[ARM]     [RUS]     [ENG]

Դիտարկված 32 տնտեսավարողից խախտում չի արձանագրվել միայն 7-ի մոտ

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության կողմից թվով 32 տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացված դիտարկումների արդյունքում սննդի շղթայում ներգրավված անձանց օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ չեն արձանագրվել թվով 7 տնտեսավարող սուբյեկտների մոտ, իսկ խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտներին տրվել են հանձնարարականներ, սահմանվել ժամկետներ՝ դրանք վերացնելու համար: Այս Ինչպես հայտնեցին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից, ծառայության մասնագետները, հուլիսի 13-ից հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտ քաղաքում իրականացրել են նաև թվով 4 ուսումնամեթոդական շրջայց՝ ձմերուկ և սեխ իրացնող տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև շրջիկ առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ` վաճառվող միրգ-բանջարեղենում նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ կատարելու նպատակով: Ընդհանուր առմամբ ստուգվել է 22 հազար 250 կգ միրգ-բանջարեղեն, որից 16 հազ.505 կգ ձմերուկ , 4050 կգ սեխ, 600 կգ կարտոֆիլ, 100 կգ սոխ, 450 կգ լոլիկ, 545 կգ վարունգ: Կատարված չափումներից պարզվել է, որ 80 կգ ձմերուկի և 340 կգ սեխի նիտրատների առավելագույն մնացորդային քանակները գերազանցում են կառավարության կողմից հաստատված նորմերը: Նշված մթերքը տեղում ոչնչացվել է՝ տնտեսավարող սուբյեկտների համաձայնությամբ: