ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Արցախյան վերջին պատերազմից հետո հացահատիկի խնդիր է առաջացել` վարելահողերի կրճատման և հացահատիկային մշակաբույսերի ցածր բերքատվության պատճառով:
Այժմ խնդիր է դրված աճեցնել ավելի բարձր բերքատվություն ունեցող սորտեր, ինչպես նաև օգտագործել հնարավորինս ավելի շատ վարելահողեր: Ինչպե՞ս է իրականացվում, իմացանք` այցելելով «Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ:
Կենտրոնի Սորտափորձարկման և սերմնաբուծության բաժնի վարիչ Նազիկ Մելքումյանի հավաստմամբ` ընկերությունը գործում է վաղուց, բայց սերմնաբուծության զարգացման գործընթացն առավել թափ ստացավ 2011-12թթ., երբ երկրի ղեկավարի ռազմավարական նախագծով հաստատվեց նաև սերմնաբուծության զարգացման ծրագիրը: Խնդիր առաջադրվեց` անմշակ հողերը դարձնել մշակովի: Սուբսիդավորման ավելացման շնորհիվ, վկայում է նա, հնարավոր եղավ Ասկերանի շրջանի Լուսաձոր, Այգեստան, Իվանյան, Խնձրիստան, Պատարա, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքներում սեփական հողակտորներ վարձակալել և մշակել սերմարտադրության նպատակով: Արդյունքում, կտրուկ ավելացան սերմարտադրության ծավալները, ինչի շնորհիվ հողագործները ցանքսի համար սերմեր կարող էին գնել տեղում:
Կենտրոնն իրականացնում է սորտափորձարկում, որի էությունն այն է, պարզաբանում է Ն. Մելքումյանը, որ գյուղատնտեսական մշակաբույսերի տարբեր սորտերն ու դրանց հիբրիդները տեղայնացվեն տվյալ գոտուն: «Բացի այդ,- շեշտուն է նա,- մենք իրականացնում ենք արդեն տեղայնացված սորտերի սերմարտադրություն: Այսինքն, սկսած հիմնային ընտրասերողից, կենտրոնը կազմակերպում է առաջին և երկրորդ վերարտադրությունը»: Այսօրվա դրությամբ, տեղեկացնում է նա, պետպատվերի շրջանակներում իրականացվում է հացահատիկայինների 36 սորտի փորձարկում` 20 աշնանացան ցորենի, 10 աշնանացան տրիտիկալե ցորենի և գարու 6 տեսակների: Կատարվում է նաև եգիպտացորենի և արևածաղկի սերմերի սորտափորձարկում:
Ընդհանրապես, հավաստիացնում է բաժնի վարիչը, անցած տարիների ընթացքում պետպատվերի շրջանակներում իրականացվել է գյուղատնտեսական 13 մշակաբույսերի 168 սորտերի տնտեսական օգտագործման փորձարկում, որի արդյունքում սելեկցիոն գրանցամատյանում գրանցվել է օգտագործման թույլտվություն ստացած 86 սորտ: Կազմակերպվում է նաև սերմարտադրողների դաշտերի հետազոտություն, ինչպես և սերմերի հավաստագրում:
Կենտրոնի Սերմերի որակի ստուգման լաբորատորիայի գլխավոր մասնագետ Ռիտա Պողոսյանը տեղեկացրեց, որ լաբորատորիայում ստուգում են սերմի մաքրությունը, ծլունակությունը, 1000 հատիկի քաշը /գրամներով/, խոնավությունը, հիվանդությունների, վնասատուների վարակվածության աստիճանը և այլ որակներ: Դրա հիման վրա եզրակացություն է տրվում տվյալ սորտի պիտանելիության մասին: Այսինքն, պարզաբանում է մասնագետը, հողագործին խորհուրդ է տրվում` նշված սորտից քանի կիլոգրամ սերմ կարելի է ցանել 1 հեկտարում: Ռ. Պողոսյանը շեշտեց, որ գյուղացու աճեցրած հացահատիկայինի ստուգման ողջ ընթացքը կատարվում է անվճար: Պետպատվերի շրջանակում տարվա կտրվածքով լաբորատորիայում իրականացվում է 400 նմուշի ստուգում: Մասնագետի հավաստմամբ` մոտավորապես այդքան հայտ է ներկայացվում, իսկ ավելացման դեպքում ստուգումներն իրականացվում են հաջորդ տարվա ընթացքում: Լաբորատորիան ոչ միայն հացահատիկայինների, այլև եգիպտացորենի, արևածաղկի և այլ մշակաբույսերի ստուգումներ է իրականացնում:
Հողօգտագործողների հետ կապն իրականացվում է շրջվարչակազմերի գյուղատնտեսական բաժինների մասնագետների միջոցով: «Մենք ունենք պետական սորտափորձարկումների սելեկցիոն գրանցամատյան,- պարզաբանում է բաժնի վարիչը: -Սորտերը, որոնք երաշխավորվել են պետական հանձնաժողովի կողմից, գրանցվում են և ուղարկվում շրջվարչակազմերի համապատասխան բաժիններ: Վարչակազմի ղեկավարը բաժնի մասնագետների հետ մատյանում գրանցված սորտերն առաջարկում է հողագործներին»: Ն. Մելքումյանի հավաստմամբ` այժմ փորձարկումներն իրականացվում են այնպիսի սորտեր ստանալու նպատակով, որոնք ունեն ոչ միայն բարձր բերքատվություն, այլև երկրի միջին և բարձր գոտիներում դիմացկունություն, որպեսզի եղած հողերը օգտագործվեն առավելագույն բերք ստանալու համար:
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ