ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂ
Պարզաբանում՝ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների գնաճի վերաբերյալ
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում Ստեփանակերտում գործող 17 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների վերլուծության արդյունքում, արձանագրվել է 49 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 38 գնաճ և 11 գնանկում։ Մնացած 6 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ կամ տատանվում են 1%-ի շրջանակում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը։
Նրա հաղորդմամբ՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակներից, մասնավորապես գնաճ է արձանագրվել նաև «Հաց» /450-500 գր/ 9 դրամ (4,5%), ձեթ «Ոսկե կաթիլ» 1 լիտր՝ 95 դրամ (9,4%), տեղական արտադրության կաթնամթերք (կաթ 1 լ՝ 54 դրամ (16,1%), գնանկում՝ «Հավի ձու» 1 հատ՝ 18,6 դրամ (23 %)։ Աճել են նաև բենզին «Ռեգուլյար» 1 լ՝ 10 դրամ (1,9%), դիզվառելիք 1 լ՝ 150 դրամ (28,8%) ապրանքատեսակների գները։
Ինչու՞ է թանկացել հացը
Վարչության պետը նախ նշեց, որ հացի ապրանքային շուկան բավականին մրցակցային է։ Պայմանավորված ալյուրի գների թանկացմամբ՝ գնաճը կազմել է 10 դրամ։ Այստեղ առկա է միայն առևտրային ցանց ունեցող ընկերություն։ Նրա խոսքով՝ չնայած հացամթերքի և կաթնամթերքի գների աճին, այս ապրանքատեսակները Արցախում տեղական արտադրողների կողմից շարունակվում են իրացվել անհամեմատ ավելի էժան, քան ՀՀ-ում է։
Իսկ կաթնամթե՞րքը
Այս հարցին ի պատասխան, Հ. Ավթանդիլյանը փաստեց, որ հանձնաժողովը գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքային շուկայում իրացվող ապրանքատեսակների գնային փոփոխությունների հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ, իսկ այն շուկաներում, որտեղ չկան գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտներ, ուսումնասիրության անհրաժեշտություն չկա և գները ձևավորվում են օբյեկտիվորեն։ Կաթնամթերքի շրջանառության ոլորտում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների շրջանում Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ կաթնամթերքի շուկայում գնաճը պայմանավորված է մթերվող անարատ կաթի գնաճով, որն էլ իր հերթին՝ հումքի գներով, իսկ հետպատերազմյան ժամանակաշրջանում անարատ կաթի կտրուկ կրճատումը հանգեցրել է ներմուծվող կաթի փոշու ծավալների ավելացմանը արտադրության մեջ /վերջին ժամանակաշրջանում կտրուկ աճել են կաթի փոշու, նաև՝ արտադրության մեջ օգտագործվող ներմուծվող կարագի գները/։
...Դիզվառելի՞քը
Ըստ Վ. Ավթանդիլյանի՝ քանի որ Արցախում «Դիզելային վառելիք» և «Բենզին» ապրանքային շուկաներում առկա է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ, Հանձնաժողովը մշտապես հետևում է Հայաստանում վառելիքի գների փոփոխությանը՝ համապատասխան դինամիկա ապահովելու նպատակով, քանի որ Արցախի Հանրապետությունում իրացվող վառելիքի իրացման գներն ուղղակիորեն փոխկապակցված են ՀՀ գների հետ՝ հաշվի առնելով, որ ներմուծվող ապրանքներ են։ Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ հանձնաժողովի իրավասության տիրույթում են ԱՀ ռեզիդենտ հանդիսացող սուբյեկտների ներմուծման պայմանները և դրանց փոփոխություններն ուսումնասիրելը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունների՝ դիզվառելիքի գնաճի հիմնական պատճառը միջազգային շուկաներում դրա գների բարձրացումներն են, որն անդրադարձել է ՀՀ ներքին շուկայի վրա, և 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում շուրջ 25-35 տոկոսով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները, ինչպես նաև տեղի է ունեցել լոգիստիկ ծախսերի որոշակի ավելացում, ինչն էլ բերել է դիզվառելիքի իրացման գների փոփոխության։
Այն հարցին, թե ո՞րն է 2022 թվականի տարեսկզբից գնաճի պատճառը, մեր զրուցակիցը նշեց, որ այն պայմանավորված է ինչպես հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած փոփոխություններով, որոնք հիմնականում ազդել են տեղական արտադրության ապրանքատեսակների վրա (կաթնամթերք և հացամթերք), այնպես էլ ներմուծվող ապրանքատեսակների վրա, որոնց գնաճը պայմանավորված է միջազգային շուկայում և ՀՀ-ում տեղի ունեցած ապրանքատեսակների և հումքի գնաճով (ձեթ, ալյուր, բենզին, դիզվառելիք և մի շարք այլ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ)։
Հ. Ավթանդիլյանից տեղեկացանք, որ գերիշխող դիրք ունեցող նշված մյուս տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների մասով արձանագրված գնային փոփոխությունները նույնպես պայմանավորված են միջազգային ու հայաստանյան շուկաներում տեղի ունեցող զարգացումներով և համահունչ են հայաստանյան շուկայում արձանագրված գնային փոփոխություններին։ Վարչության պետը հավելեց, որ Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում գործադրում է բոլոր ջանքերը՝ կանխարգելելու և բացառելու մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումները։
Վարչության պետն ընդգծեց, որ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը մշտապես իրականացնում է մի շարք լայն սպառման ապրանքատեսակների իրացման պայմանների մշտադիտարկումներ, որը ոչ թե գների վրա ազդելու և գնաճը զսպելու, այլ հակամրցակցային համաձայնությունների, անբարեխիղճ մրցակցության, գերիշխող դիրքի չարաշահման հնարավոր դեպքերի բացահայտման ու ռիսկերի գնահատման նպատակ է հետապնդում՝ կարևորելով կարգավորման գործառույթի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովը գնագոյացման առումով վերահսկողություն է իրականացնում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքների մասով, իսկ շաբաթական կտրվածքով հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և մի շարք ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով։
Աննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ