ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՆՌԱՆ ՀՅՈՒԹԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾ
Ասկերան քաղաքի բնակչուհի, մասնագիտությամբ մանկավարժ Լուսիկ Սարգսյանը որոշել է հարազատ քաղաքում սեփական գործն ունենալ։ Պատմում է, որ սկզբից նռան հյութ էր պատրաստում ընտանիքի, հարևանների, ծանոթ-բարեկամների համար։ Արժանանալով հավանության, որոշեց նաև վաճառքի հանել։
«Նռան հյութի բիզնեսն սկսեցի 5 տարի առաջ։ Ունեմ 4 հեկտար այգի։ Իրացման հետ միշտ խնդիրներ էի ունենում։ Ստիպված էժան գնով հանձնում էի գործարաններին։ Մասնակցելով Ասկերանի զարգացման կենտրոնի դասընթացներին՝ գաղափար առաջացավ ստեղծել սեփական գործ։ Մինչ այդ նռան հյութը վաճառքի էի հանում նաև օնլայն հարթակի միջոցով՝ գովազդելով «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան էջում։ Օնլայն եղանակով վաճառեցի 200 շիշ նռան հյութ։ Գնորդներից նաև կարծիք էի ակնկալում և առաջարկներ»,-պատմում է Լուսիկը։
Կարծիքները, միանշանակ, դրական էին, հյութը՝ պահանջված։ Սակայն, ինչպես խոստովանում է Լուսիկը, խնդիր էր նաև հյութն առաքելը, քանի որ գնորդների մեծամասնությունը Երևանից և Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններից էին։ Որոշեց մտնել հարկային դաշտ և համագործակցել ռեստորանային համալիրների ու սուպերմարկետների հետ։
Չնայած հիմնական աշխատանք ունի, միշտ էլ մեծ ոգևորությամբ ու սիրով է պատրաստում նռան հյութը։
«Աշխատում եմ Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան գրադարանում՝ որպես գլխավոր գրադարանավարուհի, սակայն դա չի խանգարում զբաղվել նաև այլ աշխատանքով և ունենալ եկամտի ուրիշ աղբյուր։ Ստեղծեցի իմ սեփական բրենդը։ Այն վաճառվում է «ԱՁ Լուսիկ Սարգսյան» պիտակավորմամբ։ Սեփական բրենդ ունենալու գաղափարը ծագեց Ասկերանի զարգացման կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներին մասնակցելուց հետո»,- պատմում է Լուսիկը։
«Ցանկանում եմ բնակչությանը մատակարարել որակյալ, առանց հավելումների և բարձր սննդային արժեքներով հյութ։ Հյութը պատրաստում եմ տնային պայմաններում և ամբողջությամբ բնական հումքից։ Այն տարբերվում է գործարաններում պատրաստվածից, քաղցրահամ է, չունի դառնություն»,- նշում է Լուսիկ Սարգսյանը և հավելում, որ այս տարի նռան հյութի քանակը հասցնելու է 1000 լիտրի և վաճառելու է Արցախում։
Նանիկ ԱՂԱՍՅԱՆ