ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԾՐԱԳՐԵՐ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
«Ազատ Արցախ»-ի հետ զրույցում գյուղատնտեսական նոր ծրագրերի, դրանց արդյունավետության, ակնկալիքների, ինչպես նաև սահմանափակ տարածքում բարձր բերքատվություն ապահովելու հնարավորություններին ու հեռանկարներին է անդրադարձել ԱՀ Գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը:
Բուսաբուծության ոլորտում իրականացվող նոր ծրագրեր. արդյունավետությունը, ի հայտ եկած խնդիրներ և ըստ այդմ՝ լուծումներ ու տեսլական
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ ընդհանուր առմամբ, բուսաբուծության ոլորտում հետպատերազմական ժամանակահատվածում մի շարք նոր ծրագրեր են ավելացել, ինչպես նաև վերանայվել են նախկինում գործողները։
-Նոր ծրագրերից է «Ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագիրը», որի շրջանակներում իրականացվում է ջերմատների կառուցման դիմաց աջակցություն մեկ քառակուսի մետրի հաշվով, ավանդական ջերմատնային տնտեսությունների դեպքում՝ 8 հազար դրամ, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատների դեպքում՝ 22 հազար դրամ,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ ծրագիրը բավականին ակտիվացրեց բուսաբուծության ոլորտում մի շարք շահառուների գործունեությունը։
Նորայր Մուսայելյանի պարզաբանմամբ՝ բաց գրունտում գործունեություն իրականացնելու փոխարեն այսօր շահառուներն են զբաղվում ջերմատնային տնտեսությամբ, ինչն ապահովագրված է և միավոր տարածքից ավելի շատ բերք է ապահովում։
Անդրադառնալով «Ջերմատնային տնտեսությունների և այգիների ենթակառուցվածքների զարգացման ծրագրին»՝ նախարարը նշեց, որ ծրագրի շրջանակներում ջերմատները էլեկտրաֆիկացվում կամ գազաֆիկացվում են, իսկ այգիները միայն էլեկտրաֆիկացվում` հնարավոր պայմաններ ստեղծելով դրանց բարձր բերքատվության ապահովման համար։
-Ջերմատներն էլեկտրաֆիկացվում են՝ լուսավորվածության ապահովման և նույնիսկ ջեռուցման համար, բայց այգիների էլեկտրաֆիկացումը զուտ ոռոգման հետ է կապված, որպեսզի հնարավոր լինի տարբեր տեղերից ջուրը պոմպակայանի միջոցով հասցնել այդ այգիներ կամ այլ էլեկտրականացված միջոցառումներ իրականացնել,-պարզաբանեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ նաև ջերմոցների գազաֆիկացում է իրականացվում. ջեռուցումն իրականացվում է բնական գազի կիրառման միջոցով։
Ըստ Նորայր Մուսայելյանի՝ բոլոր ծրագրերն ամեն տարի վերանայվում են։
-Խնդիրների դեպքում փորձում ենք ավելի շատ զսպող մեխանիզմներ կիրառել, որպեսզի խուսափենք չարաշահումներից, ինչը, կարծես, հաջողվում է. ամեն տարի որոշակի դրական քայլ ենք արձանագրում,- նշեց նախարարը։
Գիտելիքներ՝ վարելու առավել արհեստավարժ ջերմատնային տնտեսություն. այդ ուղղությամբ տարվող աշխատանքներ
Գյուղատնտեսության նախարարի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր տարի ավելանում են ջերմոցային տնտեսությունների մակերեսները։ Նրա խոսքով՝ աջակցության ծրագրերի շահառուների մեջ կան բարեխիղճ և անբարեխիղճ շահառուներ։
-Անբարեխիղճ շահառուների թիվը շատ ցածր տոկոս է կազմում,-ասաց Ն. Մուսայելյանը՝ հավելելով, որ բանիմաց շահառուները հաջորդ տարի արդեն երկրորդ ջերմոցի մասին են մտածում՝ ավելացնելով իրենց արտադրական մակերեսները։
Նախարարի բնորոշմամբ՝ այն բավականին եկամտաբեր ճյուղ է։ Անդրադառնալով ջերմոցային տնտեսություններին, նա նշեց, որ բանջարաբոստանային մի շարք մշակաբույսերի արտադրության ծավալների բավականին աճ է արձանագրվել։
-Եթե մինչ այս տարվա որոշակի ժամանակահատվածում որոշ ապրանքատեսակների ավելի մեծ ծավալներ ներկրվում էին, հիմա տեղական արտադրանքն է շուկա մտնում և ներմուծման ծավալներն աստիճանաբար նվազում են,-ասաց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսների միջոցով տարբեր կուլտուրաների մշակության հետ կապված բացատրական աշխատանքներ են իրականացվում շահառուների հետ։
Ըստ Ն. Մուսայելյանի՝ որոշակի խնդիրներ կային՝ կապված ջերմոցների շինարարության հետ. առատ ձյան պատճառով որոշ ջերմատնային տնտեսություններ փլուզվեցին՝ չդիմանալով ձյան ծանրությանը։
-Եկող տարվանից ջերմատնային տնտեսությունները կկառուցվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա՝ շինարարական նորմերին համապատասխան,-ընդգծեց գերատեսչության ղեկավարը։
Ջերմատնային տնտեսություն. ի՞նչ կտա այն մեզ և որքան՞ով է հեռանկարային ներկա պայմաններում Արցախի համար
-Միավոր տարածքից ավելի շատ բերք ենք ակնկալում ջերմատնային տնտեսություններից,-ասաց Նորայր Մուսայելյանը։ Ամենակարևորը, որն ընդգծում է մեր զրուցակիցը՝ այդ բերքն ապահովագրված է։
-Այս ճյուղը շատ մեծ հեռանկար ու կարևոր նշանակություն ունի։ Զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրները ջերմատնային տնտեսությունների վրա շատ մեծ գումարներ են ծախսում և շատ մեծ եկամուտներ ստանում,-նկատում է նախարարը։
Ջերմատնային տնտեսության ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին, ովքեր չունեն պահանջվող ֆինանսական հնարավորություն
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ բոլոր շահառուների համար մոտեցումը իրականացվում է նույն կերպ. չկան սոցիալական խմբեր, որոնց համար գործում են արտոնություններ։ Նրա խոսքով, սակայն, որոշ բարեգործական ընկերությունների, հիմնադրամների միջոցով, տարբեր մեթոդներով նման կարգավիճակ ունեցողների համար գործում են այլ ծրագրեր։
Լուսինե ՇԱԴՅԱՆ