«ԹԱՔՅՈՒՆ ԲԱՂԵՆ ԱՄԵՆ ՀԻՆՉԸ ՔԱՂՑՐԱ...»
Մուշկապատը Մարտունու շրջանի բարձրադիր, լեռնային համայնքներից է։ Այստեղ հին ժամանակներից հիմնականում հիմնադրում էին թթայգիներ, պտղատու այգիներ, զբաղվում էին նաև խաղողի մշակությամբ՝ համեմատաբար ցածրադիր տարածքներում։ Երբեք, սակայն, Մուշկապատում նռան այգիների մշակմամբ չեն զբաղվել։ Համայնքի ղեկավարի հետ ունեցած զրույցի ժամանակ երբ տեղեկացա, որ վերջին տարիներին մեծ ակտիվությամբ նռան մշակությամբ են զբաղվում՝ մի տեսակ անհավանական թվաց։ Այդուհանդերձ, Մուշկապատ այցելելով անձամբ տեսանք մուշկապատցի Կարեն Հակոբջանյանի կողմից «Թաքյուն բաղ» տեղամասում սեփականաշնորհված մոտ 1.5հա տարածքի վրա հիմնադրված նռան այգի։ Տարածքը նախկինում որպես վարելահող էր գրանցված՝ իր անբարենպաստ դիրքի ու մացառապատ, քարքարոտ լինելու պատճառով, անգամ խորհրդային շրջանում կոլտնտեսության կողմից չէր մշակվում։
Մանկության տարիներին, երբ ընկերներով գալիս էին «Թաքյուն բաղ»-ի ջրամբարներում լողանալու, մտածեց՝ կարելի է այգի հիմնել։ Ընկերներն անհավանական, անհնարին էին համարում մտահղացման իրականացումը, իսկ ճակատագիրը տվեց այդ հնարավորությունը. սեփականաշնորհման գործընթացի արդյունքում նրա ընտանիքին վիճակահանությամբ բաժին հասավ հենց այդ տարածքը։
Մոտ երկու ու կես ամիս քարերից ու մացառներից մաքրման տաժանակիր աշխատանք է կատարել ու 10 տարի առաջ բերել առաջին տնկիները։ Այն ժամանակ ու այսօր էլ Կարենը ծառայում է երկրի պաշտպանությանը։ Աշխատանքները սկսեց ու այսօր էլ շարունակում է կազմակերպել ծառայությանը զուգահեռ։ Հենց խրամատում էլ այգու հիմնադրման ծրագիրը սկսեց կազմել, որն իր երիտասարդ ընտանիքի համար հիմնական եկամտի աղբյուր պիտի դառնար, իր համար՝ նաև կարևոր զբաղմունք ծառայությունից հետո ազատ ժամերին։ Մտածեց տնկել այնպիսի ծառատեսակներ, որոնք շատ մեծ խնամք և աշխատանք չեն պահանջում և բերքի իրացման խնդիր չի լինի։ Ընտրությունը կանգնեց նռան վրա։ Սկսեց մշակել։ Նռնենու տնկիներ հայթայթեց՝ սեփական միջոցներով։
Մշակությունը կազմակերպել է անջրդի պայմաններում, այսօր էլ միայն 10 տոկոսով է կարողանում ոռոգել։ Սկզբից 1230 թուփ է տնկել ու մինչև հիմա լրացնում է, քանի որ մշտապես վնասվում, չորանում կամ ցրտահարվում են։ Վերջերս նաև այլ ծառատեսակներ է տնկել, իր այգում Արցախում աճող գրեթե բոլոր ծառերից ունի՝ անգամ՝ ձիթապտղի, ադամաթզի, կիվու տեսականի։ Ծառեր կան, որ չորանում են ջրի պակասից, մի մասը քիչ-քիչ արդեն բերք է տալիս։
Մեծագույն խնդիր է ջուրը։ Ասում է՝ ոռոգում է մի փոքրիկ ծորակից, ու այգու խոնավությունն ապահովելու համար տարվա ընթացքում 4 անգամից ոչ պակաս միջշարային կուլտիվացիա է կատարում։
7-րդ տարում նռնենիներից ստացել է առաջին բերքը։ Մինչ այդ մի անգամ ցրտահարվել է այգին, ստիպված բոլոր թփերը կտրել է արմատներից, հետագայում աճած շիվերի հաշվին վերականգնել։ Լուրջ վնաս է հասցնում նաև երաշտը։ «Մշակում եմ կնոջս և երեխաներիս հետ։ Բերքի իրացումն արդեն խնդիր է, բայց ունեմ իմ գնորդները և հիմնականում այգուց եմ վաճառքը կազմակերպում։ Իմ ընտանիքով ամբողջ տարվա ընթացքում՝ արևի տապին, ցրտին բաց դաշտում աշխատում ենք։ Այս այգին ու բերքը մեր 10 տարվա չարչարանքի արդյունքն է»,- ասում է Կարենը։
Այստեղ բոլոր պայմանները ստեղծել է՝ և՛ հանգստանալու, և՛ աշխատելու համար։ Անցած տարի 2.5 տոննա բերք է վերցրել։ Այս տարի նախատեսում եմ մոտ 3 տոննա։
«Տեխնիկայի բացակայությունը շատ լուրջ խնդիր է։ Անկախ դժվարություններից, եթե մտադրվել ես, պիտի անես ու հաղթահարես։ Երբ ուզում եմ մի գործ ձեռնարկել, ասում են՝ կռիվ է, ու՞մ համար ես անում։ Իսկ ես անում եմ, որ ուրիշների «ձեռքն էլ կպնի» ու իրենք էլ շարունակեն աշխատել ու արարել։ Ամենակարևորը՝ եթե նպատակադրվում ես՝ պետք է գործդ վերջնակետին հասցնես։ Մեծագույն ուրախություն է իմ այգու մեջ աշխատելը, ամենօրյա հաջողություն գրանցելը։ Այս այգին ինձ ամբողջությամբ կապել է հողին, իմ գյուղ Մուշկապատին։ Ծառայության հետ կապված ժամանակի սղությունը զգացնել է տալիս, բայց անում եմ հնարավորը»,- ասում է նա։
Բացի այգուց՝ գյուղ տանող դաշտամիջյան դժվարանցանելի ճանապարհն է բարեկարգել ու այսօր էլ շարունակում է քարերից ու թփուտներից ազատել։
Այս տարի մոտ 500 մ ջրի խողովակաշար է տրամադրվել պետության կողմից։ Դիմացի սարի լանջին աղբյուր կա, ծրագիր ունի այդ ջուրը հասցնել այգի։ Նպատակ ունի նաև ներդնել ոռոգման կաթիլային համակարգ։
Սեփական գյուղտեխնիկա ունենալ՝ սեփական միջոցներով կուլտիվացիա անելու համար, սեփական սառնարանային տնտեսությունը ստեղծել՝ բերքը պահելու համար։ Այս ամենն ապագա ծրագրեր են, որոնք, համոզված է, կիրականացնի, միայն թե խաղաղություն և կայունություն լինի։
«Հայրական կողմով պապս՝ գիշեցի Արշավիր Հակոբջանյանը, գյուղատնտես է եղել, կարճ ժամանակով՝ կոլտնտեսության նախագահ, մորական պապս՝ մուշկապատցի մանկավարժ Ալեքսանդր Սաղյանն ու նրա հայրը՝ Մովսես Սաղյանը /Մոսի դային/, նույնպես հայտնի այգեգործներ էին, Սաղունց բաղը, Թողլայերի տարածքի թթայգիները Մոսի դային է հիմնել։ Ինձ թվում է՝ նրանց գենն է փոխանցվել։ Ես ոչ ոքից չեմ սովորել, բայց տրամաբանորեն կարողանում եմ մշակությունը կազմակերպել»,- յուրովի բացատրում է Կարենը։
Իսկ դիմացի ձորի պռնկին կանգնած հայրական տունն օրհնանք է տալիս իր զավակի արարմանը։ Կարենն ասում է՝ «Թաքյուն բաղեն ամեն հինչը քաղցրա»։
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ