ԱԺ ՙՀԱՅՐԵՆԻՔ՚ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԼՂՀ 2013թ. ՊԵՏԲՅՈՒՋԵՆ

ARCAX_AJ_105518844_300x224.jpgԼՂՀ  2013թ. պետբյուջեի նախագիծը դեկտեմբերի 11-ին քննարկման դրվեց ԱԺ ՙՀայրենիք՚ խմբակցության և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում։ Խմբակցության գնահատմամբ՝  2013 թվականի պետբյուջեն կանխատեսելի է և իրատեսական, որը կարելի է համարել 2012-ի պետբյուջեի տրամաբանական շարունակությունը։ Խմբակցությունը ոչ միայն կողմ է քվեարկելու 2013թ. պետբյուջեի նախագծին, այլև պատասխանատվություն է ստանձնելու նրա կատարման համար։ 
Խմբակցության ղեկավար Գագիկ Պետրոսյանը կարևորեց 2013-ի պետբյուջեում պակասորդի կրճատումը՝ ընդգծելով, որ նոր ծրագրեր չեն նախատեսվել, իսկ եղած ծրագրերի մասով էլ ծախսերի ավելացում տեղի չի ունեցել։ Նման պարագայում հնարավոր է եղել ապահովել ՀՆԱ-ի 9-11% աճ։ ՙԱրդյո՞ք ճիշտ է մեր ընկալումը, որ դա անցած հինգ տարիների գործունեության արդյունքն է, թե՞ կան ուրիշ հանգամանքներ՚. խմբակցության ղեկավարի հարցն  ուղղվեց ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանին։ Նախարարն ասաց, որ իրականում այդպես է. պետք է նկատի ունենալ, որ անցած տարիների ընթացքում տնտեսական աճի ապահովումն այնքան էլ հեշտությամբ չի տրվել։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հաղթահարվել են մի շարք դժվարություններ։ ՙՀաջողվել է գտնել մեր տեղը՝ եկամուտների առումով,- շարունակեց Ս. Թևոսյանը,- այն տատանվում է 25-35 միլիարդի սահմաններում, ինչը բավականին մեծ թիվ պետք է համարել։ Մեծ թվի յուրաքանչյուր 10 տոկոսը, բնականաբար, ավելի մեծ աճ է, իսկ այդ մեծ աճն էլ պետք է կարողանալ ապահովել, ինչը դժվար է։ Առավել ևս, որ չունենք այնպիսի կայուն տնտեսություն, որը միանշանակ ամեն տարի այդ աճը կապահովի՝ անկախ արտաքին ազդեցություններից։ Խոսքս տնտեսավարող սուբյեկտների մասին է՚։  
Նախարարն այնուհետև շեշտեց, որ չնայած այս տարի տնտեսում է արձանագրվել, բայց դրա հետ մեկտեղ ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ-ի պատճառով 2-2,5 միլիարդի եկամուտ չի ապահովվել, իսկ դա նշանակում է՝ հնարավոր չի լինի նույնքան էլ ծախսեր իրականացնել։ Ընթացիկ տարվա ծախսերն ամբողջովին  իրականացնելու համար կառավարությունը որոշակի խնդիրներ է ունեցել։ Տարեվերջը մոտենում է, ասել է թե՝ տարին պետք է փակել, իսկ փակելու համար պետք է միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու այդ մուտքերը։ Եթե սեփականը չկա,  հարկ կլինի լրացուցիչ գումարներ ներգրավել՝ ծախսերն իրականացնելու համար։ Առաջնահերթ ծախսերն ամբողջությամբ իրականացված են, միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի դեկտեմբեր ամսվա ծախսերը, առաջին հերթին՝ սոցիալական՝ աշխատավարձեր, թոշակներ, նպաստներ, նույնպես իրականացվեն։ Ս. Թևոսյանի պարզաբանմամբ՝ այդ նկատառումով էլ 2013-ի համար գործադիրը ձևավորել է այնպիսի բյուջե, որ կարողանա ապահովել եկամուտները և ծախսային մասով խնդիրներ չունենա։ 2013թ. պետբյուջեով նախորդ տարիների համեմատ ավելի քիչ կապիտալ ներդրումներ են նախատեսվել։ Մոտ 1 միլիարդ 300 միլիոն դրամով կրճատվել են այդ ներդրումները։ Մեկ այլ տեղ ծախսերը կրճատելու հնարավորություն չկա. պետք է ապահովել այն մնացած ծախսերը, որոնք ծրագրային են և շարունակական. դա վերաբերում է կրթությանը, առողջապահությանը, մշակույթին, սոցիալական ոլորտին, այսինքն՝ դրանք այն բոլոր ծախսերն են, որ գործադիրը պարտավոր է իրականացնել։ Նախարարի հավաստմամբ՝  2013թ. հնարավոր կլինի վերականգնել այն կայուն դիրքը, որ նախորդ տարիներին ունեցել ենք, քանի որ  2014-ին միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախատեսված է թոշակների, աշխատավարձերի բարձրացում։ ՙՌազմավարական առումով այժմ հիմք է ստեղծվում, որպեսզի 2014թ. կարողանանք ապահովել ծրագրային մեր այն պարտավորությունները, որոնք միջնաժամկետ ծախսերում նախատեսված են։ 2013թ. կարծես թե քիչ-ինչ հետ ենք գնացել (խոսքը կապիտալ ներդրումների մասին է), բայց դա մեզ հնարավորություն կտա կայունացնել երկրի տնտեսական վիճակը՚,- ասաց նախարարը։ 
Խմբակցության անդամներն այնուհետև հարցեր ուղղեցին Ս. Թևոսյանին։ Հարց հնչեց բյուջեի պակասորդի մասին. 722 մլն դրամ է այն կազմում, բայց իրական պարտքը, որը պետք է փոխառության տեսքով ներգրավվի, 8 մլրդ 407 մլն դրամ է, այսինքն՝ փաստացիորեն նույնքան պակասորդի խնդիր պիտի լուծվի ապագայում։ Կա՞, արդյոք, համապատասխան պայմանավորվածություն ՀՀ-ի հետ, և հնարավո՞ր է  նշված չափով միջոցների ներգրավումը։ Նախարարի կարծիքով՝ հնարավոր է։ Ըստ բյուջետային համակարգի մասին օրենքի՝ ներգրավվող և մարվող միջոցները բյուջեի մեջ չեն մտնում։ Ներգրավվող և մարվող գումարների միջև տարբերությունը սովորաբար քիչ է լինում։ Օրենքով այդ գումարները չեն դասակարգվում։ Ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ-ի հետ ներգրավվելիք փոխառու միջոցների տոկոսներն իջեցնելու մասին։ Եթե ներկա դրությամբ 11-12%-ով են փոխառվում դրանք, ապա,  ըստ պայմանավորվածության, այդ թվերը գրեթե 2 անգամ կնվազեցվեն։ Նախարարը կոնկրետ թիվ չնշեց, սակայն հավաստիացրեց, որ այդ մասին արդեն խոստումներ կան։ Եվ խոսքը միայն 8 միլիարդի մասին չէ. ավելի մեծ գումարներ կներգրավվեն, մի խոսքով, ինչքան և ինչպես կստացվի։ 
Նիստի ավարտին խմբակցության ղեկավարն ասաց, որ նախանշված ժամկետում 2013թ. պետբյուջեի վերաբերյալ կներկայացվեն առաջարկություններ՝ կառավարությունում քննարկելու համար։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ