[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի պետական բյուջեի մուտքագրված գումարները կրկին գերազանցել են նախատեսված ցուցանիշը

Վան ՆՈՎԻԿՈՎ 

Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերն ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին կազմել են 2 միլիարդ 829 միլիոն 9 հազար դրամ, ինչը պլանավորված 2 մլրդ 600 մլն դրամից ավելի է 229,9 մլն դրամով։ Այս մասին հայտնում են Արցախի պետական եկամուտների կոմիտեից։

Տեղեկատվության համաձայն՝ մասնավորապես փետրվար ամսում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1 մլրդ. 805 մլն 9 հազար դրամ՝ պլանավորված 1 մլրդ. 625 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 11,1 տոկոսով, կամ՝ 180,9 մլն դրամով։
Դեռևս այս տարվա հունվարին՝ հարկային մարմնում գրանցվել (հաշվառվել) է թվով 60, լուծարվել՝ 5 տնտեսավարող սուբյեկտ, իսկ փետրվարին՝ գրանցվել (հաշվառվել) է թվով 75, լուծարվել՝ 16 տնտեսավարող սուբյեկտ։
Այս տարվա փետրվար ամսվա ընթացքում հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից ընդունվել և մշակվել է 10 հազար 180 հաշվարկ-հաշվետվություն, որից էլեկտրոնային եղանակով՝ 9,816։ Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման նպատակով հարկ վճարողների հետ կնքվել են թվով 33 պայմանագրեր։ Նույն ժամանակահատվածում հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարներից 6 մլն դրամ է վերադարձվել 38 վարձու աշխատողի։ Գործունեությունը նոր սկսող 17 հարկ վճարողների տրամադրվել են հավաստագրեր՝ եռամսյա ժամկետով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով։
Հաշվետու ամսում հարկային մարմին է մուտքագրվել 356, ելքագրվել՝ 101 նամակ-գրություն, որոնք ընթացքավորվել են ըստ գործող կարգի, այդ թվում՝ հարկային օրենսդրության դրույթների պարզաբանման նպատակով ներկայացվել է 4 գրություն, որից 2-ը՝ էլեկտրոնային եղանակով։ Հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով շարունակվել են հանրային իրազեկման աշխատանքները, այդ թվում՝ ներկայացվել պարզաբանումներ՝ օրենսդրական փոփոխությունների, կազմակերպությունների և վարձու աշխատող ունեցող անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի գործընթացի վերաբերյալ։ Պատրաստվել և զանգվածային լրատվամիջոցներին է ներկայացվել թվով 2 հայտարարություն։