[ARM]     [RUS]     [ENG]

Հարկային կարգապահությունը՝ ուշադրության կենտրոնում

 Այն հարկ վճարողները, ովքեր կպահպանեն օրենսդրության պահանջները, զերծ կմնան հարկային մարմինների անհարկի միջամտություններից, իսկ հարկերի վճարումից խուսափողների նկատմամբ կիրականացվեն հսկողական միջոցառումներ` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտումների, ապօրինի գործունեության, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների ոչ լիարժեք հայտարարագրման դեպքերի և այլ հարկային իրավախախտումների բացահայտման նպատակով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետականեկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ ի կատարումն Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարականների, ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյան խորհրդակցություն է անցկացրել՝ կոմիտեի ղեկավար կազմին ներկայացնելով հարկային վարչարարության ոլորտում առաջիկա անելիքները: Կարևորելով հարկային կարգապահության բարձրացման նպատակով հարկ վճարողների շրջանակում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը` կոմիտեի նախագահը հանձնարարել է հարկ վճարողների շրջանում իրականացնել լայնածավալ իրազեկման միջոցառումներ՝ անհատական հանդիպումների, սեմինար-քննարկումների, կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով: