքրքրաշարժ նորություն: Հանդիպեցի մենատնտեսի հետ: 
Գարեգին Մայիլյանը մասնագիտությամբ անասնաբույծ է, ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը: Վերջերս որպես անասնաբույծ աշխատանքի է անցել շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ  բաժնում։ 
Մասնագիտությամբ աշխատել է ընդամենը մեկ տարի` Մարտունու թռչնաֆաբրիկայում` 1989-90թթ.: Այնուհետև, ժամանակի հրամայականով, զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը: Չնայած ընտրած մասնագիտությամբ հետագայում չի աշխատել, հետաքրքրությունն ու սերը միշտ էլ իրենց զգացնել էին տալիս, ու մի օր էլ, Երևան մեկնելու ժամանակ, պատահականորեն իմացավ, որ  հայաստանյան մենատնտեսները տնային պայմաններում զբաղվում են լորի բազմացմամբ: Պրպտուն ու հետաքրքրասեր բնավորությունը ստիպեց նրան ավելի մանրամասն ծանոթանալ իրականացվող աշխատանքին ու կատարել իր առաջին փորձերը հենց  Ճարտարում: Դա 6-7 տարի առաջ էր: 
- Երբ ուսումնասիրեցի հայաստանյան փորձը, համոզվեցի, որ նույնը կարելի է ստեղծել նաև մեզ մոտ, մանավանդ որ պայմանները նպաստավոր են. մեզանից շատերը հանդիպած կլինեն վայրի լորերի: 3 լոր եմ գնել ու փորձնական սկսել պահել: Մեկ ամիս պահելուց և ավելի մոտիկից նրանց խնամքին ծանոթանալուց հետո մտածեցի բազմացնելու շուրջ: Ինքս ստեղծեցի ինկուբատոր և գնեցի 200 ձու, տեղադրեցի, ու ճտերի 70-80 տոկոսը հաջողությամբ դուրս եկավ: Եվ հաջողությունը նոր լիցք հաղորդեց,- ասաց Գ. Մայիլյանը:
Ասում են` հաջող սկիզբը գործի կեսն է: Այնուհետև սկսեց շատացնել ու սեփական լորերի ձուն  տեղադրել: Նշվեց, որ  45-50 օրական  լորերը սեռահասուն են դառնում և սկսում ձու ածել: 
Լորերի ինկուբացիոն շրջանը  16-18 օր է, և 10 օրը մեկ կարելի է նոր խմբաքանակ տեղադրել ճտահանման համար: 
Իր պահած լորերի քաշին` մաքուր մսի զանգվածին անդրադառնալով, իմ զրուցակիցը նշեց, որ էգերի քաշը հասնում է մինչև 140 գրամի, արուներինը` մոտ 120 գրամի: 
Լորերը սնվում են հատուկ համակցված կերով, որի բաղադրամասի 70-80 տոկոսը հատիկայիններ են` եգիպտացորեն, գարի, վարսակ և այլն, իսկ  20-30 տոկոսը` ձկան ալյուր և տարբեր սնունդ։ Այն պատրաստվում է հատուկ բաղադրատոմսով: Գարեգինը դա ձեռք է բերում Երևանում: 
Ընդհանրապես լորերը  քչակեր թռչուններ են: Մեկ լորը մինչև չափահաս դառնալը, ինչը տևում է  45-50 օր, օգտագործում է 650 գրամ կեր: Շատ բծախնդիր են կերի նկատմամբ, որի բաղադրության մեջ որևէ բաղադրատարրի բացակայության կամ շեղումների դեպքում ազդեցությունը նկատելի է դառնում: 
Գ. Մայիլյանը նաև նշեց, որ ունի մոտ 50 լոր, որոնք պահվում են միայն ձու ածելու համար: Տարվա ընթացքում մեկ լորը ածում է 240-300 ձու: Լավագույն ձվադրման շրջանը 7-8 ամսականն է, այնուհետև նվազում է նկատվում: Նշվեց նաև մի շատ հետաքրքիր հանգամանքի մասին. ընտանի լորերը թուխս չեն նստում, թուխս նստելու բնազդը բացակայում է նրանց մոտ: 
Անդրադարձանք նաև արտադրանքի գնին ու իրացմանը: Գ. Մայիլյանը նշեց, որ արցախյան շուկան լորի ձվի նկատմամբ պահանջարկ չունի, ինչն առանձնապես պայմանավորված է ձվի օգտակարության և հատկությունների մասին ունեցած տեղեկատվության պակասով:  Բայց հայաստանյան շուկան շատ մեծ պահանջարկ ունի և այնտեղ վաճառվում է 30-40 դրամով: Մաքրած վիճակում լորը վաճառվում է 650 դրամով, որոնց հիմնական գնորդները շրջանի և հանրապետության տարբեր բնակավայրերի խորտկարաններն ու ռեստորաններն են: Լորի միսն ունի հաճելի համային հատկություն, իսկ մսի ու ձվի օգտակարության  մասին երկար կարելի է խոսել: Հնարավորություն կա շատ ավելի մեծ քանակությամբ միս և ձու արտադրել, սակայն շուկայի բացակայությունն իր սահմանափակումներն է մտցնում: 
Պարզվեց, որ Գարեգին Մայիլյանը նաև քնարահավ ունի, ու չեմ զարմանա, եթե մի քանի տարի հետո լուսաբանենք նաև այս ուղղությամբ նրա գրանցած ձեռքբերումները:
 
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
ք. Մարտունի