[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Արդեն շուրջ 15 տարի այգեգործությամբ զբաղվող Զորի Ղուլյանի հետ դեռ նոր էինք ոտք դրել, նրա բնութագրմամբ՝ աշխարհի ամենագեղեցիկ՝ իր ձեռքով հիմնած այգին, երբ շոշափելով ծառերի ճյուղերը, մտավորական-այգեգործը ասաց, որ այգեգործությամբ զբաղվելը օգտակար է առողջության համար և որ այն առաջին հերթին նվազեցնում է սթրեսը, նպաստում է երկարակեցությանը: ՙՀավատացեք այգեգործությունը երբեմն կարող է ավելի առողջարար լինել, քան մարզասրահում մարզվելը։

Փորելը, փոցխելը, սրանք համաչափ ֆիզիկական վարժություններ են։
Եվ հետո դարեր շարունակ մեր նախնիները այգեգործությամբ են զբաղվել, մեր երկրում մշակված բերք ու բարիքը մեկ անգամ չէ, որ իր յուրահատկությամբ զարմացրել է աշխարհին։ Այգեգործությունը քո հող ու ջրին կապվելու միջոց է, ամեն ծառ տնկելով մեր արմատն այս հողում ավելի է խորանում, մենք ավելի ենք զորանում՚։
Քերթ գյուղի տարածքում է պրն. Զորիի այգին, ժայռերի, սարերի ու ձորերի մեջ, տպավորություն է, թե մեր զրուցակիցը հողին ավելի կառչելու նպատակով է ընտրել հենց այդ տեղանքը։
ՙՏեսնում եք, իմ այգու վերևում մեր սուրբ սարն է, Ռսկհանը, այս ժայռոտ ու դժվարամատչելի բարձունքում մեր գյուղի սրբավայրն է, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ նա իմ ուժի աղբյուրն է։ Մենք հաճախ ենք իրար հետ կիսվում, մարդիկ կան, ովքեր նույնիսկ պնդում են, որ ես ու Ռսկհանը նմանություններ ունենք՚։
Մեզ ոգևորությամբ էր այգու այս կամ այն հատվածն ուղեկցում պրն. Զորին, հողի հետ աշխատելը նրա տարերքն է։
ՙՇուրջ 600 տնկի միայն տխլենի ունեմ, կեռաս, դեղձ, պոպոկ, տանձենի , ամեն ինչից փորձել եմ ունենալ իմ այգում, սա իմ դրախտն է, այստեղ ես ինձ լավ եմ զգում ...Ծառերը մշակում եմ հատուկ հոգատարությամբ, տարեցտարի հմտանում եմ այս գործում՚։
Պատմության նախկին ուսուցիչը, ոչ մի առիթ բաց չէր թողնում ասելու, որ հողի հետ աշխատելը կարևոր պայման է, անկախ նրանից, թե ինչ մասնագիտության տեր ես։ ՙՀզոր երկիր ունենալու համար, կայուն տնտեսություն է պետք, իսկ կայուն տնտեսություն` մեզնից յուրաքանչյուրի աշխատասիրության արդյունքում միայն կարող է ձևավորվել՚,- ասաց նա։
Թե ինչպես է կազմակերպում իր աշխատանքը, Զորի Ղուլյանն ասաց. ՙԱռավոտյան 6-ին այգում եմ լինում, ամեն օր փորձում եմ մոտ 70 ծառ ջրել, ի դեպ այս տարածքը չոռոգվող է, բայց ես այլընտրանքային եղանակ գտել եմ, դա էլ մի առանձին պատմություն է՚,- ասում և ցույց է տալիս այգում իր կառուցած ջրավազանը, որտեղ հավաքվում է ջրի պաշարը։
-Անհնարին բան չկա, կարևորը ցանկությունն է, մարդ պետք է ամեն օր աշխատի, այլապես ապագայում ոչ միայն ինքը, այլ նաև իր գերդաստանը կտուժի։ Մենք այս հողը ընտանիքով ենք մշակում՝ ես, կինս, երեխաներս, 82-ամյա հայրս, ով ամեն օր գյուղից ոտքով գալիս, աշխատում է ինձ հետ ... շատ նորմալ բան է, մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հնարավորության դեպքում հող մշակել, դա էլ հայրենասիրություն է։
Զորի Ղուլյանի այգուց հեռանալ չցանկացանք, բնությունը, Ռսկհանի խրոխտ հայացքը, պրն. Զորիի ոգևորությունը, մեզ պարզապես չհեռանալու կոչ էին անում։
- Շուտով խաղողաքաղի ժամանակն է, եկեք, հրավիրում եմ ձեզ, և՜ կաշխատեք, և՜ կհամտեսեք, - վերջաբանի փոխարեն սա էր մտավորական-այգեգործի խոսքը։