ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ԵՎ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում օրերս ամփոփվել է հանրապետությունում եգիպտացորենի և արևածաղկի բերքահավաքի ընթացքը։ Ինչպես տեղեկացրեց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը, հանրապետությունում ընդհանուր առմամբ ցանվել է 683,6 հա եգիպտացորեն, որից 549,3 հա-ն՝ Ասկերանի շրջանում, 70 հա-ը՝ Մարտակերտի, 59,3-ը՝ Մարտունու և 5 հա-ն՝ Շուշիի շրջանում։
Ասկերանի շրջանում եգիպտացորենի հատիկի համար հնձված 56,7 հա տարածքից հավաքվել է 52,4 տոննա բերք (միջին բերքատվությունը 1 հա-ից կազմել է 9,2 ցենտներ)։ Մյուս շրջաններում եգիպտացորենի հունձ չի իրականացվել։
Սիլոսի համար Ասկերանի շրջանում հնձվել է 221,5 հա եգիպտացորենի ցանքատարածք, որի արդյունքում հավաքվել է 2450,6 տոննա սիլոս (միջինը 1 հա-ից կազմել է 110,6 ցենտներ)։
Հանրապետությունում ընդհանուր առմամբ ցանվել է 146 հա արևածաղիկ, որից 129,4 հա-ն՝ Ասկերանի շրջանում, 15,6-ը՝ Մարտունու, 1 հա-ն՝ Շուշիի։ Առ այսօր հնձվել է ընդամենը 72,4 հա տարածք, այն էլ միայն Ասկերանի շրջանում։ Արդյունքում հավաքվել է 72 տոննա արևածաղկի սերմ՝ 1 հա-ից 9,9 ցենտներ միջին բերքատվությամբ։
Այն հարցին, թե ինչո՞ւ մյուս շրջաններում եգիպտացորենի և արևածաղկի բերքահավաք չի իրականացվել, Վ. Ավետիսյանն ասաց. ՙՆշված մշակաբույսերի ուղղությամբ բերքահավաքը դեռ նոր է սկսվել և ընթացքի մեջ է։ Ցանքատարածքները ենթակա են հնձման, համապատասխան տեխնիկան էլ բավարարում է։ Այնպես որ՝ խնդիրներ չկան բերքահավաքի աշխատանքներն իրականացնելու առումով՚։