[ARM]     [RUS]     [ENG]

ARLAW ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԱՅԱՑԱՎ

Հուլիսի 31-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ՙԱվիս՚ բիզնես-կենտրոնի նոր նախագծի՝ Arlaw (Արլոու) նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի շնորհանդեսը, որին ներկա էին ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, ՏՏ ոլորտի պատասխանատուներ։
Շնորհանդեսն անցավ երկու փուլով. առաջին մասում ՙԱվիս՚ բիզնես¬կենտրոնի տնօրեն Վարդան Ավետիսյանը միջոցառման մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց համակարգի ընդհանուր գաղափարն ու մոդելը, իսկ 2-րդ մասում ՙԻնստիգեյթ՚ ընկերության տնօրեն Արման Պողոսյանը հանգամանալից ծանոթացրեց համակարգից օգտվելու կանոններին ու դրանց խնդիրներին։  
Ընդհանուր տեղեկություններ հաղորդելով բիզնես-կենտրոնի գործունեության մասին, տնօրենը նշեց, որ այն մի շարք ծառայություններ է առաջարկում, որոնցից մեկն էլ գործարար ծրագրերի մշակումն է և դրանից կախված այլ հարակից ծառայությունների մատուցումը։ Բիզնես-կենտրոնը համագործակցում է ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ-ի, Զարգացման հայկական բանկի, ՙԿոնվերսբանկի՚, ՙՀայբիզնեսբանկի՚, ՙԱրդշինինվեստբանկի՚, ՙՖիդես՚ հիփոթեքային ընկերության, Արցախի ներդրումային հիմնադրամի, ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի, Արցախի գործարարաների միության և բազմաթիվ այլ կազմակերպությունների ու ընկերությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ։ Վ. Ավետիսյանի խոսքերով՝  բիզնես-կենտրոնի ստեղծման և մի շարք ծառայությունների մատուցման գաղափարն ինքնին բավական համարձակ քայլ է հանդիսանում, որի տրամաբանական շարունակությունն է Arlaw (Արլոու) նորմատիվ իրավական ակտերի տեղեկատվական համակարգի ստեղծումը, որը կազմված է անգլերեն ՙԱրցախ՚ և ՙօրենք՚ (լոու) բառերի միացությունից։ 
Arlaw ԼՂՀ նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հաճախորդների ու օգտագործողների նպատակային խմբերն են՝ ԼՂՀ պետական մարմինները, պետական կառավարչական հիմնարկները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները, մասնավոր կազմակերպությունները, աշխատանքի կամ ուսման բերումով նորատիվ իրավական ակտերի հետ առնչվող ցանկացած ֆիզիկական անձ, այդ թվում՝ գիտնականներ, դասախոսներ, ուսանողներ, իրավաբաններ, տնտեսագետներ և այլն։
Ներկայումս ԼՂՀ նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են պաշտոնական տեղեկագրերի տեսքով։ Arlaw  ԼՂՀ նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային տեղեկատվական համակարգն իրենից ներկայացնում է ինտերնետային կայքէջ, որը պարունակում է 1992-2007 թթ. հրապարակված բոլոր օրենքները և դրանց փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև 2007-ից սկսած՝ հրապարակված բոլոր նորատիվ իրավական ակտերը։ Ըստ Վ. Ավետիսյանի՝ համակարգի ամբողջական տեսքը հասանելի կլինի նրա շահագործմանը զուգահեռ՝ ըստ կազմված ժամանակացույցի։
Խոսելով համակարգի առավելությունների մասին՝ կենտրոնի տնօրենը նախ մատնանշեց օպերատիվ թարմացումները։ ԼՂՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության շնորհիվ  համակարգում նոր նորմատիվ իրավական ակտերն ավելացվում են պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո։ 
Հաջորդ առավելությունը  նորմատիվ իրավական ակտերի հսկումն է։ Սա հնարավորություն է տալիս հսկողության տակ առնել այն ակտերը, որոնք հաճախակի են օգտագործվում։ Համակարգը օգտագործողին ավտոմատ կերպով տեղեկացնում է հսկվող ակտում իրավաբանական փոփոխության մասին, ասաց Վ. Ավետիսյանը։  Բացի այդ, համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել պարզունակ և ընդլայնված (ըստ ակտերի տարբեր վավերապայմանների) որոնումներ, ինչպես նաև պահպանել որոնման արդյունքները։     
Համակարգի կարևորագույն առավելություններից մեկն այն է, որ հնարավորություն է ընձեռում սկզբնական նորմատիվ ակտը համեմատել փոփոխության ենթարկված ցանկացած տարբերակի հետ։   
Այս ամենից զատ՝ տեղեկատվական համակարգը թույլ է տալիս օգտվել մի քանի տասնյակ տիպային պայմանագրերի ժողովածուից, որը կնպաստի համակարգի հաճախորդների և օգտագործողների շահերի պաշտպանությանը և նրանց իրավական գրագիտության բարձրացմանը։ՙՍա նոր նախագիծ է, որը բավականին ջանք ու եռանդ է պահանջում։ Առաջին հայացքից պարզ թվացող ֆունկցիոնալությունը բավականին տեխնիկական բարդություններ է առաջացնում։ Հուսով եմ, մենք անընդհատ կկատարելագործենք համակարգը և կբերենք օգտագործման համար ավելի հարմարավետ տեսքի՚,- ասաց Արման Պողոսյանը՝ նշելով, որ համագործակցությունը կլինի երկարատև։    
Վ. Ավետիսյանն ու Ա. Պողոսյանը նաև պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։
 
Լաուրա Գրիգորյան