[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳԱՐՈՒ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

 

Մարտունու շրջանում հունիսի 12-ից սկսված են գարու հնձի աշխատանքները:

Այսօր շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը տեղակալ Մասիս Զարգարյանի և աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանի ուղեկցությամբ եղել է գարու դաշտերում և ծանոթացել բերքահավաքի ընթացքին:

Շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչի  փոխանցմամբ՝ այս տարվա հացահատիկային մշակաբույսերի ցանքսերն առանձնանում են իրենց առատությամբ և սպասվում է բավարար բերք ՝ ժամանակին իրականացված անհրաժեշտ ցանքսի ու մշակության հետ կապված աշխատանքների, ագրոտեխնիկական պահանջների կիրառմամբ, նաև բնակլիմայական պայմաններով պայմանավորված:

Հեկտարի միջին բերքատվությունը հունիսի 20-ի դրությամբ կազմում է 19.2 ցենտներ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 ցենտների փոխարեն:

 Իրացման խնդիր հացահատիկայինների մշակությամբ զբաղվողները չունեն, քանի որ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի շրջանում տեղակայված պահեստներն ունեն հնարավորություն  բերքն ամբողջությամբ պահեստավորելու և գնելու համար: Ելնելով հացահատիկային մշակաբույսերի արտադրության խթանման և իրացման գործում հողօգտագործողներին աջակցելու անհրաժեշտությունից՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն այս տարի ևս Հանրապետությունում կազմակերպում է հացահատիկայինների մթերման գործընթացը. գարու 1 կիլոգրամի գինը 160 դրամ է, իսկ հիմնադրամի հանդեպ ունեցած պարտքի դիմաց՝ 175 դրամ: Մթերվող գարու խոնավության թույլատրելի աստիճանը սահմանված է  մինչև 12%:  Հողօգտագործողների համար լրացուցիչ խնդիրներ չստեղծելու համար Հիմնադրամը կմթերի նաև 13-ից 14 տոկոս խոնավությամբ գարի, որի դեպքում գինը կլինի համապատասխանաբար՝ 3-ից  4 դրամով ցածր:

Պատասխանատուի խոսքով՝ ներդրվում են անհրաժեշտ բոլոր միջոցները բերքահավաքը ժամանակին ու անկորուստ կազմակերպելու համար:

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ