Տեղացած ձյունը դրական ազդեցություն կունենա աշնանացանի և գարնանացանի վրա
Վերջին օրերին հանրապետությունում տեղացած ձյունը դրական ազդեցություն կունենա աշնանացան հացահատիկի ցանքսերի վրա: «Ազատ Արցախ»-ի հետ զրույցում ասաց ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ հավելելով, որ ձյան տեղումները շատ անհրաժեշտ են /ճիշտ է, ոչ այսքան առատ / ցանքսի համար:
«Իհարկե, որոշակիորեն կհետաձգվեն գարնանը նախատեսված դաշտային գյուղատնտեսական աշխատանքները, սակայն տեղումները դրական ազդեցություն կունենան աշնանացան և գարնանացան մշակաբույսերի բերքատվության վրա: Արձանագրված և սպասվող ցածր ջերմաստիճանը նվազագույն բացասական ազդեցություն կունենա»,-ասաց Վ. Ավետիսյանը:
Հանրապետությունում 2022 թվականի բերքի տակ նախատեսվող գարնանացանի հողի նախապատաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս անցած տարվա դեկտեմբերից և շարունակվել են մինչև վերջերս՝ ընդհատվելով ձյան առատ տեղումների պատճառով:
Վիլեն Ավետիսյանի խոսքով՝ այս տարվա մարտի 18-ի դրությամբ գարնանացանի տակ նախապատրաստվել է 2 հազար 102 հեկտար տարածք, որից ցանքս է կատարվել 190 հեկտարի վրա, այդ թվում՝ հաճար 101 հա, կտավհատ՝ 70 հա, գարի՝ 7 հա, կարտոֆիլ՝ 4 հա, բանջարեղեն՝ 8 հա:
Գարնանացանի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով ԱՀ կառավարության կողմից հաստատվել է «Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման» ծրագիրը, որի համաձայն՝ հողօգտագործողներին, որպես պետական աջակցություն, արժեքի սուբսիդավորմամբ /կորնգանի և առվույտի դեպքում անհատույց/ կտրամադրվի գարնանացան որոշ մշակաբույսերի սերմեր, իսկ մի շարք գարնանացան մշակաբույսերից ստացված բերքը ԳԳԱՀ պահեստներում իրացնելու դեպքում կտրամադրվի լրավճար:
«Լրավճար է նախատեսվում նաև սիլոսի համար, եգիպտացորենի ու ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման դեպքում: Անհատույց ֆինանսական աջակցություն կտրամադրվի բանջարաբոստանային բույսերի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին»,-ասաց ԱՀ գյուղատնտեսության փոխնախարարը:
Անդրադառնալով առաջնագծամերձ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներին՝ Վիլեն Ավետիսյանը նշեց, որ կազմակերպվում են ԱՀ համապատասխան կառույցների և Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի համատեղ անվտանգային միջոցառումներով: Սակայն վերջին շրջանում մշակվող, բայց վտանգավոր որոշ տարածքներում աշխատանքները ժամանակավորապես կասեցված են:
Անի Մանգասարյան