ԱՐՑԱԽՅԱՆ ԱՆԱՐԱՏ ՄԵՂՐԸ` ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ
«Հաթերք ֆուդ» ՍՊԸ-ն հիմնվել է 2018 թվականին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում` մեղվաբույծների ընտանիքի կողմից: Տարիների ընթացքում ընտանեկան բիզնեսը վերածվեց ավելի խոշոր ընկերության, իսկ արտադրած անաղարտ մեղրը Հաթերքից հասավ միջազգային շուկա: Ինչպե՞ս տեղի ունեցավ հաջողության այս թռիչքը: «Հաթերք ֆուդ» ՍՊԸ տնօրեն Սամվել Միրզախանյանի հետ զրուցեցինք ընտանեկան բիզնեսի, արցախյան մեղրի արտադրության, ընդհանրապես, երկրի տնտեսության այս ոլորտի զարգացման, մթերքի իրացման, աշխարհի շուկաներ այն հանելու մասին:
Արցախյան մեղրի փառատոնին, որը տեղի է ունեցել 2019թ. Քարվաճառում, հարուստ տեսականիով հանդես եկած «Հաթերք ֆուդ»-ը զարմացրեց հաճախորդներին արտադրած մթերքի յուրահատուկ փաթեթավորմամբ, համի ու բուրմունքի նրբությամբ: 2 տարի՝ 2018-ին, 2019-ին, ընկերությունն ինքը Հաթերքում կազմակերպեց ժենգյալով հացի փառատոներ` ներկայացնելով մեղրի հարուստ տեսականին: Այդ տարիներին «Հաթերք ֆուդ»-ի արտադրած մեղրը մեծ համբավ ու պահանջարկ ունեցավ: Արտադրանքի ծավալները մեծացան, ինչն էլ, իր հերթին, իրացման խնդիր առաջ բերեց, վկայում է Ս. Միրզախանյանը: Այս հարցում օգնության ձեռք մեկնեցին իշխանությունները, և մեծ աշխատանք կատարվեց, որպեսզի իրացման խնդիրը լուծվի պատշաճ մակարդակով:
Սակայն 2020 թվականի աշնանը սկսված պատերազմը խաթարեց նախատեսված ծրագրերը` պատմում է երիտասարդ գործարարը: Ընտանիքի բոլոր անդամներն էլ մասնակցեցին մարտական գործողություններին, ինչի պատճառով փեթակները կարևոր ժամանակահատվածում մնացին լքված, և դարձան ոչ պիտանի: Պատերազմից հետո անվնաս փեթակների մի մասը տեղափոխվեց Հայաստան, Տավուշի շրջան: Եվ ընկերությունն այսօր գործունեություն է ծավալում թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում` զբաղվելով ոչ միայն մեղվաբուծությամբ, այլև մուրաբաների և թեյի արտադրությամբ:
Իսկ ամեն ինչ սկսվեց շատ վաղուց: Սամվելի պապիկի պապիկն էր գերդաստանի առաջին մեղվաբույծը: «Վիլեն պապիկս 12 տարեկան էր,- պատմում է Սամվելը,- երբ նրա հայրը 2-րդ համաշխարհային պատերազմից տուն չվերադարձավ: Հենց այդ տարիներից նա շարունակեց իր պապիկի գործը: Երկար տարիներ աշխատում էր որպես կոլտնտեսության գլխավոր անասնաբույժ և մեղվաբույծ: Մեր գյուղում գրեթե բոլորին ինքն է սովորեցրել մեղվաբուծությունը: Փոքր տարիքից տեսել եմ` ինչպիսի ջանասիրությամբ էր սովորեցնում, գաղտնիքներով կիսվում նրանց հետ: Հիշում եմ, կարմիր ձի ուներ: Այդ ձիով շրջում էր գյուղեգյուղ, տերերից ավելի պարտաճանաչ հետևում փեթակներին: Կարելի է ասել, մեղվաբուծությունն իր տարերքն էր»:
Ուշագրավն այն է, որ Սամվելի ծնողները գրեթե չէին հետաքրքրվում այս գործով: Ճարտարագետ հոր համար անհետաքրքիր զբաղմունք էր մեղվաբուծությունը: Սակայն Սամվելի համար, չնայած այն հանգամանքին, որ այսօր սովորում է բժշկական համալսարանում, մեղվաբուծությունը դեռ մանուկ տարիներից ամենասիրված զբաղմունքն էր: «Կարելի է ասել, որ մեղուների մեջ եմ մեծացել,- յուրահատուկ մի ջերմությամբ վերհիշում է Սամվելը: -Վիլեն պապիկս սովորեցնում էր տիրապետել ոչ միայն մեղվաբուծության գաղտնիքներին, այլև խնամքով վերաբերվել քո իսկ սեփական ձեռքերով, քրտինքով ստեղծած ամեն ինչին, խնայել վաստակած լուման, ծախսել այն նպատակային»:
Պապիկի տված դասերը Սամվելին շատ օգնեցին հետագայում: Սեփական ուժերով առաջին փորձն արեց, երբ սովորում էր 10-րդ դասարանում: Պապիկից 15 փեթակ խնդրեց, տարավ Քարվաճառ: Այդ տարի ստացավ 450 կգ մեղր, որից 150-ը տվեց պապիկին, իսկ 300-ը վաճառեց: Դա 2012-13-ին էր: 2014-ին ընդունվեց Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարան, 2015-ին գնաց բանակ: Այդ տարիների ընթացքում պապիկը հիվանդացավ, և երբ Սամվելը բանակից վերադարձավ, տեսավ, որ 50 փեթակից մնացել է 13-ը: «Ես հասկացա,- ընդգծում է նա,- որ գործը պետք է շարունակել, բայց այլ մակարդակով: Այդ ժամանակ Արցախում Երիտֆորում ծրագիր էր իրականացվում: Մասնակցեցի, հանդիպեցի ծրագրի խոսնակներին` Վահրամ Միրաքյանին, Ռոբերտ Ղուկասյանին: Շատ բան սովորեցի նրանցից: Որոշեցի զարգացնել Հաթերքը` ընդօրինակելով Ռոբերտին: Արցախում շատերը գիտեն Հաթերքի մասին, բայց Երևանում քչերը գիտեն, որ մեր գյուղը հազարամյակների պատմություն, հերոսական անցյալ ու ներկա, գեղեցիկ բնություն ունի, որի մասին շատերը պետք է իմանան: Որոշեցի ստեղծել Հաթերք բրենդը»: Տարբեր բիզնես-դասընթացներ հաճախելուց հետո Սամվելը թիմ հավաքեց և ստեղծեց «Հաթերք ֆուդ» ընկերությունը:
Սամվել Միրզախանյանը ոչ միայն շարունակեց իր պապերի գործը, այլև կատարելագործեց և այն հասցրեց միջազգային մակարդակի: «Հաթերք ֆուդ»-ի տնօրինությունը գիտակցում է, որ ձեռք բերած փորձով պետք է կիսվել մյուս մեղվաբույծների հետ, և մեղվաբուծությունն Արցախում բարձրացնել նոր մակարդակի: Այս նպատակով ընկերությունն առցանց եղանակով բաց դասեր է կազմակերպում բոլոր ցանկացողների համար: Սամվելը խորին երախտագիտությամբ է խոսում ընկերության գլխավոր մասնագետի` Վլադիմիր Հովսեփյանի մասին, ով իր գիտելիքներով ու նվիրվածությամբ գործը հասցրեց նոր բարձունքների: Անշուշտ, նաև իշխանությունների աջակցությունը մեծ դեր խաղաց, նշում է նա, ինչի շնորհիվ վերջին 2 տարում «Հաթերք ֆուդ»-ը հնարավորություն ունեցավ ներկայացնել իր արտադրանքը Դուբայի միջազգային շուկայում` առաջարկելով գնորդներին մոտ 2 տոննա անարատ մեղր Արցախից և Հայաստանից:
Դա մեծ հաջողություն է, համոզված է Սամվել Միրզախանյանը, բայց, նաև նկատում է` եթե գործունեություն ես ծավալում միջազգային շուկայում, պետք է ավելի ընդլայնես արտադրությունը, քանի որ միջազգային մակարդակով դա շատ փոքր ծավալ է: Այս ուղղությամբ ընկերությունը լուրջ աշխատանք է սկսել թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում: «Հաթերք ֆուդ»-ի գլխավոր տնօրենը համոզված է, որ Արցախի և Հայաստանի բնությունն այնքան հարուստ է, որ անարատ մեղրի արտադրությունը կարելի է հասցնել անհամեմատ մեծ ծավալների: Արտադրանքն ամբողջությամբ հնարավոր է իրացնել միջազգային շուկաներում, քանի որ մեծ պահանջարկ կա` էկոլոգիապես մաքուր և նուրբ համերով հարուստ մթերքի: Ինչպես ասում են` քայլողն ինքն է ճանապարհ հարթում:
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ