[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԱԽՎԱԾ ԿԼԻՆԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ

Մասիս տոբակո՚ կազմակերպությունն Արցախ եկավ 2010 թվականին: Նրա մուտքը հայկական երկրորդ հանրապետություն ինքնանպատակ չէր: Արցախում ծխախոտագործության  վերականգնմանն ուղղված քայլերը դրա ուղղակի արդյունքն են: Այսօր խոսքը ունեցած ձեռքբերումները բազմապատկելու հեռանկարների մասին է:
ՙ2012 թվականին ունեցել ենք 24 չորանոցային խցիկ, 14-ը կառուցվել է: Այս պահին 38 պատրաստ չորանոց ունենք, բայց դա էլ բավարար չի լինի: Նախատեսում ենք 2013 թվականին Իվանյանի ընդունման կետում կառուցել եւս 18 չորանոցային խցիկ՚,- տեղեկացնում է ՙՄասիս տոբակո՚ ընկերության Իվանյանի ընդունման կետի պատասխանատու Արտակ Ղահրամանյանը:
Այդ թվերն ավելի պերճախոս կլինեն, եթե հիշենք, որ Իվանյանի ընդունման կետը սկսել է գործել 16 չորանոցով: Դրանց թվի ուժին զուգահեռաբար նաեւ ծխախոտի մշակության համար հատկացվող տարածքներն են ընդլայնվում: 2013 թվականն այդ առումով խոստանում է ռեկորդային լինել: ՙԱյս տարի նախատեսում ենք Արցախում շուրջ 150-160 հեկտար տարածք զբաղեցնել ծխախոտի մշակության համար՚,- ծրագրերը ՙՄասիս տոբակո՚ ընկերության տեխնոլոգ Վյաչեսլավ Նազարյանն  է ներկայացնում: Ընդունման կետի պատասխանատու Արտակ Ղահրամանյանը մանրամասնում է՝ արդեն 93 հեկտարի համար պայմանագրեր կան կնքված: Ընդ որում, կնքվում են  ինչպես խոշոր, այնպես էլ մանր հողակտորների սեփականատերերի եւ վարձակալների հետ: Ծխախոտի մշակության հարցում առաջատարն առայժմ  Մարտունու շրջանն է: Նրան  Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններն են հետեւում: Ընդ որում, տարիների հետ միայն չորանոցների թիվը կամ ծխախոտի մշակման ծավալները չեն փոխվում: Փոխվում է այդ մշակաբույսի նկատմամբ հողօգտագործողի վերաբերմունքը: ՙՄարդիկ արդեն իրենց աչքով են տեսնում եւ համոզվում, որ այդ մշակաբույսը բավական շահութաբեր է եւ կարող է  էական ազդեցություն ունենալ իրենց սոցիալական վիճակի բարելավման հարցում՚,- կարեւորում է Վյաչեսլավ Նազարյանը:
Ծխախոտի մշակության համար առաջին պայմանը երաշխավորված ոռոգման ապահովումն է: Սակայն անխուսափելի են նաև  լրացուցիչ ծախսերը: Որպես պատվիրատու՝  ՙՄասիս տոբակոն՚ նաեւ այդ հարցում է աջակցություն նախատեսում: ՙՄեկ հեկտարի համար՝ 200 հազար դրամ, ամոնիակային սելիտրա, սածիլ, իսկ ցանկության դեպքում՝ սերմ, ինչպես նաեւ մեկ հեկտարի կտրվածքով՝ 80 լիտր դիզվառելիք՚,- թվարկում է Արտակ Ղահրամանյանը: Սա անտոկոս փոխառություն է, որը հողօգտագործողը բերքահավաքից հետո կվերադարձնի ոչ թե դրամի, այլ հենց իր արտադրանքի տեսքով:
Ամեն տեսակի աջակցությունից ավելի՝ հողօգտագործողին իր արտադրանքի սպառման իրական հնարավորությունների առկայությունն է ոգեւորում: Առավել եւս, երբ մթերման գները հայտնի են դեռ տարեսկզբին: ՙԱռաջին տեսակի տերեւի կիլոգրամը 80, երկրորդ տեսակի՝ 40 դրամ կլինի՚,-թվերն է ներկայացնում Արտակ Ղահրամանյանը:
Շահութաբերության մասին: Արցախում ծխախոտի միջին բերքատվությունը նախորդ տարի հեկտարից մոտավորապես 18 տոննա է կազմել: Վերջնական արդյունքն աշխատանքների կազմակերպման նրբություններից է կախված՝ վստահեցնում է բազմափորձ ծխախոտագործը: ՙԱրցախի պայմաններում կարելի է մեկ հեկտար ծխախոտ մշակելով մոտավորապես մեկ միլիոն դրամ շահույթ ստանալ,- տարիների փորձին հղում կատարելով՝ վստահեցնում է Վյաչեսլավ Նազարյանը:- Բայց թե դրա որ մասը իսկապես կապահովվի՝ կախված է հիմնականում հողօգտագործողի վերաբերմունքից, աշխատանքները կազմակերպելու նրա ընդունակություններից՚:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ