[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԳՈՐԾՎԱԾՔ ԿԱՐՏԱԴՐՎԻ

Վերջին շաբաթների ընթացքում ՙՂարմետաքսկոմբինատ՚-ի  նախկին արտադրամասի տարածքում  եռուզեռ է:  Խոսքն առայժմ շինարարական եռուզեռի մասին է: Սակայն շուտով այստեղ շինարարական տեխնիկայի փոխարեն կրկին հաստոցները կաղմկեն: Աշխատանքների պատասխանատուները վստահեցնում են՝ շատ շուտով:
Նախաձեռնության հեղինակը ՙՍանդերք՚ ընկերությունն է: Ծրագրի իրականացմանը  Արցախի ներդրումային հիմնադրամն է աջակցում: Շինարարական աշխատանքները հիմնականում արտադրամասի առաջին հարկում են ծավալվել եւ ավարտին են մոտենում: Այստեղ են կենտրոնացվելու կտորի արտադրության համար նախատեսված հաստոցները: Կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար Ստեփանակերտ են ժամանել նաեւ հայաստանյան ՙՆայտեքս՚ ընկերության ներկայացուցիչները: Մեկնարկային իրավիճակը իրատեսորեն են գնահատում: ՙԴեռ բավական աշխատանք կա,- մանրամասնում է ՙՆայտեքս՚ ՓԲԸ գլխավոր ինժեներ Վահան Առաքելյանը:- Պետք է հաշվի առնենք, որ հաստոցները երկար ժամանակ անգործության մատնված են եղել, չեն խնամվել: Դրանց մի մասն էլ անգամ անձրեւաջրերից է տուժել: Եթե գնահատենք աշխատանքին պատրաստ լինելու տեսակետից, կարող ենք ասել, որ հաստոցների հիմնական մասը պահպանվել է մոտավորապես 30 տոկոսով՚:
Սակայն անգամ այս ամենը հաշվի առնելով՝ խորհրդային տարիներից ժառանգված հաստոցները կրկին կաշխատեն ոչ թե անորոշ ապագայում, այլ առաջիկա օրերին: Այդ առումով մարտ ամիսը վճռորոշ կլինի: ՙ4-5 օրվա ընթացքում կկարողանանք մեկ հաստոց աշխատանքային վիճակի բերել, այն կսկսենք աշխատեցնել, ապա կանցնենք 2-րդին, 3-րդին՝ եւ այսպես՝ մինչեւ վերջ՚,- առաջիկա օրերի անելիքներն է ներկայացնում Վահան Առաքելյանը:
Առայժմ արտադրամասում 50 հաստոց կաշխատի: Բայց անգամ այդ դեպքում արտադրական հզորությունները Արցախի համար փոքր չեն լինի: Առավել եւս, որ արտադրանքն առաջին հերթին ներքին պահանջարկի բավարարմանն է ուղղվելու:
Այստեղ ոչ թե մետաքս, այլ բամբակե գործվածք է արտադրվելու: Հումքը՝ թելը, Հայաստանի Հանրապետությունից է ներկրվելու: Այս հարցում արցախյան ՙՍանդերք՚ ընկերության գործընկերը հայաստանյան ՙՆայտեքս՚ ընկերությունը կլինի: Ավելի ուշ, նոր հաստոցների ներկրումից հետո, կսկսեն նաեւ տեղական հումքն օգտագործել: Խոսքը բրդի մասին է, որի արտադրության ծավալները, Արցախում ոչխարաբուծության զարգացման հեռանկարները հաշվի առնելով, կանխատեսում են, որ կաճեն: Այդ աճը նկատի ունենալով՝ նախատեսվում է նաեւ բրդի թելի արտադրություն սկսել, հավանաբար, քիչ ավելի ուշ:
Դա նաեւ գորգագործության զարգացման հնարավորություններ կապահովի: Այդ հարցում ծրագրերը դեռ քննարկման փուլում են, այնպես որ՝ բացվելիք աշխատատեղերը թվարկելիս՝ աշխատանքների պատասխանատուն դեռ չի խոսում գորգագործների մասին: ՙԲրդի մշակման արտադրամասի աշխատողներին հաշվելով՝ 200-250 մարդ կաշխատի այս կազմակերպությունում՚,- ենթադրությունները թվերի է վերածում ՙՆայտեքս՚ ՓԲԸ գլխավոր ինժեներ Վահան Առաքելյանը:
Արդեն սկսվել են մասնագետների կազմի համալրման աշխատանքները: Խորհրդային տարիների մասնագետների հետ փորձելու են նաեւ երիտասարդների ներգրավել: 
Հերթափոխի պատրաստումը ամուր հիմքերի վրա է դրվելու: Առաջիկա ուստարում, ամենայն հավանականությամբ, Ստեփանակերտի արհեստագործական դպրոցն իր դիմորդներին նաեւ ջուլհակի մասնագիտությունը կառաջարկի: