ԳՅՈՒՂԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԴԵՌ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ
Մինչև 44-օրյա պատերազմը Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով բազմաթիվ ծրագրեր են գործարկվել՝ ուղղված հանրապետության տնտեսության զարգացմանը։ Պարենային ինքնաբավության հասնելու համար նոր ոլորտներ են ընտելացվել, աջակցության տարբեր ձևաչափեր մշակվել հողօգտագործողների ու ֆերմերների համար։ Պատերազմից հետո հանրապետության այգիների ու ցանքատարածությունների ահռելի մասը հայտնվել է թշնամու հսկողության տակ, քիչ է ասել, որ տարբեր նշանակության հսկայական տարածքներում նորարարական եղանակներով ակներև հաջողություն գրանցած ու արդեն կայուն եկամուտ ապահովող հողօգտագործողը դատարկաձեռն ու հուսահատ վիճակում էր հայտնվել։
Գյուղաջակցության հիմնադրամի տնօրեն Հրանտ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցում փորձել ենք պարզել հիմնադրամի անելիքն ու նշանակությունը ստեղծված պայմաններում։
- Պրն Սաֆարյան, պատերազմից անմիջապես հետո, երբ ի մի էինք բերում կորցրած շրջանների մոտավոր աշխարհագրությունը, մտածում էինք, որ ձեր հիմնադրամն այլևս անելիք չունի, անգամ շատերը գյուղնախարարություն պահելու նպատակահարմարությունն էին քննարկում սոցցանցերում։ Հիմնադրամն այսօր էլ գործում է, ի՞նչ սրբագրումներ եղան ձեր աշխատանքում, ինչի՞ց հրաժարվեցիք, ինչի՞ն վերադարձաք։
-Իսկապես կար նման մտայնություն, ինչը երևի համատարած հուսահատության արդյունք էր ամենից առաջ։ Դժվար էր հավատալ, որ այդքանից հետո հնարավոր է ապրել ու նորից աշխատել ու ստեղծել։ Կար նաև տնտեսության զարգացման համար ստեղծված երկու գործող հիմնադրամները միավորելու ցանկություն, որից հետագայում հրաժարվեցինք։ Մենք գործում ենք և անելիքներ շատ ունենք։ Ավելին, պատերազմից հետո մեր հիմնադրամն ամենաառաջիններից էր, որ կենտրոնացրեց ունեցած ներուժն ու կանգնեց գյուղացու կողքին։ Մենք անմիջապես սկսեցինք գործել, մշակել նոր գործիքակազմեր՝ վերադարձնելու բնակչության հետաքրքրությունը գյուղոլորտի հանդեպ։ Գիտեք, որ պատերազմից հետո տեղահանվածների զգալի մասն անմիջապես վերադարձավ, նրանց մի մասը հասցրել էր համեմատաբար անվտանգ տարածք տեղափոխել ունեցած գյուղտեխնիկան ու անասնագլխաքանակը, սակայն առաջ էին եկել անասնակերի, արոտավայրերի, փրկածը պահելու տարածքի խնդիրներ, որոնց լուծման համար անմիջապես սկսեցինք աշխատել տարբեր ուղղություններով։ Նոյեմբերի երկրորդ կեսից արդեն կենտրոնացել էինք ուշացած աշնանացանի վրա, բոլոր հողօգտագործողներին անհատույց սերմացու ու դիզվառելիք հատկացրինք։ Ասեմ, որ անգամ պատերազմի ընթացքում մեր օգնությամբ Ասկերանի որոշ համայնքներում հաջողվեց հացահատիկայինների ցանքս անել։ Համարյա 22 հազար հա աշնանացան կարողացանք կատարել նոյեմբերի կեսից մինչև առաջին ձյունը։ Այլ հարց է, որ տարին անբարենպաստ եղավ և լավ բերք չգրանցվեց այդ ամենի արդյունքում։ Նույն աջակցությունը հիմնադրամը շարունակեց նաև 2021թ. գարնանացանի ընթացքում։
-Ներկայում ինչո՞վ եք զբաղված, ո՞ր ուղղություններն եք հատկապես կարևորում։
- Պատերազմից հետո տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար բոլոր ուղղություններն էլ առաջնահերթ ու կարևոր են։ Մինչև պատերազմը գյուղատնտեսության զարգացման հավակնոտ ծրագիր էր հաստատվել, որը, ցավոք, գյուղատնտեսական նշանակության հողերի շեշտակի կրճատման պատճառով հնարավոր չեղավ լիովին գործարկել, սակայն այսօր էլ դրանից բխող առաջնահերթություններով ենք առաջնորդվում։ Կենտրոնացած ենք թե՛ այգեգործական, թե՜ անասնապահական, թե՛ հողամշակման ծրագրերի վրա։ Գիտեք, որ մինչև պատերազմը այգեգործության բնագավառում աննախադեպ ցուցանիշներ ունեինք հատկապես սահմանամերձ տարածքներում, կորցրածը ահռելի է, սակայն այսօր էլ աշխատում ենք նույն ուղղությամբ։ Ասկերանի շրջանի Պատարայի մոտակայքում նոր ինտենսիվ այգիներ են հիմնվել «Գրեն պարկ» և «Գրեն Լանդ» ընկերությունների կողմից, ներկայում 220 հա տարածքում արքայանարինջի, սերկևիլի, նռան և այլ մրգատեսակների նոր այգիներ են, նոր այգիներ ունենք նաև Բերդաշենի մոտ։ Հիմնադրամն այս ծրագրի իրացման մեջ իր դերն ունեցավ. նման դեպքերում հիմնադրամն այդ ընկերությունների վերցրած վարկերի մասնակի սուբսիդավորում է իրականացնում։
- Այսօր նման մեծածավալ ծրագիր կարող են միայն կայացած գործարարներն իրագործել, ինտենսիվ այգիների հիմնողը ևս ճանաչված գործարար է։ Ի՞նչ է արվում փոքր ծավալի գործ սկսող գյուղացիների համար։
- Արցախում գյուղատնտեսության ոլորտում անգամ ամենափոքր նախաձեռնություն ցուցաբերող ցանկացած անհատի ու ընկերության Հիմնադրամը պատրաստ է աջակցել գործող ծրագրերի շրջանակներում։ Ներդրումների ծավալն այստեղ որոշիչ չէ։ Սա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որևէ մեկը չի դիմել մեզ ու առանց խորհրդատվության, աջակցության տեսակների մասին մանրամասն պարզաբանումներ ստանալու, դժգոհ հեռացել։ Մենք պատրաստ ենք նույնիսկ վարկերի տոկոսների մինչև 100 տոկոս սուբսիդավորում իրականացնել, միայն թե լինի այստեղ աշխատելու և ստեղծելու ցանկություն։ Պատերազմից հետո շարունակվել ու շարունակվում են մինչ այդ չօգտագործվող տարածքների մաքրման աշխատանքներում աջակցության ծրագրերը։ Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացնում ենք ջերմոցային տնտեսությունների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրեր, որոնցից օգտվողները ևս մեծ թիվ են կազմում։ Անասնապահության ոլորտում աշխատանքներ ենք տանում կայուն կերային բազա ունենալու ուղղությամբ։
-Հատուկ տեղահանվածների համար Հիմնադրամն ունի՞ առանձին մշակված ծրագրեր։
-Առանձին ծրագրեր չունենք, բայց ասեմ, որ պատերազմից անմիջապես հետո մենք սկսել ենք փոխառությունների տրամադրման գործընթացը։ Սա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ծրագիր էր, և շահառուները հիմնականում տեղահանվածներն են։ Նախարարությունը համապատասխան ցանկ էր պատրաստել, ըստ որի՝ մինչև 3 մլն, իսկ առանձին դեպքերում էլ այդ չափը գերազանցող գումար է հատկացվել տեղահանվածներին։ Փոխառությունները ծառայել են տարբեր նպատակների՝ մեկը անասնապահության գործն է վերսկսել, մյուսը մեղվաբուծություն կամ օղու ու գինու արտադրություն է հիմնել և այլն։ Մինչև պատերազմը Հադրութի շրջանի Մեծ Թաղերում ֆրանսիական տեսակի խաղողի այգիներ հիմնած մոսկվաբնակ գործարարը ևս օգտվել է այս ծրագրից և արդեն 13 հա տարածքում նոր այգիների հիմնման աշխատանքներ է սկսել։ Մեծ թիվ են կազմում որոշակի մանր ու խոշոր անասնագլխաքանակ ստացած տեղահանվածները։ Այս պահի դրությամբ 2126 անձ օգտվել է փոխառություններից։ Սկսած աշխատանքների նկատմամբ մենք նաև որոշակի վերահսկողական գործառույթներ ունենք։ Այս ծրագիրը ոչ միայն աջակցություն է, այլև կայուն աշխատատեղեր տեղի բնակչության համար։
-Ներկայում է՞լ շարունակվում է վարկերի տրամադրման ու փոխառությունների ծրագիրը։
-Ֆինանսավորման հետ կապված խնդիրներ ունենք, այդ պատճառով, գործընթացը ժամանակավորապես դադարեցված է։ Մենք միշտ էլ վարկեր տրամադրել ենք գյուղատնտեսական բոլոր ուղղություններով, դժվարությունները ժամանակավոր են, դրանք հաղթահարելուց հետո մեր աշխատանքները շարունակվելու են։
- Այսօր պետական մակարդակով աշխատանքներ են տարվում տեղահանվածների նյութական վնասների գնահատման, սահմանված կարգով աջակցություն տրամադրելու ուղղությամբ։ Գյուղաջակցության հիմնադրամը որքանո՞վ է ընդգրկված այս աշխատանքներում։
- Հիմնադրամը մինչև պատերազմը տարբեր ուղղություններով վարկեր էր տրամադրում, իրականացնում վերահսկողություն, ստուգում արդյունքները։ Մեր վարկառուների մասով մենք կարողանում ենք առավել հստակ տեղեկություններ տրամադրել վերջին ստուգման արդյունքում արձանագրված անասնագլխաքանակի կամ մեր օգնությամբ ձեռքբերված գյուղտեխնիկայի մասին։ Ավելի ծավալուն և ստույգ տեղեկություններ այդ գործընթացում տրամադրում է գյուղնախարարությունը՝ վարչակազմերի օգնությամբ։
-Ֆինանսավորման խնդիրներ են տնտեսության բոլոր բնագավառներում, գյուղոլորտը պարենային ինքնաբավ մակարդակի ապահովման առումով ի՞նչ ներուժ ունի այսօր։
- Ես ավելի քան համոզված եմ, որ անգամ տարածքով այսքան փոքրացած, մենք ի վիճակի ենք մեզ ապահովել գյուղատնտեսական գրեթե բոլոր տեսակի մթերքներով։ Սատար կանգնելով գյուղացուն ու զարգացած գյուղատնտեսություն ունենալով՝ մենք նաև անվտանգության խնդիր ենք լուծում։ Կարևորը հայրենիքից չհեռանալն ու այստեղ ապրելու և աշխատելու ցանկությունն է։ Մնացած դժվարություններն ու խնդիրները հաղթահարելի են։ Պետք է միշտ հիշել, որ Արցախցին իր ուժը, եռանդն ու ոգին միշտ իր հողից է ստացել։
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ