[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

 

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) և ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ վերջերս կայացավ «Արցախի Հանրապետության աշխատանքի շուկայի զարգացման միտումները և արդի հիմնահարցերը» թեմայով մասնագիտական քննարկում։ Վիճակագրական ծառայության ղեկավար Մանուշ Մինասյանը նման ձևաչափով հանդիպումը կարևորեց նրանով, որ այն նախ բուհ և գործատու համագործակցության լավագույն դրսևորումներից է, ու նաև մասնագիտական թեմատիկ քննարկումների հարթակ, որտեղ պետական կառավարման մարմինն իր աշխատանքի շնորհանդեսն է ներկայացնում, իսկ ԱրՊՀ-ն էլ գիտական վերլուծություններով ամբողջացնում է պատկերը։ Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը, դասախոսներ, ուսանողներ։

Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը 2020թ.-ից աշխատանքի շուկայում առանձին ընտրանքային հետազոտություն է իրականացնում, ինչն աշխատանքի շուկայի վերաբերյալ տվյալներ հավաքագրելու առումով միջազգայնորեն ընդունված մեթոդաբանություն է։ ԱՎԾ ղեկավարի պարզաբանմամբ՝ աշխատուժի հետազոտությունն ընտրանքային որոշակի մեթոդով ընտրված տնային տնտեսությունների (ՏՏ) վիճակագրական ուսումնասիրություն է, որի շրջանակում տեղեկատվություն է հավաքվում մասնավոր ՏՏ-ներում սովորաբար բնակվող բնակչությունից՝ միջազգայնորեն կիրառվող մեթոդաբանությամբ և ընթացակարգով` հիմնված Աշխատանքի միջազգային կազմակերպության առաջարկությունների և հանձնարարականների վրա: Հիմնականում համապատասխանեցված է նաև հետազոտության արդյունքներով հաշվարկվող ցուցանիշների շրջանակը: Ըստ այդմ՝ հետազոտության արդյունքները երկրների միջև համեմատելի և համադրելի են:
«Բնակչության զբաղվածության և գործազրկության առավել հայտնի ցուցանիշների վիճակագրական գնահատմանը զուգահեռ հետազոտության նպատակն է՝ հանրայնացնել երկրի աշխատանքի շուկան բնութագրող առանցքային այլ ցուցանիշներ, դրանց շարժընթացն ըստ բնակչության նպատակային խմբերի՝ գյուղաբնակներ և քաղաքաբնակներ, կանայք և տղամարդիկ, երիտասարդներ և տարեցներ, հաշմանդամություն ունեցողներ ու չունեցողներ և այլն: Տվյալները մշակվել են արդիական ծրագրով։ ՀՀ վիճակագրական կոմիտեն իր հերթին ցուցաբերել է մեթոդական և ծրագրային աջակցություն, բայց հետազոտությունն իրականացվել է ԱՀ պետբյուջեի միջոցներով ու այս տարի ևս կշարունակվեն աշխատանքները»,- հավելեց Մ. Մինասյանը։
Անդրադառնալով կատարված հետազոտական վերլուծություններին` Մ. Մինասյանը տեղեկացրեց, որ դիտարկվող ժամանակաշրջանում ներառված են հետազոտվող տարվա բոլոր ամիսները, իսկ ժամանակաhատվածը հետազոտությանը (հարցմանը) նախորդող վերջին կամ անցած օրացուցային մեկ շաբաթն է՝ կիրակի օրը ներառյալ: Հետազոտությունն իրականացվել է Ստեփանակերտում և Արցախի բոլոր շրջաններում՝ ընդգրկելով քաղաքային և գյուղական բնակավայրեր: Ընտրված տնային տնտեսությունները տարվա ընթացքում հետազոտվում են միայն մեկ անգամ: Տարվա կտրվածքով հետազոտությանն ընդգրկվել է 2160 տնային տնտեսություն, որից 1296-ը՝ քաղաքային, իսկ 864-ը`գյուղական բնակավայր: Հետազոտությանը բնակչության մասնակցությունը կամավոր է:
Վիճակագրական կառույցի ղեկավարը հավելեց նաև, որ պետք է հաշվի առնել հետազոտության ընտրանքային լինելը, ինչն էլ ենթադրում է տվյալների մշակման ժամանակ հնարավոր շեղումների որոշակի մակարդակ։
Աշխատանքային ռեսուրսների տվյալները ներկայացրեց ԱՀ ԱՎԾ առաջատար մասնագետ Մանուշ Գաբրիելյանը։ Համաձայն դրանց, Արցախի Հանրապետությունում 2021թ. աշխատանքային ռեսուրսների կառուցվածքը, ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, հետևյալն է՝ քաղաքային բնակչություն՝ 62,6 տոկոս, գյուղական բնակչություն ՝ 37,4 տոկոս: Դիտարկելով աշխատանքային ռեսուրսների բաշխվածությունն ըստ տարիքային խմբերի` մասնագետը տեղեկացրել է, որ առավել ընդգրկված է 15-24 (16,8%) և 35-44 (18 %) տարիքային խմբերի բնակչությունը:
Աշխատանքային ռեսուրսների կրթական մակարդակի դիտարկումներով՝ միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցողները կազմում են զգալի մաս՝ 33%: Հետազոտության արդյունքներով՝ բնակչության աշխատուժը կազմել է 52,3 %, որից զբաղվածներ էին 85,9 %-ը։ Մ. Գաբրիելյանի պարզաբանմամբ՝ զբաղվածների 88%-ը վարձու աշխատող են, 11,5 %-ն՝ ինքնազբաղված, 5%-ը՝ առանց վարձատրության աշխատող ընտանիքի անդամ, իսկ գործազուրկները կազմել են 14,1%, ըստ տևողության՝ երկարատև գործազրկություն 45,2 %։ Աշխատուժից դուրս բնակչությունը կազմել է 47,7%, որից աշխատանք գտնելու հույս չունեցողները` 6,6%։
Ըստ աշխատուժի հետազոտության արդյունքների` 2021թ. Աշխատուժից դուրս բնակչության աշխատանք չփնտրելու հիմնական պատճառներից են՝ ուսանող՝ 16,6%, հիվանդ, հաշմանդամ՝ 14,1%, ընտանեկան հանգամանքներ՝ 9,8 %, աշխատանք գտնելու հույս չունեցողները՝ 6,6% Երեխայի խնամք՝ 6,3%, իսկ 46,6 %-ը նշել են այլ պատճառներ:
Հանրապետությունում 2021թ. զբաղվածության մակարդակը քաղաքային բնակչության շրջանում կազմել է 46,2%, գյուղական բնակչության՝ 42,7%:
Աշխատուժի հոտազոտության ծրագրի ղեկավար Անահիտ Գասպարյանը նշեց, որ
զբաղվածների 12,2%-ը շաբաթվա ընթացքում սովորաբար աշխատում է ոչ լրիվ օր կամ 35 ժամից պակաս, 9,1%-ի աշխատաժամանակը չափից երկար է կամ աշխատում է 48 ժամից ավելի, իսկ 78,7%-ն աշխատում է նորմալ աշխատաժամանակով: Զբաղվածների 88%-ը կազմում են վարձու աշխատողները, 10,4%-ը՝ ինքնազբաղվածները, 1,1 %-ը՝ գործատուները:
Աշխատուժի հետազոտության ծրագրի մուտքագրող-կոդավորող Վանեսսա Պետրոսյանի տեղեկատվությամբ՝ 2021թ. հետազոտության արդյունքներով հանրապետությունում գործազրկության մակարդակը կազմել է 14,1%: Ընդ որում` 15-64 տարիքային խմբում գործազրկության մակարդակը կազմել է 14,4%, որից կանանց և քաղաքաբնակների մոտ համապատասխանաբար՝ 15,9% և 16,2%, իսկ 65-74 տարիքային խմբում ցուցանիշը կազմել է 6,7%, որից կանայք և քաղաքաբնակները կազմել են համապատասխանաբար՝ 16,7% և 10%:
Վիճակագրական և հետազոտական վերլուծություններով հանդես են եկել նաև ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի և ԱՎԾ-ի այլ մասնագետներ։ Վերջում կայացան քննարկումներ՝ ներկայացված վերլուծական ցուցանիշների վերաբերյալ։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ