[ARM]     [RUS]     [ENG]

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի գնաճ, 4-ի՝ գնանկում

 

Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների հոկտեմբերի 11-ի դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.10.2021թ.) համեմատ, արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 11 գնաճ և 4 գնանկում: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։ Տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի մասնագետների դիտարկման արդյունքում, ի թիվս այլ ապրանքատեսակների միջին գնաճ է արձանագրվել նաև կարտոֆիլ 1կգ՝ 33 դրամ (12.3 տոկոս), ոսպ 1 կգ՝ 40 դրամ (5.5%), հնդկաձավար 1 կգ՝ 30 դրամ (4.0%), ձավար 1կգ՝ 9 դրամ (3.0%), կարագ «Տեղական» 200 գր՝ 16 դրամ (2.0%), ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 3 դրամ (0.8%), բրինձ «Սպիտակ երկարահատիկ» 1 կգ՝ 2 դրամ (0.4%) և շաքարավազ 1 կգ՝ 1 դրամ (0.2%) ապրանքատեսակների համար: Առաջին անհրաժեշտության սննդամթերքից միջին գնանկում է արձանագրվել մասնավորապես՝ ոլոռ 1 կգ՝ 9 դրամ (2.4%), պանիր «Ներմուծվող» 1 կգ՝ 17 դրամ (0.8%) և ձեթ «Ոսկե կաթիլ» 1 լ՝ 5 դրամ (0.5%) ապրանքատեսակների համար: Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ձեթ» և «Ադամաթուզ» ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ: