[ARM]     [RUS]     [ENG]

Թաղավարդի ձեթի գործարանը կշարունակի գործել

Սիրանուշ Ադամյան

 Հակառակորդի դիրքերից մոտ 500 մետր հեռավորության վրա գտնվող «Ոսկե կաթիլ» ձեթի գործարանը Թաղավարդում շարունակում էր գործել նաև պատերազմից հետո. արտադրական ծավալը՝ օրական 10 հազար շշալցում: Գործարանի տնօրեն Նորայր Ստեփանյանի խոսքով՝ չնայած գազամատակարարման խնդրի հետևանքով ներկայումս դեռևս չեն աշխատում, այդուհանդերձ, հաստատակամ են գործունեությունը շարունակելու հարցում: Չնայած Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով կրած վնասներին՝ գործարանն իր աշխատանքը վերսկսել է պատերազմի ավարտից 2 շաբաթ անց: Առ այսօր հրթիռակոծության՝ գործարանի արտադրամասերին, պահեստներին հասցված վնասներն ամբողջությամբ չեն վերացվել: Գործարանի տնօրենը նշեց, որ պատերազմի հետևանքով արևածաղկի մշակության հողատարածքների կորուստը հանգեցրել է հումքի ձեռքբերման խնդիրների, ինչի հետևանքով էլ արտադրական ծավալները նվազել են 30%-ով: «Սա հանգեցրել է նաև աշխատողների թվի նվազման. եթե մինչ պատերազմը գործարանն ուներ 72 աշխատող, ապա այժմ նրանց թիվը 40 է», - ասաց գործարանի տնօրեն Նորայր Ստեփանյանը: Նախկինում մեծամասամբ տեղական հումքով էր արտադրվում ձեթը, ինչով պայմանավորված էր նաև արտադրանքի` համեմատաբար մատչելի գներով իրացումը: Պատերազմից հետո տևական ժամանակ արտադրությունը շարունակվել է տեղական հումքի մնացորդով, իսկ հիմա Ռուսաստանում գործարան են վարձակալել, որտեղ հումք են վերամշակում` հետագայում Արցախ տեղափոխելու, դրանով արտադրությունը շարունակելու համար: «Այս պահին հստակ չենք կարող ասել՝ արտադրանքի գնի բարձրացում կլինի՞, թե՞ ոչ, բայց կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի արտադրությունը կանգ չառնի»,- հավաստիացրեց տնօրենը: