[ARM]     [RUS]     [ENG]

Աջակցություն՝ արցախցի երիտասարդների բիզնես ծրագրերին

Անի Մանգասարյանը

 Արցախում  անցկացված «Վերելք» խորագրով բիզնես- ճամբարի  մասնակից մի խումբ երիտասարդների հնարավորություն է ընձեռվել կյանքի կոչելու իրենց բիզնես ծրագրերը:

 ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ ավելի քան երեք ամիս տևած բիզնես-ճամբարի նպատակը՝ Արցախի երիտասարդությանը գործնական գիտելիքների ու տեխնիկական հմտությունների փոխանցումն էր  և աջակցելը՝ նրանց գործարար ծրագրերը կյանքի կոչելու համար: Ինչպես տեղեկացրին կազմակերպիչները, ծրագրի շրջանակներում կազմակերպված թեմատիկ դասախոսություններին ու գործնական առաջադրանքներին մասնակցել է արցախցի 109 երիտասարդ:

Ճամբարի եզրափակիչ փուլի  շրջանակում կայացած մրցույթում,  ընտրված 13 լավագույն գործարար նախագծերից  ժյուրիի անդամներին ու ներդրողներին ներկայացվել  է 11 ծրագիր, որոնցից երեքը՝ <<Շուշվա մեղր>> (նախագծի հեղինակ՝ Մարգարյան Սյուզաննա՝ ԱրՊՀ 2-րդ կուրսի ուսանողուհի ), <<Նրբաստեղծ>>  (նախագծի հեղինակ՝ Տիրուհի Գասպարյան՝ ԱրՊՀ 2-րդ կուրսի ուսանողուհի), <<Մարտիրոսյան բերրի>> (նախագծի հեղինակ՝  Վահե Մարտիրոսյան՝ Շուշիի ագրարային համալսարանի շրջանավարտ), առաջիկայում կիրագործվեն ներդրողների աջակցությամբ:

Ներկայացված ծրագրերից մրցութային հանձնաժողովի հավանությանն է արժանացել  ևս  4 նախագիծ, որոնք կվերանայվեն այս տարվա սեպտեմբերին:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Վահագն Դադայանի խոսքով ծրագիրը միտված է արցախցուն իր հողում  ավելի ամրապնդելուն, ինչպես նաև Արցախի զարգացման ծրագրերին նպաստելուն:

- Ամեն մի ծրագրի ավարտ՝ նորի  հնարավորության սկիզբ է, -նշեց Վ.Դադայանը:

Ամփոփելով արցախյան բիզնես-ճամբարի և մրցույթի արդյունքները, Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից,  ՀՅԴ Բյուրոյի ուսանողական, երիտասարդական միությունների կազմակերպության ներկայացուցիչ Հովսեփ Տեր Գևորգյանը,  նշեց, որ ծրագիրը հնարավորություն տվեց համախմբելու  բիզնես գաղափարներ ունեցող արցախցի երիտասարդներին՝  օգնելով նրանց   կարողությունների ու հմտությունների զարգացման, ֆինանսավորում և երկարաժամկետ աջակցություն ստանալու գործում:

-«Վերելք» բիզնես ծրագիրը խթանելու է Արցախի տնտեսական աճը,-համոզմունք հայտնեց Հովսեփ Տեր Գևորգյանը:

«Վերելք» ծրագիրը, որի շրջանակներում շուրջ 8 միլիոն դրամի չափով աջակցություն կցուցաբերվի մրցույթում հաղթած բիզնես նախագծերի իրագործման համար, հովանավորում է  ACAA Artsakh Fund –ը /Արցախֆոնդ/: