[ARM]     [RUS]     [ENG]

ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻՆ ՏՐՎԵԼ Է ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում  2021 թվականի պետական բյուջեի կատարողականը։

«Նախնական քննարկումների արդյունքներով, ընդհանուր առմամբ, 2021 թվականի պետական բյուջեի կատարողականը եկամուտների ու ծախսերի գծով կարող ենք գնահատել դրական: Իհարկե, կան ոլորտներ, որտեղ անելիքներ ունենք բյուջեի կատարողականների կատարելագործման առումով, բայց հիմնականում իրականացվել են նախանշված ծրագրերը՝ ուղղված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ու երկրի տնտեսության զարգացմանը: Կատարողականն իրականացվել է կառավարության գործունեության ծրագրի շրջանակներում: Պլանավորված եկամուտները գերակատարվել են: Բյուջեով պլանավորված հատկացումները կազմել են 245 միլիարդ 337,2 միլիոն դրամ, կատարողականը՝  224 միլիարդ 158,5 միլիոն դրամ, 91,4 տոկոս: Ծախսերի գծով եղել են ծրագրեր, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ  պատճառներով մասամբ են իրականացվել: Հետպատերազմյան ժամանակաշրջանում ավելի շատ ուշադրություն է դարձվում սոցիալական բնույթի ծրագրերին ու ծախսերին, բայց զուգահեռ բյուջեում նախատեսված էին տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր: Նախորդ տարի բյուջեն ընդունելու ժամանակ նշել էինք, որ միայն սոցիալական ծրագրեր իրականացնելով չենք կարողանալու տնտեսության հեռանկարային զարգացում ունենալ»,- մանրամասնեց Ա. Հարությունյանը:

Խնդիրնե՞ր. Ի՞նչ քայլեր կձեռնարկվեն

-Մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակ հարց ու պատասխանի ձևաչափով կամ հաշվետվություն ներկայացնող պաշտոնատար անձանց կողմից ներկայացվել են ոլորտային խնդիրներն ու դրանց պատճառները: Կան խնդիրներ, որոնք իրավական կարգավորումներ են պահանջում կամ առավել կազմակերպված աշխատանք, արձանագրվել են նաև քաղաքացիների կամ շահառուների` սոցիալական ծրագրերի հետ կապված իրազեկվածության խնդիրներ: Աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու քննարկումների ընթացքում հնչել են առաջարկություններ թերակատարումների շտկման վերաբերյալ։

Ավարտվել են Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում և խմբակցություններում:

Ըստ կանոնակարգ օրենքի՝ տեղի է ունեցել գլխադասային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում բյուջեի կատարման հաշվետվությունը դրական եզրակացությամբ ընդգրկվել է առաջիկա հերթական լիագումար նիստի օրակարգում: 

 

Զրույցը՝ Լուսինե ՇԱԴՅԱՆԻ