[ARM]     [RUS]     [ENG]

Արևային համակարգեր և ֆինանսական խնայողություն

 

Հարցազրույց Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանի հետ

-Պարոն Մեժլումյան, ի՞նչ են իրենցից ներկայացնում  արևային  համակարգերը։  Ինչպե՞ս  են  աշխատում։

-Արևային կայանները լինում են 3 տեսակ՝ ցանցային, ինքնավար և հիբրիդ։ 

Ցանցային (on-grid) արևային կայաններն աշխատում են բաշխիչ ցանցին զուգահեռ ռեժիմում և ցանցի հուսալիության պարագայում արդյունավետ միջոց են էլեկտրաէներգիայի անհրաժեշտ ամենամսյա վճարները զրոյացնելու համար։ Ցանցային համակարգն արևային ֆոտոէլեկտրական կայանի տեսակ է, որի ժամանակ արտադրված էլեկտրաէներգիան ուղղվում է սեփական կարիքների սպառմանը, իսկ ավելցուկային մասը կուտակվում է բաշխիչ ցանցում՝ հետագա սպառման համար։ Այս համակարգի առավելությունն այն է, որ նույնիսկ եղանակային անբարենպաստ (ամպամած կամ անձրևային) պայմաններում, երբ արևային կայանի արտադրությունը չի բավարարում բնակելի տան կամ օբյեկտի՝ այդ պահին ունեցած էլեկտրաէներգիայի պահանջը, պակասող մասը լրացնում է բաշխիչ էլեկտրական ցանցը։

Երևույթը կարելի է բացատրել հասարակ օրինակով։ Ենթադրենք, մեր բնակարանի միջին ամսական սպառումը 80 կՎտ/ժ է։ Արևաշատ օրերի ժամանակ մեր կայանը կարողանում է արտադրել 100 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ 60 կՎտ/ժ։ Նման իրավիճակում ավելցուկային էլեկտրաէներգիան ուղղվում է դեպի բաշխիչ ցանց, որը կարելի է օգտագործել հաջորդ ամսվա ընթացքում, իսկ պակասորդային իրավիճակի դեպքում անհրաժեշտ քանակությունը վերցվում է բաշխիչ ցանցից։

Ինքնավար (off-grid) արևային ֆոտովոլտային կայանը հրաշալի լուծում է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սպառել էլեկտրաէներգիա, բայց չունեն բաշխիչ ցանցերի հետ միացում։ Էլեկտրակայանի այս տեսակը հաստատուն հոսանքի էլեկտրական էներգիան կուտակում է ակումուլյատորային մարտկոցներում, որն էլ հենց օգտագործվում է կենցաղային սարքավորումների շահագործման ժամանակ։ Այս տեսակի ֆոտովոլտային կայանների հիմնական թերությունը բարձր գինն է, քանի որ լիարժեք անկախության համար անհրաժեշտ մարտկոցները բավականին թանկ են։

Հիբրիդ արևային ֆոտովոլտային կայանները ցանցային և ինքնավար արևային կայանների համադրություն են, որոնք կարող են աշխատել և՛ ցանցի հետ զուգահեռ ռեժիմում, և՛ առանց դրա։ Հիբրիդ արևային կայան նախագծելիս հաշվի են առնվում այն հիմնական սպառիչները, որոնք մշտական էկեկտրամատակարարման կարիք ունեն, նույնիսկ եթե անջատվել է էլեկտրական ցանցի սնուցումը։ Նման սպառիչներ կարող են լինել տան Wi-Fi-ը, սառնարանը, հեռուստացույցը, լամպերը և այլն։ Հիբրիդ կայանների նախագծման ժամանակ ևս օգտագործվում են ակումուլյատորային մարտկոցներ։ Այս դեպքում կայանը աշխատում է այնպես, ինչպես ցանցայինի ժամանակ, միակ տարբերությունն այն է, որ եթե ցանցայինի ժամանակ ցանցի խափանման դեպքում տեղի է ունենում ամբողջական հոսանքազրկում, ապա այս պարագայում նախընտրելի սարքավորումներն աշխատում են՝ սնուցվելով ակումուլյատորային մարտկոցներից։ Այս տեսակի կայանի դեպքում էլ հիմնական խնդիրը բարձր գինն է։

Ամենատարածված արևային կայանի տեսակը ցանցայինն է։ Թեև այն ցանցի հոսանքազրկման դեպքում չի կարողանում ապահովել էլեկտրամատակարարում, սակայն համեմատաբար ավելի մատչելի է, քան հիբրիդ և ինքնավար արևային կայանները։

-Համակարգն ստեղծում է ոչ միայն էներգախնայողություն ,այլ նաև՝ ֆինանսական խնայողություն։ Բնականաբար, տնտեսապես շահավետ է։ Ի՞նչ կասեք այս մասին։

  -Արևային համակարգը թույլ է տալիս շատ ավելին խնայել։

   Օրինակ, 4 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը ԱՀ տարածքում տարեկան արտադրում է մոտ 5200 կՎտժ էլեկտրաէներգիա, որի դեպքում տարեկան խնայողությունը կազմում է մոտ 260 000 ՀՀ դրամ: Կառավարության կողմից վարվող քաղաքականությունն է`  խթանել արևային էներգետիկայի զարգացումը տնտեսության բոլոր ճյուղերում: Արևային համակարգերի շնորհիվ կկրճատվի պետական բյուջեից  հատկացվող, էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցվող ծախսերը։ Նման կրճատումների դեպքում էլ չի բացառվում նոր ծրագրերի ստեղծումը։

-Պարոն Մեժլումյան, Կառավարության կողմից հաստատվել էր «ԱՀ համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման ծրագրի մասին» որոշումը։ Ի՞նչ ընթացքում է այն։

-Ներկա դրությամբ մշակվում և ընդունվում են ծրագրի դրույթներին համապատասխան գործընթացները կարգավորող ընթացակարգեր: Արդեն իսկ հայտարարված է մրցույթ՝ Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 և թիվ 7 դպրոցների շենքերի համար 10 կՎտ հզորությամբ, Ասկերանի շրջանի վարչակազմի և Մարտունի քաղաքի արհեստագործական ուսումնարանի շենքերի համար՝ 4 կՎտ հզորությամբ ցանցային ու հիբրիդային արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման վերաբերյալ:

Ծրագրի կատարման հսկողությունը վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ֆինանսավորումը կիրականացվի   պետական բյուջեով՝ այդ նպատակով նախատեսված միջոցներով:

Նանիկ Աղասյան