[ARM]     [RUS]     [ENG]

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ. ԲԵՐՔԻ ՏՈՆ

DSC_0825.jpgՀոկտեմբերի 14-ը՝ Գյուղատնտեսության աշխատողի օր 
Հոկտեմբերի 14-ին հանրապետությունում շուքով նշվեց Գյուղատնտեսության աշխատողի օրը։ Այդ օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը վերածվել էր մեծ տոնավաճառ-ցուցահանդեսի. հանրապետության շրջաններից մեծ ու փոքր տնտեսավարողներն իրենց արտադրանքը ցուցադրելու և վաճառելու հնարավորություն ստացան։ 
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Նախագահ Բ. Սահակյանը, նրան ուղեկցող պաշտոնատար անձինք՝ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, վարչապետ Ա. Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ և, իհարկե՝ գյուղնախարարության պատասխանատուներ՝ նախարար Ա. Խաչատրյանի գլխավորությամբ։
Բերքի տոնի սկիզբն ազդարարվեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի աղոթք-օրհնությամբ։ Այնուհետև պաշտոնական պատվիրակությունը շրջեց տաղավարներով. Նախագահ Բ. Սահակյանը ծանոթացավ վաճառքի հանված գյուղմթերքներին, հետաքրքրվեց հողօգտագործողի խնդիրներով ու հոգսերով։ Միջոցառումը հետաքրքիր էր նրանով, որ ծրագրում ներգրավվել էին մշակութային համարներ, իսկ տաղավարների մեծ մասը ձևավորված էր ազգային ոճով։ Չնայած տաղավարների միջև մրցույթ չէր հայտարարվել, սակայն մասնակիցները լավագույն տաղավարը ցուցադրելու ներքին մղումով դիմել էին տարբեր հնարքների. մի տեղ հայկական տարազով կինը իլիկ էր մանում, մեկ այլ տեղ դդումների օգնությամբ ստեղծված տարբեր ՙկերպարներ՚ կարծես աշխույժ զրույցի էին բռնվել և այլն։
Ցուցահանդես-վաճառքին իրենց արտադրանքն էին ներկայացրել տեղական վերամշակող արտադրությամբ զբաղվող ընկերությունները՝ ՙԱրցախ-բրենդի կոմպանի՚, ՙՍտեփանակերտի կոնյակի գործարան՚, հլածուկի և արևածաղկի ձեթի արտադրության ՙՌեյփսիդ՚, ՙԱրցախ ֆրուտ՚, ՙՏոհմային կայան՚ ընկերությունները և այլք։
Միջոցառմանն առանձին շուք էր հաղորդել հայկական ազգային հարսանիքի ցուցադրումը, որն ամբողջացնում էր օրվա խորհուրդը։ ՙՀայտնի է, որ հայկական հարսանիքների շրջանը սկսվում է բերքահավաքից հետո, երբ դաշտերում ավարտվում են գյուղատնտեսական աշխատանքները, և բերքը տուն էր բերվում՚,- ասաց ՙհարսանքավորներից՚ մեկը։ ՙՀայկական հարսանիքի՚ ցուցադրությանն իր երգ ու պարով միացավ ժողովուրդը։ 
Ալեքսանդր ՂԱԶԻՅԱՆ, Մարտունու շրջան, գ. Հացի.
- Ես ներկայացրել եմ արցախյան անտառների հատապտուղները։ Ցավոք, միայն տոնավաճառի օրերին ենք կարողանում բերքը շուկա հանել։ Բայց շատ կկամենայի, որ դա ավանդույթ դառնա, և ինչպես ես, այնպես էլ իմ համագյուղացիները գոնե շաբաթը մեկ կարողանան շուկա դուրս գալ։ Դա կլինի գյուղացու եկամտի հիմնական աղբյուրը։ 
Այս տարի բերքը վատ չի եղել, ինչպես ասում են՝ հողն առատաձեռն էր, բայց, եթե վառելիքը մի քիչ էժան լինի, գյուղացու գործը կհեշտանա։ Ցորենի բերքատվությունն էր ցածր՝ եղանակային վատ պայմանների պատճառով։
Դիանա ՄՈՎՍԻՍՅԱՆ, ՙԱրցախ-բրենդի կոմպանի՚ ընկերության կոմերցիոն տնօրենի՝  արտահանման և ներկրման գծով տեղակալ.
- Արդեն մի քանի տարի է՝ մասնակցում ենք նման տոնավաճառի։ Առաջին անգամ է երևի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում նման մակարդակով բերքի տոն կազմակերպվում։ Մեր արտադրության ծավալները բավականին մեծ են, վաղուց արտահանում ենք նաև արտասահմանյան երկրներ. արտադրանքի մոտ 50 տոկոսն իրացնում ենք միջազգային շուկայում։ Հումք ձեռք ենք բերում ինչպես սեփական այգիներից, այնպես էլ բնակչությունից։ Ընկերության արտադրանքը լրիվությամբ բնական հումքից է, մեր արտադրանքն ամբողջովին  համապատասխանում է միջազգային չափանիշներին։ 
Գրիգորի ԱՎԵՏԻՍՅԱՆ, Հադրութի շրջան, գ. Տող.
- ՙԿատարո՚ գինիների արտադրությամբ ենք զբաղվում։ Սկսնակ ենք գինու արտադրության ոլորտում, երեք տարի է, ինչ աշխատում ենք, բայց շուկա դուրս ենք գալիս այս տարի միայն։ Տարեկան 10-15 հազար շիշ գինի ենք արտադրում։ Իրացնում ենք հիմնականում Հայաստանում, փոքր քանակով՝ Ռուսաստանում։ ՝Ներկայումս բանակցություններ ենք վարում, հաջող լինելու դեպքում կարտահանենք նաև Կալիֆոռնիա։
Նարեկ ԱՎԵՏԻՍՅԱՆ. ՙՎարանդա՚ ՍՊԸ ներկայացուցիչ, ք. Ասկերան.
- Տոնավաճառին սպիրտային խմիչքների համար կաղնեփայտից  տակառներ ենք ներկայացրել։  Տակառագործությամբ զբաղվելու մեծ փորձ ունենք։ Ներկայումս մեր արտադրանքը հիմնականում սպառվում է Մոլդովայում, ՀՀ¬ում, աշխատում ենք տեղական շուկայի համար։ Որակը երաշխավորում ենք, և շուկայում արդեն ունենք կայուն սպառող։ Տոնավաճառում շուկայականից էժան ենք վաճառում, այնպես որ, գնորդն այսօր կարող է շահել։  
Վարդիթեր ՍԱՐԳՍՅԱՆ, Ուղտասարի բնակիչ.
- Ես առաջին անգամ եմ գյուղմթերքը բերել քաղաք, որոշել եմ այսուհետ միշտ մասնակցել տոնավաճառներին։ Հիմնականում տեղում ենք իրացնում, քիչ ծավալով, դրա համար շուկա դուրս գալու անհրաժեշտություն գրեթե չի եղել։ Մեր հողերը շատ բերրի են, և աշխատողը արդյունքի անպայման կհասնի։ 
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՙՏոհմային կայան՚ ՓԲԸ-ի փոխտնօրեն. 
- Տոհմային կայանը ևս այս տարի որոշել է մասնակցել տոնավաճառին, ցեղային հորթեր ենք բերել։ Կենդանի քաշը տոնավաճառում 1800 դրամ է, այն դեպքում, երբ շուկայում 2500 դրամ է։ Իրացնում ենք միայն արու հորթերը։ Այս տարի շվից տեսակի մինչև 40 հորթ ենք իրացրել։
Մհեր ԱՍՐՅԱՆ. ՙՌեյփսիդ՚ ՍՊԸ գործադիր տնօրեն.
- Ես Արցախում զբաղվում եմ հլածուկի և արևածաղկի ձեթի արտադրությամբ։ Առաջին անգամ եմ մասնակցում տոնավաճառի։ Սկիզբն է, դժվարություններ կան, բայց արդեն շուկայում հաստատվում ենք. արևածաղկի ձեթն  արդեն գտել է իր սպառողին, կա մեծ պահանջարկ։ Բայց հլածուկը դեռ հաստատման կարիք ունի, քանի որ այն նորամուծություն է շուկայում, ունի յուրատեսակ համ ու հոտ։ Իսկ չի ռաֆինացվում, որպեսզի վիտամինները պահպանվեն։ Մի խոսքով՝ դեռ որոնումների մեջ ենք... Արևածաղկի ձեթի պահանջարկը մեծ է, մոտ 30 հազար լիտր արդեն իրացրել ենք, հին բերքը վերջացել է, նորը հնձել ենք, դեռ պիտի հանգստանա, որպեսզի  օգտագործենք արտադրության մեջ։ Մեր սկզբունքն է՝ բնական և առողջ սնունդ մատակարարել բնակչությանը։ 
Նելսոն ՍԱՐԳՍՅԱՆ, ՙՆելսոն Սարգսյան՚ ընկերության տնօրեն.
- Մոշից, հոնից, մասուրից բնական ըմպելիքներ ենք արտադրում։ Այս տարի՝ նաև գինի ու կոմպոտներ։ Գործարանի հզորությունը դեռ ցածր է՝ 5-6 տոննա գինի, 10 հազ. շիշ կոմպոտ, բայց նախատեսում ենք ծավալներն ավելացնել։ 
Փիրուզա ՎԱՍԻԼՅԱՆ, Քաշաթաղի շրջան, Աղաձոր գյուղի բնակիչ.
- Տոնական օրերին ենք շուկա գալիս, սիրում ենք ժողովրդական  տոնախմբությունները։ Ճանապարհները մեզ մոտ վատ են, դժվարություններ շատ են ծագում, այդ իսկ պատճառով մայրաքաղաքում քիչ ենք լինում։  Կխնդրեինք ճանապարհների խնդիրը լուծել, որպեսզի մենք ևս այսկերպ կարողանանք մեր եկամուտն  ապահովել։
Գոռ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Քաշաթաղ, Բերձոր.
- Քաշաթաղը հարուստ տեսականիով է ներկայացել տոնավաճառին, մոտ 60 տեսակի միրգ-բանջարեղեն ենք բերել։ Դե, փորձել ենք մեր ունեցածով նաև հետաքրքիր ձևավորումներ անել. գնահատականներից դատելով՝ դա մեզ հաջողվել է։
 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ