Սննդի շղթայում ներգրավված տնտեսավարողների գործունեության վերահսկումը շարունակվում է
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության կողմից վերջին օրերին հանրապետության տարածքում դիտարկումներ են իրականացվել 21 տնտեսավարող սուբյեկտների մոտ։ Ինչպես տեղեկացրին գերատեսչությունից, դիտարկումների արդյունքում սննդի շղթայում ներգրավված անձանց ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ չեն արձանագրվել 4 տնտեսավարող սուբյեկտների մոտ։
Խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտներին ծառայության մասնագետները տվել են հանձնարարականներ և սահմանել ժամկետներ՝ խախտումները վերացնելու համար։ Նույն ժամանակահատվածում ծառայության մասնագետները Ստեփանակերտում իրականացրել են 8 ուսումնամեթոդական շրջայց՝ 44 տնտեսավարող սուբյեկտների մոտ։ Շրջայցի ընթացքում մասնագետները տնտեսավարող սուբյեկտների հետ բացատրական աշխատանքներ են իրականացրել։
Չափվել են բուսական ծագում ունեցող սննդամթերքում նիտրատների առավելագույն մնացորդային քանակները։ Պարզվել է, որ բուսական ծագում ունեցող սննդամթերքում առավելագույն մնացորդային քանակները համապատասխանում են կառավարության կողմից հաստատված նորմերին։