[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ. ՕՐԸ ՏԱՐԻ Է ԿԵՐԱԿՐՈՒՄ

 

Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում ընթացիկ գյուղատնտեսական տարում հերկի, ցանքսի, պարարտացման ու սնուցման բոլոր միջոցառումները կատարել են ժամանակին: Տարվա սկզբից տեղումները սակավ էին, մտավախություն կար, որ խոնավության պակասը բացասական ազդեցություն կունենա մշակաբույսերի աճի վրա, բայց վերջին շրջանի տեղումները զգալի նպաստել են ցանքսերի բարելավմանը:

«Ուսումնասիրել եմ աշնանացան և գարնանացան դաշտերի վիճակը՝ գոհ եմ: Չնայած հողատարածքները հակառակորդի  նշանառության տակ են, բայց աշխատանքների ընթացքը խանգարելու փորձ, բարեբախտաբար, չի գրանցվել: Խաղաղապահ ուժերը մեզ այդ հարցում աջակցում են: Մնում է բերքահավաքը կարողանանք ժամանակին ու անկորուստ կազմակերպել»,- ասում է Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը: 

Գյուղում յուրաքանչյուր ընտանիք մեկ կամ մի քանի հեկտար հող է մշակել, ցավոք, մեծ տարածքներ չկան: Հատկապես  ակտիվություն է նկատվում բանջարաբոստանային բույսերի մշակությամբ զբաղվելու հարցում: Մաճկալաշենում 40-ից ավելի ջերմոցներ կան: Բացի այդ, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս է կատարվում  նաև բաց տարածքներում: Տարբեր ծրագրերի շրջանակներում բավականին լուրջ և՛ նյութական, և՛ տեղեկատվական աջակցություն է ցուցաբերվել հողօգտագործողներին:

«Մաճկալաշենում մինչ օրս ջրի  խնդիր չի եղել, բայց, պայմանավորված նոր ջերմոցային տնտեսությունների ստեղծմամբ, ջրհավաք տարայի ջուրն արդեն չի բավականացնի, քանի որ տարողությունը փոքր է: Դիմել ենք համապատասխան մարմիններին և շուտով կունենանք ավելի մեծ տարողությամբ տարա, որտեղ կենտրոնացնելով ջրային պաշարները՝ կկարողանանք բավարար ծավալով բաշխել բնակիչներին»,- ասում է համայնքի ղեկավարը:    

Գյուղում զբաղվում են նաև այգեգործությամբ, մշակում են  40 հեկտար թթայգի, 25հա խաղողայգի, որից 1 հա-ը՝ նորատունկ, փոքր տարածքով պտղատու այգիներ ունեն նաև տնամերձերում:

Մաճկալաշենի արտադրողների համար սուր խնդիր է իրացումը, որը հիմնականում պայմանավորված է շուկայի  հեռավորությամբ /Ստեփանակերտից, Մարտունուց/:  Տեղում էլ իրացումը դժվար է:

Անդրադառնալով  անասնապահությանը, համայնքի ղեկավարը նշեց, որ պատերազմի հետևանքով արոտավայրերի մեծ մասը հայտնվել է հակառակորդի հսկողության ներքո, ինչը խնդիրներ է առաջացնում խոշոր և մանր եղջերավոր անասնապահության համար: Խոզերի  գլխաքանակն  ավելանում է, այս ճյուղով հետաքրքրվողներն օրեցօր շատանում են:

Սահման պահող Մաճկալաշենում օրը բացվում ու մթնում է աշխատանքով. տարվա ամենաեռուն շրջանն է: Ժողովրդական խոսքն ասում է՝ օրը տարի է կերակրում, ինչը Մաճկալաշենում  լավ են գիտակցում:

 

ԿԱՐԻՆԵ ԴԱԴԱՄՅԱՆ