[ARM]     [RUS]     [ENG]

Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է իրականացնել անասնաշենքերի արդիականացման աշխատանքներ. ընդունվում են հայտեր

 

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը անասնապահությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին առաջարկում է անասնապահական ֆերմաներում շուրջօրյա կացության նվազագույն պայմանների ապահովման և անասնապահության մեջ ձեռքի աշխատանքի որոշ տեսակների՝ մեքենայացված աշխատանքով փոխարինման նպատակով իրականացնել անասնաշենքերի արդիականացման աշխատանքներ, մասնավորապես՝ անասնաշենքերի էլեկտրաֆիկացում՝ էլեկտրագծերով, արևային էներգիայով, ինչպես նաև ենթակայանների ձեռքբերման և տեղադրման միջոցով, անասնաշենքերի ջրաֆիկացում՝ ակունքի կառուցման, վերակառուցման, ջրագծերի անցկացման, նովերի, ջրային տարաների կառուցման և կամ տեղադրման եղանակներով:

Սույն ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն տնտեսավարողները, որոնք տիրապետում կամ պարտավորվում են պահել տասը և ավելի պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանիներ և անասնաբուծությունն իրականացնում են Արցախում:

Ծրագրի շրջանակում տրամադրվում է պետական աջակցություն՝ յուրաքանչյուր պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանու հաշվով առավելագույնը 70 000 դրամի չափով, որից 90 տոկոսը՝ անհատույց, իսկ 10 տոկոսը հայտատուն սեփական միջոցներով վճարում է կառուցման աշխատանքներն իրականացնող ընկերությանը:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել համապատասխան հայտ:

Մանրամասների համար զանգահարել 047 94 29 73 հեռախոսահամարին: