[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՔՈՒՄ ԱՐԴՅՈՒՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՆ Է

Արցախում անասնապահությունը զարգացնելու և գրագետ անասնապահության ուղղությամբ աշխատանքները համակարգելու նպատակով 2008թ. կառավարության կողմից հիմնադրվեց տոհմակայան:

Ճիշտ աշխատանքի շնորհիվ ԱՀ Գյուղատնտեսության նախարարության «ՏՈՀՄԱԿԱՅԱՆ» ՓԲԸ-ն այսօր տալիս է բարձրորակ արտադրանք, որն, ինչպես նշում են ընկերության պատասխանատուները, համապատասխանում է բոլոր պահանջվող չափանիշներին:

Մեզ հետ զրույցում ընկերության տնօրեն Գեորգի Լալայանն ասաց.

- Ներկա պահին ունենք չորս ցեղատեսակ, որոնք ներկրել ենք Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից և Հոլանդիայից:  Աշխատանքներն իրականացնում ենք բավականին ծանրաբեռնված գրաֆիկով, 24 ժամ  կենդանիներին պահում ենք հատուկ հսկողության տակ՝ նրանց համար ստեղծելով մեր կլիմայական պայմաններին հնարավորինս շուտ և լավ հարմարվելու բոլոր հնարավորությունները: Փառք Աստծո, այս առումով խնդիրներ հիմնականում չեն առաջանում:

Տոհմակայանում հանդիպեցինք մի հետաքրքիր իրադարձության. հատուկ ցեղատեսակի կովերից մեկը ծննդաբերել էր…

Ընկերության տնօրեն Գեորգի Լալայանը մեզ ուղեկցեց նաև այն տարածք, որտեղ ընթանում էին սիլոսի պահեստավորման աշխատանքներ, ամբողջ տոհմակայանում աշխատանքային եռուզեռ էր: Անձնակազմը պատրաստվում է ձմռանը: 

Ընկերության կառուցվածքին, ստորաբաժանումներին և սանիտարահիգիենիկ պայմաններին ծանոթացնելուց հետո, տնօրենը մեր ուշադրությանը ներկայացրեց նաև ընկերության տեխնիկական հագեցվածությունը, մասնավորապես՝ կթման սրահում առկա տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս միանգամից կթել մեծ թվով կովեր:

Ընկերությունն արտադրանքը սպառում է ներքին շուկայում՝ մատակարարում է «Արցախկաթ» կաթնամթերք արտադրող ընկերությանը:

Հարկ է նշել նաև կենդանիներին պահելու, խնամելու և կերակրելու կանոնների պահպանման կարևորությունը, որոնք ընկերությունը կատարում է ամենայն պատասխանատվությամբ:

Տոհմակայանը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև աշխատանք փնտրողների համար:

 

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ