ԼՂՀ 2013թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱԺ ՙԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՚ ԵՎ ՙԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ՚ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

DSC_4652.jpgԴեկտեմբերի 12-ին շարունակվեց ԼՂՀ 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկումը ԱԺ  խմբակցություններում։ Օրվա առաջին կեսին Ժողովրդավարություն՚ խմբակցությունն ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը համատեղ նիստ անցկացրին, որին ներկա էր ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը։ Խմբակցության ղեկավար Ժաննա Գալստյանը նախ հիշեցրեց, որ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում շահագրգիռ քննարկումներ արդեն ծավալվել են, որոնց մասնակցել են խմբակցության անդամները, ուստի և, առաջարկեց անմիջապես անցնել հարցերին։ 
ԼՂՀ տարածքում Արցախի և Հայաստանի հանրային հեռուստածրագրերի սփռման նպատակով 2013թ. պետբյուջեով նախատեսվում է հատկացնել 240 մլն դրամ։ Կարելի՞ է ենթադրել, որ Արցախի հեռուստատեսությունը 2013թ. կունենա առանձին հաճախականություն, թե՞ հաղորդումները դարձյալ կսփռվեն ՀՀ հանրայինի առաջին ալիքով։ Նախարարը դժվարացավ պատասխանել այդ հարցին, քանի որ գործընթացին լրիվությամբ տեղյակ չէր։ Նա նշեց, որ 240 մլն-ը վերաբերում է պահպանման ծախսերին, այսինքն՝ այդ գումարով ապահովվելու է հիշյալ հեռուստածրագրերի սփռումը մեր հանրապետության տարածքում։
Քննարկվեց առաջին կարգի քաղաքացիական հաշմանդամներին հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերելու մասին հարցը
Ընդգծվեց նաև գյուղատնտեսության զարգացման նպատակով հատկացվող գումարների չափի ավելացման անհրաժեշտությունը։ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ս. Թևոսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է հաջորդ տարի գյուղատնտեսության ոլորտում ավելի մեծ գումար ներդնել։ 
Առաջարկություն եղավ հանրապետության միջնակարգ դպրոցներում վերականգնել նախկին մեթոդկաբինետները։ Նախարարն ասաց, որ ինքն այդ մասնագիտական հարցին չի կարող պատասխանել, միայն կնշի, որ վերջին տարիներին կրթության ոլորտում անընդհատ բարեփոխումներ են արվում, և եթե այդ գործընթացին զուգահեռ այսօր պիտի խոսեն նախկին մեթոդկաբինետների արդյունավետության մասին, ապա ինքը չի կարող կարծիք հայտնել դրա նպատակահարմարության վերաբերյալ։ Հարցը թողեցին մասնագետների հայեցողությանը։
Ընտրատարածքներում պատգամավորների հետ ունեցած հանդիպումների ժամանակ բնակիչները բողոքում են իրենց փողոցների անբարեկարգ վիճակից։ Մխիթար Սպարապետի և Սլավա Կասպարովի  փողոցներ ո՜չ շտապ օգնության մեքենան է գնում, ո՜չ էլ տաքսի ծառայություններն են արձագանքում բնակիչների խնդրանքին։ 
ԼՂՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ գործող նախագահը հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքի հանրակացարաններում  ապրող բնակիչների հետ։ Մարդիկ ներկայացրել էին իրենց կենսական ծանր պայմանները, որոնց ի պատասխան՝ Նախագահը հավաստիացրել է, որ առհասարակ, ՙհանրակացարան՚ հասկացությանը պետք է հրաժեշտ տալ։ Նա բնակիչներին խոստացել է ընտրվելու դեպքում հանրակացարաններից իրենց տեղափոխել նորմալ կենսապայմաններով բնակելի շենքեր։ 
Խմբակցության անդամ, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր կողմից նշեց, որ ներկա դրությամբ չկան հնարավորություններ՝ ինչ-որ բան ավելացնելու կամ էլ ուղղություններ փոխելու պետբյուջեի նախագծում. այն բավականին խտացված է ներկայացվել՝ հաշվի առնելով ֆինանսական ելքն ու մուտքը։ Մշտական հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանի խոսնակն առանձնացրել է երկու կարևոր հարց, որոնց վրա հրավիրեց ներկաների ուշադրությունը։ Առաջինը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է։ Ոլորտը հեռանկարային է և պահանջում է գոնե նվազագույն չափով գումարների ներդրում։ Նախորդ տարվա բյուջեով որոշակի գումար տրամադրվել է, ասել է թե՝  հիմքը ստեղծված է, անշուշտ, լավ կլիներ արվածին ինչ-որ բան ավելացնել։ Իրազեկվեց նաև երիտասարդական երկու նոր ծրագրի մասին, որոնց ֆինանսավորումը նույնպես կարևորվեց։
Աշոտ Ղուլյանը, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, մեկ առաջարկություն ևս արեց իր ընտրատարածքի վերաբերյալ։ Հարցը քննարկվել է նախագահական ընտրությունների ժամանակ։ Նախկինում ադրբեջանական օկուպացման տակ գտնվող՝ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Խրամորթ գյուղերի զարգացման վերաբերյալ պետք է ներկայացնել լրացուցիչ՝ ենթաշրջանային գյուղատնտեսական ծրագիր։ 
Օրվա երկրորդ կեսին պետբյուջեի նախագիծը քննարկվեց ՙԴաշնակցություն՚ խմբակցության և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում, ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ։ Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն իրազեկեց, որ պատրաստվում են ԼՂՀ  2013թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ կառավարությանը ներկայացնել 25-ից ավելի առաջարկություններ։ 
Խմբակցության կողմից արծարծված առաջին հարցը սիրիահայերին ցուցաբերվող օժանդակության առնչությամբ էր, ինչի վրա էլ հրավիրվեց գործադիր իշխանության  ուշադրությունը։ Նախարարը համաձայն էր այդ հարցադրմանը։ 
2013թ. լրանում է Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը։ Ղարաբաղն այդ ժամանակաշրջանում եղել է առանձին և անկախ վարչական միավոր, և ծրագրվելիք միջոցառումներն այդ փաստը մատնացույց անելու նպատակ են հետապնդում։ Ս. Թևոսյանն ասաց, որ համապատասխան գումարներ կհատկացվեն։ 
Վերջին տարիներին հանրապետությունում արձանագրվում է 9-11% տնտեսական աճ, սակայն աշխատավարձերում փոփոխություն չկա։ Նախարարի պարզաբանմամբ՝ միջին աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել։ Պետք է նկատի ունենալ, որ ՀՆԱ-ի աճն ավելի շատ դրական ազդեցություն է ունենում տնտեսավարող սուբյեկտների աշխատողների աշխատավարձերի վրա։ 
Գյուղատնտեսությունից ժողովրդի ակնկալիքները չեն արդարացվում։ Նախատեսվո՞ւմ է, արդյոք, վերանայել այդ ոլորտում որդեգրած ռազմավարությունը։ Ս. Թևոսյանն ասաց, որ խնդիրը քննարկման փուլում է, խմբակցությունը կարող է ներկայացնել իր տեսակետը։ 
Հարց հնչեց եկամտահարկի վերաբերյալ, որը պարզաբանվեց նախարարի կողմից։ 
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հանրապետության գյուղական համայնքներում սպորտի և արվեստի զարգացմանը՝ դրան նպատակաուղղելով ֆինանսական միջոցներ։ Լավ ցանկություն է, բայց հնարավորությունները քիչ են, հակադարձեց նախարարը։ 
Արտաքին քաղաքականության մասով կարևորվեց առանձին երկրների հետ տարվելիք աշխատանքն Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Խմբակցությունը գտնում է, որ արտերկրում, հատկապես ՌԴ-ում հարկ է աշխատանք ծավալել մեր համերկրացի գործարարների հետ Արցախում ներդրումներ կատարելու շուրջ, որի նպատակը պետք է լինի աշխատատեղերի ստեղծումը։ Ռուսաստանաբնակ գործարարների հետ շփումները ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են փոքր օբյեկտներ բացել Արցախում, բայց շատ դեպքերում չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է դա անել։ ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչության միջոցով կարելի է աշխատանք ծավալել այդ ուղղությամբ։ 240 մլն դրամի չափով նախատեսված են հատուկ նպատակային ծախսեր։
Պետբյուջեի նախագծով նախատեսվում է 400 մլն դրամի գույքի գնում։ Կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը։ Նախարարի խոսքով՝ սովորաբար ինչ-որ գումար նախանշվում է գույք գնելու նպատակով, և եթե հնարավորություններ լինում են, հատկացումներն էլ արվում են։ 
Հարցեր հնչեցին համայնքային բյուջեների, շրջանային վարչակազմերին հատկացվող գումարների չափի մասին։ 
Համաձայն գործող օրենքի՝ Քաղաքաշինության նախարարությունը պարտավոր է բյուջեի հետ մեկտեղ ներկայացնել շինօբյեկտների ցուցակն ըստ ժամանակացույցի, այսինքն՝ որ օբյեկտի շինարարություն երբ է սկսվելու և երբ՝ ավարտվելու։ Անցյալ և նախանցյալ տարիներին նման ցուցակ չի ներկայացվել։ Գործընթացը պետք է վերահսկվի։ Ս. Թևոսյանը խոստացավ միջոցներ ձեռնարկել՝ օրենքի խախտումը բացառելու համար։ 
ՙԴաշնակցություն՚-ը պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաներին առնչվող առաջարկություն էլ արեց. ժամանակն է կրճատել այդ ուղղությամբ կատարվող ծախսերը։ Խմբակցությունը գտնում է, որ մեր պետական այրերն ի շահ ժողովրդի և պետության կարող են իրենց թույլ տալ երթևեկել համեմատաբար էժան ավտոմեքենաներով։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ