ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ՝ ԼՈՒՐՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարցազրույց ՙՀադրութի անասնաբուժական սպասարկման կայան՚ ՊՈԱԿ-ի
տնօրեն Նվեր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ
¬Պարոն Բաղդասարյան, հայտնի է, որ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ շրջանում գրանցվել է 7696 գլուխ ԽԵԱ, որից կովեր 3142 գլուխ: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ԽԵԱ¬ի գլխաքանակը ավելացել է 944 գլխով: Աճ է գրանցվել նաև ՄԵԱ գլխաքանակում` 1678 գլխով, խոզերի գլխաքանակն ավելացել է 1047 գլխով:
Ինչպես երևում է թվերից, անասնագլխաքանակի զգալի աճ է գրանցվել։ Ձեր կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվում կայանում։
- Շրջանի անասնաբուժական ծառայությունը բավականին ծավալուն աշխատանք է կատարում համայնքներում կենդանիների և թռչունների հիվանդությունների ախտորոշման, կանխման ու վերացման ուղղությամբ, առանձնապես մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից զերծ պահելու, բուժսանիտարական տեսակետից որակյալ մթերքներ ապահովելու նպատակով: Իրականացվում են միջոցառումներ սուր վարակիչ, առանձնապես վտանգավոր և կարանտինային հիվանդությունների կանխարգելակման ու վերացման ուղղությամբ: Մեծ ջանքեր ենք գործադրում շրջանի տարածքը հարևան շրջաններից ներթափանցած ԽԵԱ մի շարք հիվանդությունների բռնկման կանխարգելակման, կարանտինային սահմանափակումների իրականացման ուղղությամբ: Հաջողվել է կասեցնել բրուցելյոզի զարգացումը Թաղոտ, Մարիամաձոր, Մեծ Թաղեր (Գումշաթլու), Բանաձոր, Նորաշեն, Ազոխ, Ակնաղբյուր, Ուխտաձոր, Ջրակուս համայնքերում: Մեր մասնագետներն անմիջական մասնակցություն են ունեցել համայնքներում անասնագլխաքանակի հաշվառման գործընթացին:
-Անասնապահության զարգացմանն ինչպե՞ս է նպաստում անասնաբուժական ծառայությունը։
- Ներկա դրությամբ անասնաբուժական ծառայությունն իրականացվում է 23 աշխատողների կողմից, որոնք սպասարկում են շրջանի 30 համայնք։ Մասնագետների պակասության պատճառով դժվարություններ են առաջանում Ծամձորի, Արևշատի, Խանձաձորի, Բանաձորի և Առաքելի համայնքներում ծառայություն իրականացնելու գործում: Այդ համայնքներում սպասարկումը կատարվում է Մեծ Թաղերի և Հադրութի անասնաբույժ մասնագետների կողմից: Առկա անասնագլխաքանակի հաշվառումով կազմվում է միջոցառումների պլան, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական տեսչության կողմից տրամադրվում են համապատասխան պատվաստանյութեր` նախազգուշական պատվաստումներ կատարելու համար: Համայնքների ղեկավարներին իրազեկվում է տարվա ընթացքում կազմակերպվելիք միջոցառումների մասին, միաժամանակ նրանց տեղյակ է պահվում, որ այդ միջոցառումների կատարումը պարտադիր է, որովհետև չկատարելը հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ կդառնա: Նման դեպք է գրանցվել Առաքելի համայնքում և ՙՂարղա Բազար՚ տարածքում, որտեղ անասունների պատվաստումից հրաժարվելու պատճառով առաջացել է ՙԽշխշան պալար՚ հիվանդությունը: Կայանը կազմակերպում և իրականացնում է կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ նախատեսված անասնաբուժական համապասխան միջոցառումներ, պատվաստումներ: Նախորդ տարիների համեմատությամբ պակասել է հարկադիր մորթը, վերացվել մի շարք վարակիչ հիվանդություններ:
- Վերջերս ԼՂՀ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության հիմնական թեման խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի հարցերն էին։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։
- Շրջանում 2013թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է 3277 գլուխ խոզ՝ անցյալ տարվա 1047-ի դիմաց: Մեր կողմից մշակվել է միջոցառումների ծրագիր, որի մասին տեղյակ է պահվել համայնքների ղեկավարներին: Ոստիկանության շրջանային բաժնի աշխատողների հետ կազմակերպվել են շրջայցեր, ձգտել ենք հասնել նրան, որ խոզերի բտումն իրականացվի մսուրային պայմաններում: Միջոցներ են ձեռնարկվում, որ այդ հիվանդությունը չթափանցի շրջան:
- Ի՞նչ դժվարությունների եք առնչվում իրականացվող աշխատանքներում։
- Այսօրվա պայմաններում շատ դժվար է իրականացնել անասնաբուժական գործը, գյուղերում չկան տիպային ֆերմաներ, կերային ամուր բազա, իսկ մի շարք համայնքներում անասնատերերի անտարբեր վերաբերմունքը մեծ դժվարություններ է առաջացնում: Գլխաքանակի մասին ոչ ճիշտ տեղեկությունները հնարավորություն չեն տալիս բավարար քանակությամբ պատվաստանյութեր ստանալ, որի հետևանքով առկա գլխաքանակը լրիվությամբ չի ընդգրկվում միջոցառումներին: Դժվարությունների առաջ ենք կանգնում համայնքներում կարանտինային սահմանափակումներ կատարելու ժամանակ։ Անհանգստացնում են մեր շենքային պայմանները: Սկսված է անասնաբուժական սպասարկման կայանի վարչական շենքի շինարարությունը, որը, սակայն, դանդաղ է ընթանում։
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ