[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԼԱՅՆ ԹԱՓ Է ՍՏԱՑԵԼ

 

Ասկերանի շրջանում ջերմատների կառուցումը լայն թափ է ստացել․ բնակչությունը սկսել է տնամերձ տարածքներում զարգացնել ջերմատնային տնտեսությունը: Նախօրեին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը և տեղակալ Կարեն Աղաջանյանը շրջայցով ծանոթացել են Ասկերանում և Իվանյանում գործող ջերմատներում ընթացող աշխատանքներին, զարգացման ծրագրերին, հողօգտագործողների հետ քննարկել առկա խնդիրներն ու անելիքները: «Էյ-թի-փի» բարեգործական հիմնադրամի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի աջակցությամբ՝ շրջանի Խնապատ և Խրամորթ համայնքների սոցիալական որոշակի խմբերում ընդգրկված 24 ընտանիքի համար կառուցվում են 30 քառ.մետր մակերեսով ջերմատներ: Տրամադրվելու են համապատասխան բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր, պտղատու ծառատեսակներ, այգեգործական գործիքներ: Ինչպես տեղեկացնում է շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Աղաջանյանը՝ ջերմատներով զբաղվողների համար ՀՀ-ում կազմակերպվելու են նաև ջերմատնային տնտեսությունների վարման և մշակաբույսերի խնամքի վերաբերյալ ուսուցում-դասընթացներ: Նշենք, որ Ասկերանի շրջանի համայնքներում ներկա դրությամբ գործում է ավելի քան 200-ից ջերմատուն: Պետական, մասնավոր և բարեգործական ծրագրերով շրջանում ջերմատների կառուցումը շարունակվում է։

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ