[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԵՏ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ՀԵՏ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 ԱրՊՀ պատվավոր պրոֆեսոր Կարեն Օհանջանյանի նախաձեռնությամբ ոչ ֆորմալ կրթության շրջանակում հոկտեմբերի 6-ին Արցախի պետական համալսարանում դասախոսների և ուսանողների հետ հանդիպում ունեցավ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, հասարակական գործիչ Թաթուլ Մանասերյանը: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունեց ճանաչված տնտեսագետի հերթական այցն Արցախ, որի նպատակն էր սեփական դիտարկումները ներկայացնել Արցախի տնտեսական հեռանկարների շուրջ:

Թ. Մանասերյանը, ով շատ կապված է Արցախի հետ և իր մասնակցությունն է ունեցել 44-օրյա պատերազմին, ասաց, որ եկել է իր խոհերը կիսելու արցախցիների հետ, միասնաբար ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ որոնելու: Ըստ նրա, մեր պայքարը ոչ մեկիս համար  չի ավարտվել: Այն պետք է շարունակենք: Դեղատոմսեր չկան, կարող են լինել գաղափարներ, և դրանք պետք է միասնաբար քննարկել:
Թ. Մանասերյանը 44-օրյա պատերազմից հետո Արկադի Տեր Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ նրա իսկ մտահղացմամբ և կոչով ձևավորել է Քաղաքացիական խորհուրդ, մշակել երկրի զարգացման տեսլական, առանց որի անհնար է ապրել, աշխատել` չիմանալով՝ ուր ենք գնում, ինչին ենք ձգտում, որն է մեր նպատակը՝ որպես ազգ, պետություն: Տարբեր ոլորտներից ավելի քան 300 լուրջ մտավորականների հետ խորհրդակցել են և ձևավորել 12 հանձնախումբ: ՙՊատերազմից հետո շատ լավ գիտեք՝ ինչ իրավիճակ է Հայաստանում և Արցախում և բոլորիս մոտ ինչ ապրումներ կան, բայց որոշեցինք մի կողմ դնել էմոցիաները և մտածել ավելի հեռահար նպատակների մասին: Մեր երկիրը, մեր հայրենիքը մեկն է, մենք իրավունք չունենք սպասել, թե մի տասը տարի հետո ով է գալու իշխանության՝ ավելի նուրբ դիմագծերով, ավելի առաքինի և այլն: Այդ շռայլությունը մեզ տրված չէ: Մենք պետք է այսօր համաձայնեցված քայլեր անենք միմյանց հետ՚,-ասաց գիտնականը:
Թ. Մանասերյանի բանախոսության մասին հանգամանալից՝ ՙԱԱ՚-ի հաջորդ համարում: