ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԲԻԶՆԵՍՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԶԳԱՅՈՒՆՆ Է ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Անշարժ գույքի շուկայում կատարված ու կատարվող տեղաշարժերի շուրջ է մեր զրույցը Ստեփանակերտի Անշարժ գույքի գործակալության տնօրեն Կարինե Դանիելյանի հետ։
-Ծառայությունը սպասարկման նոր անծանոթ ձև էր, ինչպե՞ս հարմարվեցիք, մարդիկ ինչպե՞ս հարմարվեցին նոր ծառայությանը։ Ինչպե՞ս ծնվեց ծառայությունը ստեղծելու գաղափարը, և մինչ այդ որտե՞ղ էիք աշխատում։
-Ավարտել եմ ԱրՊՀ ֆիզմաթ բաժինը, երեք տարի աշխատել եմ մաթեմատիկական թեքումով դպրոցում, ապա ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանում։ Նոր հասարակարգը բերեց նոր՝ շուկայական հարաբերություններ, զգացի ծառայության նոր ձևի պահանջարկը։ Հասկացա, որ սա հեռանկարային գործ է, որ այդ ձևով կարելի է օգտակար լինել մարդկանց։ Դժվար չէր ըմբռնել գործի էությունը. որպես միջնորդ օգնում ես, որ մարդիկ առքուվաճառքը արագ և հեշտ կատարեն, և դրա դիմաց դու ստանում ես քո ծառայության գինը՝ որոշակի տոկոսներ։ Սկզբնական շրջանում դժվարություններ կային, քանի որ ծառայությունը նոր էր։ Բայց մարդիկ կամաց-կամաց հարմարվեցին։ Սկզբում, նույնիսկ իմ շրջապատից, կային կասկածամիտներ, որ վստահ չէին հաջողության մեջ. փաստարկում էին, թե քաղաքը փոքր է, իրար ճանաչում են, գործը չի ստացվի։ Բայց ես այլ կերպ էի մտածում, որ եթե մարդիկ տեսնեն, համոզվեն, որ ծառայությունն իրենց օգտակար է լինում, հետևաբար, կարելի է դիմել։ Կարևորը այն միտքը հաստատելն էր, մարդիկ համոզվեն, որ ծառայությունը գործ է կատարում, որի դիմաց պիտի վճարեն։ Իսկ դրա համար հարկավոր էր սպասարկումը դնել պատշաճ մակարդակի վրա։ Առաջին գործս այն եղավ, որ ստեղծվեց տեղեկատվական բանկ` վաճառողների և առնողների։ Սկզբում որոշ դժվարություններ կային, մարդիկ փորձում էին խուսափել ծառայության վճարներից, բայց ես դա էլ նորմալ էի համարում։ Հետո նրանք կամաց-կամաց հարմարվեցին և այժմ արդեն հաճույքով պայմանագիր են կապում ծառայության հետ՝ պահպանելով կանոնները։
-Նախքան վերջին դաժան իրադարձությունները անշարժ գույքի շուկան բավականին հետաքրքիր ու աշխույժ էր։ Ներկայացրեք, խնդրեմ, նախկին շարժը։
- Շուկայի շարժը կարելի է ներկայացնել փուլերով։ Մեր գործակալությունը ստեղծվեց 2000 թվականին Արցախում կատարված սեփականաշնորհման գործընթացի հետևանքով։ Մինչ սեփականաշնորհումը անշարժ գույքի շուկայի պատկերը բավականին տխուր էր, առք ու վաճառք գրեթե չկար՝ բացառությամբ սեփական տների։ Երբ 1997-1998թթ. կատարվեց պետական բնակարանների սեփականաշնորհում, հնարավոր դարձավ դրանց վերաբերյալ գործողությունների կատարումը։ Փաստենք, որ 1992-1994թթ. տեղի ունեցած Արցախյան պատերազմից հետո ցածր էր ժողովրդի կենսամակարդակը։ Տարիների հետ այն կամաց-կամաց բարելավվեց, մարդիկ կարողացան մի բան ծախել, մի բան առնել. մեկսենյականոց բնակարանը ծախում, առնում էին երկու կամ երեքսենյականոց, երեքսենյականոց բնակարանը ծախում, սեփական էին առնում։ Մի խոսքով, անշարժ գույքի շուկան սկսում է աշխուժանալ։ 2000-ից մինչև 2008 թվականը անշարժ գույքի գները գրեթե ամեն շաբաթ փոփոխվում էին. դրանք բարձրացան հասան 1քառ.մետրը մինչև 800 ամերիկյան դոլարի։ Այսինքն, նշված ժամանակաշրջանում անշարժ գույքի շուկան բավականին աշխույժ էր։ 2008-ին տեղի ունեցավ համաշխարհային հիպոթեքային ճգնաժամը։ Նշենք, որ Ստեփանակերտում հիպոթեքային վարկերը սկսել են տալ 2003-ից։ Մինչ այդ առքուվաճառքը կատարվում էր կանխիկ գումարով։ Երբ հիպոթեքային վարկերն ուժի մեջ մտան, շուկայում գները բարձրացան։ Մեկ քառ. մետրը դարձավ 260-270 հազար դրամ։ 2008-ին երեքսենյականոց բնակարանը վաճառվում էր 82 հազար դոլարով։ Այդ շրջանում կոմերցիոն վաճառքի շուկան ևս (տարածք, օժանդակ շինություններ, սպասարկման օբյեկտներ) շատ աշխույժ էր։ Անշարժ գույքի գները և՜ բարձր էին, և՜ կայուն։ 2008-ի հիպոթեքային ճգնաժամի հետևանքով անշարժ գույքի շուկայում գներն իջան 30 տոկոսով, այդ նույն շրջանում դոլարի փոխանակման արժեքը դարձավ 480 դրամ։ 2009-2013թթ. գներն ինչ-որ չափով կայունացան, սակայն մարդկանց գնողունակությունը ցածր էր և երեքսենյականոց բնակարանները վաճառվում էին 50-60 հազար ԱՄՆ դոլարով։
2013-2016թթ. շրջանառության մեջ մտան անտոկոս կամ ցածր տոկոսով վարկերը։ Կյանքի կոչվեցին պետական աջակցության ծրագրեր (երիտասարդ ընտանիքներին, գյուղատնտեսական և այլն)։ 2016-ին, երբ տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, գրեթե մեկ տարի անշարժ գույքի շուկայում պարապուրդ էր, գրեթե մեկ տարի ոչ մի գործարք չկատարվեց։ Տների գներն իջան, մեկսենյականոցը դարձավ 8-12 հազար դոլար։ 2017-ից անշարժ գույքի շուկան նորից աշխուժացավ, բայց չհասավ 2008-ի մակարդակին։
Անշարժ գույքի շուկան բիզնեսներից ամենազգայունն է սոցիալ-տնտեսական տեղաշարժերի նկատմամբ, այն մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի ինդիկատոր է։
-Բայց այսօր այլ գործոններ ևս ազդում են շուկայի վրա։
-Իհարկե, դժվար չէ նկատել արցախյան երրորդ պատերազմի բերած փոփոխությունը։ Մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը շուկան շատ աշխույժ էր, հատկապես երիտասարդ ընտանիքներն էին մտնում շուկա՝ ձեռք բերելու կամ բարելավելու բնակարանային պայմանները։ Պետական աջակցությունը, արտոնությունները զգալի էին։ Պատերազմից հետո անշարժ գույքի շուկան զրոյացվեց։ Գները 50 տոկոսով անկում ապրեցին. 35 հազար դոլարանոց տները դարձել են 17-18 հազար։ Մարդիկ շուկայի նկատմամբ դարձան զգուշավոր, նույնիսկ եթե գումար էլ ունեն, չեն ուզում ներդնել։ Նոյեմբեր ամսին անշարժ գույքի շուկայում պարապուրդ էր։ Դեկտեմբերից կյանքը սկսեց կարգավորվել, շուկայում թեթևակի շարժ նկատվեց, այդ ամսում կատարեցինք առքուվաճառքի երկու, իսկ հունվարին մեկ գործարք։ Հիմա մարտ ամիսն է, կարող ենք կանխատեսել ամսվա կտրվածքով երեք, լավագույն դեպքում չորս գործարք։ Մի փաստ էլ արձանագրենք. բնակարան վաճառել ցանկացողները զգալի քչացել են. մարդիկ ուզում են մնալ, ապրել հայրենիքում՝ թեկուզ բզկտված, փոքրացած, մի բուռ դարձած։ Հատկապես տեղահանվածների մոտ նկատվում է հետևյալ մտայնությունը. մինչև երբ վարձով ապրեն, կարելի է թեկուզ մի թեթև անշարժ գույք ձեռք բերել։
-Դուք առնչվում եք նաև վարձակալության տրվող բնակարանային հարցի հետ։ Բնակվարձը բավականին բարձրացել է, հնարավո՞ր չէ ինչ-որ չափով հսկել իրավիճակը։
-Շուկայական հարաբերությունների պայմաններում պահանջարկի և առաջարկի մեջ այժմ մեծ խզում է առաջացել, որի հետևանքով գները բարձրացան։ Վարձատուները ժամանակ անց կնախընտրեն գները իջեցնել, բայց կայուն եկամուտ ունենալ։ Դա էլ է կանոնավորվելու, ժամանակի խնդիր է։ Ամեն ինչ կկանոնավորվի, մարդկանց մոտ անորոշությունը փարատվի, շուկան էլ կաշխուժանա։ Ապրելու ամենալավ տեղն այստեղ է…
-Ի՞նչ առումով։
-Ոչ մի առում չկա։ Սա մեր հայրենիքն է։ Այստեղ ծնվել ենք, ամեն ծառ ու քարը հարազատ է։ Այստեղ ենք կարող երջանիկ լինել։ Քո շրջապատում ես, դու հասկանում ու հասկացվում ես, օտար միջավայրը քեզ փող կտա, բայց դա ամեն ինչ չէ։ Ճիշտ է, որ փող չես ունենում, խեղճանում ես, բայց փողով չես կարող արժանապատվություն գնել։ Մենք չպիտի թույլ տանք, որ մեր գլխին պատերազմ փաթաթեն։ Քի՞չ սխալներ կատարեցինք անկախության տարիներին, ագահությունը, կոռուպցիան, մեր լռությունը, մեր հարմարվողականությունը, մեր անտարբերությունը…Մեր կորուստները մեր բացթողումների արդյունքում ստացանք։ Ես միշտ հպարտությամբ էի ներկայանում, որ հայ եմ, որ Լեռնային Ղարաբաղից եմ։ Մեր ճկունությունը, մեր կազմակերպվածությունը, իրադրության մեջ արագ կողմնորոշվելու ունակությունը, մեր կողքահաստությունը` ազգայինը պահելու համառությունը։ Ինչ դժվարությամբ, բայց մեր մեջ պահպանեցինք հայկականությունը։ Թույլ չենք տվել և այժմ էլ թույլ չենք տա, որ թշնամին կոխկրտի մեր հայկականությունը։