ԱՐՎՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԲԵՐՔԱՀԱՎԱՔՆ ԱՆԿՈՐՈՒՍՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
- Մեխակ Ալեքսեյի, հանրապետությունում մեկնարկել և ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը։ Ձեր ղեկավարած կառույցը պատրա՞ստ է ռազմավարական նշանակության այդ գործընթացին, նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են տարվել բերքահավաքն անկորուստ կազմակերպելու համար։
- ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը դեռևս մայիս ամսին սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել 2021-ի բերքի անկորուստ հավաքման ուղղությամբ։ Նշված ամսին ուսումնասիրվել են հանրապետության տարածքները՝ ըստ վարչական շրջանների, համապատասխան գրություն ենք ուղարկել շրջվարչակազմերի ղեկավարներին, այնուհետև Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի մասնակցությամբ անց ենք կացրել ընդլայնված խորհրդակցություն, որտեղ հստակեցվել են յուրաքանչյուրի անելիքները՝ բերքահավաքի կազմակերպման ուղղությամբ։ Նախարարության մասնագետների ուղեկցությամբ շրջայցեր են կատարվել միջդաշտային տարածքներ ու որոշվել այն տեղերը, որտեղ հերկի և հերբիցիդ տեսակի թունաքիմիկատի միջոցով մաքրման և հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկվեին։ Նմանատիպ աշխատանքներ են կատարվել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում՝ հանրապետական նշանակության, միջդաշտային և սահմանային գծի ավտոճանապարհների եզրային հատվածներում. Ասկերանի շրջանում՝ 60 հա, Մարտակերտի՝ 190 հա և Մարտունու՝ 150 հա տարածքի վրա։ Բացի այդ, հանրապետության տարածքում հրդեհային անվտանգության ապահովման նպատակով մեր կողմից համապատասխան գրություններ են ուղարկվել ՙԱրցախէներգո՚, ՙԱրցախգազ՚, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲ ընկերություններին, Բնապահպանության պետական կոմիտեին և Ստեփանակերտի քաղաքապետարանին՝ իրենց ենթակայության տակ գտնվող տարածքները մաքրելու չոր բուսածածկույթից՝ հնարավոր հրդեհներից խուսափելու համար։
Նախապատրաստական աշխատանքների շարքում են նաև կոմբայնավարների ու մեխանիզատորների համար կազմակերպված դասընթացները, որոնք միտված էին անվտանգության կանոնների պահպանմանը։
Ասեմ, որ հանրապետության տարածքում նախատեսել ենք տեղադրել 9 հենակետ, այսօրվա դրությամբ գործում է 6-ը՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում (երկուական)։ Հետագայում դրանց կավելացվի ևս մեկական հենակետ, իսկ անհրաժեշտության դեպքում քանակը կլրացվի։
Ինչպես հայտնի է, ներկայում ոչ միայն հողօգտագործողների, այլև բնակչության անվտանգությունն ապահովելու համար մեծ դեր ունեն ռուսական խաղաղապահ ուժերը։ Մենք սերտ համագործակցում ենք նրանց հետ բոլոր ոլորտներում՝ լինի դա ջրի կամ էլեկտրաէներգիայի մատակարարում, այգիների մշակում կամ բերքահավաք... Բացի վարելահողերից, ունենք արոտավայրեր, որտեղ անասնակերի կուտակման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։ Բնականաբար, նրանց ևս օգնում են մեր ծառայության աշխատակիցները, սակրավորներն ու հետախույզները, խաղաղապահները։ Արդյունքում հնձվել է 3897 հա ցանքատարածք, որից 744 հա՝ Ասկերանի շրջանում, 1628 հա՝ Մարտակերտի և 1525 հա՝ Մարտունու։ Շուշիի շրջանում ունենք ընդամենը 14,4 հա ցանքատարածք, բայց քանի որ տեղանքը լեռնային է՝ բերքահավաքն այստեղ ուշ է սկսվում։
- Ի՞նչ խնդիրներ կան ծառացած կառույցի առջև։ Նյութատեխնիկական բազան բավարա՞ր է։
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմի հետևանքով նվազել են ցանքատարածքները, եղած տեխնիկան բավարարում է մեզ։ Անցած տարի՝ մինչ պատերազմն սկսվելը, գնել էինք նոր տեխնիկա, բայց այն լրիվությամբ մեզ չի հասել. ընդամենը երեք միավոր է տեղ հասել, բայց երկու հրդեհաշիջման մեքենա ու մեկ ավտոսանդուղք դեռ պետք է բերվեն։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը մեզ 9 ավտոմեքենա է նվիրել՝ ինչպես մարդատար, այնպես էլ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող։ Նման ևս 9 մեքենայի ձեռքբերման համար քննարկումներ են ընթանում, ու եթե իրականություն դառնա և համալրվի մեր նյութատեխնիկական բազան՝ առնվազն 15-20 տարի ծառայությունը խնդիր չի ունենա։
- Ամառը համարվում է ամենահրդեհավտանգ ժամանակաշրջանը։ Կառույցի ենթակայության տակ գործող հրշեջ փրկարար ծառայությունը պատրա՞ստ է իր առջև դրված խնդիրը լուծելու։
- Շրջաններում տեղակայված հենակետերը հենց այդ նպատակն են հետապնդում՝ արագ արձագանքել հրդեհի հնարավոր դեպքերին։ Ծառայության տնօրինության հրամանով մշտական տեղակայման վայրերում գործում են նաև ուժեղացված ռեժիմով խմբեր՝ անհրաժեշտության դեպքում միմյանց օգնության հասնելու համար։
- Ո՞ւ մ հետ եք համագործակցում վերոնշյալ բոլոր աշխատանքներում։
- Արցախի Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության, Պաշտպանության բանակի, Ներքին գործերի նախարարության, Առողջապահության գերատեսչության, անտառտնտեսության, շրջվարչակազմերի և բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ Շրջաններում ստեղծվել են հանձնաժողովներ, որոնց հետ նույնպես սերտ կապի մեջ ենք։ Նրանք հրահանգավորված են, որպեսզի ամեն օր թարմ տեղեկություններ հաղորդեն շրջաններից, իսկ մենք էլ մեր հերթին պետք է տեղեկացնենք ԱՀ կառավարությանը, նաև՝ հարկ եղած դեպքում ինքներս կմեկնենք դեպքի վայր։
- Բնակչությանն ուղղված Ձեր խոսքը։
- Մեր քաղաքացիներին կոչ եմ անում հրդեհավտանգ ժամանակահատվածում պահպանել անվտանգության կանոնները։ Հաճախ հրդեհի պատճառ է հանդիսանում մարդը՝ իր ոչ ճիշտ պահվածքով՝ խախտելով այդ կանոնները։ Ծխախոտի մնացորդի և հրկիզվող պարագաների բաց կամ խոտածածկույթով տարածքներ նետելը, հանգստի գոտիներում օգտագործված կրակը մինչև վերջ չմարելը՝ նմանօրինակ դեպքերից են։ Անվտանգության կանոնների պահպանումը հնարավորություն կտա խուսափել լայնամասշտաբ հրդեհներից և դժբախտ պատահարներից, ինչն էլ իր հերթին կնպաստի բերքի անկորուստ հավաքմանն ու պահեստավորմանը։ Բերքահավաքը նույնպես մի յուրօրինակ ճակատամարտ է, որից պետք է պատվով դուրս գանք։