Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԱԾՔԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

IMG_0240.jpgՀարցազրույց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ 
Քաշաթաղի շրջանը ձգվում է Մայր Արաքսից մինչև Քարվաճառ՝ մոտ 200 կիլոմետր՝ հարավից-հյուսիս, ունի 52 համայնք, մոտ 100 բնակավայր: Բերձոր շրջկենտրոնով բաժանվում է 2 թևերի. հյուսիսայինում բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու մեղվաբուծությունն է, որոշ բնակավայրերում՝ նաև հողագործությունը, իսկ  հարավայինում՝ հողագործությունը  և անասնապահությունը, որոշ բնակավայրերում՝ նաև մեղու են պահում:
 2011 թվականին  շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, հարավային թևի պատասխանատու է նշանակվել Արտավազդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ով մինչ այդ Երիցվանքի գյուղական  համայնքի ղեկավարն էր: Թե ինչպիսին է իրավիճակը հարավային համայնքներում, պարզեցինք նրա հետ: 
-Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս ամփոփեցիք 1012-ը, և ինչքա՞ն աշնանացան է կատարվել: 
¬ Նշված ժամանակահատվածում  շրջանում կատարվեց մոտ 20000 հեկտար հացահատիկի հունձ՝ աշնանացան և գարնանացան. հեկտարի  միջին բերքատվությունը կազմեց մոտ 16 ցենտներ։  Բերքահավաքի աշխատանքները հիմնականում կատարվեցին ժամանակին և անկորուստ: Իհարկե, մի քանի տասնյակ հեկտարներ չհնձվեցին, բայց արդյունքը  բավարար է: Այս տարի կատարվել է մոտ 15000 հեկտար աշնանացան, որից ցորեն՝ 6000հա, մնացածը՝ գարի: Ճիշտ է, աշնանացանը, կապված ինչ-ինչ հարցերի հետ, կատարվեց բավականին ուշացումով, սակայն, շրջելով ցանքատարածքներում, կարող եմ ասել, որ համեմատած նախորդ տարիների հետ, այս անգամ վիճակն ավելի բարվոք։ 
¬ Իսկ բնակիչներն ինչպե՞ս  են նախապատրաստվել արդեն մոտեցող գարնանացանին: 
¬ Գարնանացանի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են աշնանից. կատարվել է մոտ1000 հեկտար հերկ և շարունակվում է: Նախատեսված է այս գարնանը ցանել 1000 հեկտարից ավելի եգիպտացորեն, 130հա ձմերուկ, 35հա բանջարեղեն, կարտոֆիլ, հաճար,  խոտաբույսեր՝ կորնգան, առվույտ, սորգո և այլն: 
 ¬ Ճիշտ է, հարավում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, բայց պայմանները բարենպաստ չեն անասնապահության և մեղվաբուծության համար: Այս բնագավառում ինչպե՞ս է իրավիճակը: 
¬  Անցած տարիների համեմատ, 2012-ին ավելացել է խոշոր և մանր եղջերավոր անասունների, խոզերի, թռչունների  գլխաքանակը գրեթե բոլոր համայնքներում:  Որպեսզի հիվանդություններ չտարածվեն, մեծ աշխատանք է տարվում անասունների բուժման համար: 
¬ Բոլոր համայնքներում բնակիչներն առաջնային են համարում իրենց բնակարանային  պայմանների բարելավումը։  Տեղյակ եմ, որ բավականին շինանյութ հատկացվել է հատկապես հարավային թևին, աշխատանքներն այժմ ի՞նչ ընթացքում են: 
¬  ԼՂՀ կառավարության կողմից 2012-ին և այժմ բնակչությանը տրամադրվում է շինանյութ (հիմնականում կտուրի համար) և ցեմենտ, որ իրենց ուժերով բարեկարգեն տները: Ողջունելի ծրագիր է: Այս և հետագա տարիներին հատկացվող շինանյութի քանակն  ավելի է մեծանալու, բազմազավակ և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բնակելի տներ են կառուցվում: Անցած տարի բնակելի շենք կառուցվեց  Կովսականում՝ 12-բնակարանոցի աշխատանքներն էլ ընթանում են: Կովսականը, որ համարվում է հարավային թևի կենտրոնը, կառավարության ուշադրության կենտրոնում է, այստեղ գործում է նաև շրջվարչակազմի ներկայացուցչությունը։ 
Փակահան գյուղի նորաշեն թաղամասում արդեն 17 հենասյուն է տնկվել, փոխվել են հին հոսանքալարերը: Մխանցում  նոր ենթակայան է տեղադրվել. կարգավորվել է  հոսանքի մատակարարումը, անջատիչ է դրվել Աղաձոր գյուղի մոտ: Սկսվել են Երիցվանք համայնքի Ամիրյան գյուղի ենթակայանի և 10կ/վոլտ էլեկտրագծի անցկացման աշխատանքները: Նախատեսված են  Միջնավան քաղաքի և Վան գյուղի էլեկտրագծերի թարմացման աշխատանքները: 
¬  Տարածքում դեռ առկա են  բնակավայրեր, որոնք էլեկտրիֆիկացված չեն. կա՞ մոտակա ժամանակներում այդ հարցը կարգավորելու ծրագիր: 
¬  Այժմ առաջնային է Կովսականի քաղաքային համայնքում գտնվող Կերեն գյուղի և Ծոբաձորի մի հատվածի էլեկտրիֆիկացումը:  Ուրախությամբ պետք է ասեմ, որ վերջերս ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ, ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության գրասենյակի տնօրեն Արթուր Թովմասյանը վստահեցրել է, որ մինչև տարվա վերջը կուսակցությունը կլուծի Կերենի էլեկտրիֆիկացման հարցը: 
 ¬  Հարավային թևում կան մոտ 2 տասնյակ հանրակրթական դպրոցներ, որոնց մի մասի շենքային պայմանները վատ վիճակում են, այս դեպքում ի՞նչ է նախատեսված: 
¬  Բացի մի քանի դպրոցներից, իսկապես մնացածի շենքային պայմանները բարվոք չեն: Արդեն 3-րդ տարին է, ինչ սկսվել են Միջնավան քաղաքի դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքները. այստեղ պետք է գործի նաև մանկապարտեզ: Սակայն այժմ աշխատանքները դադարեցված են. հույս կա, որ շուտով կվերսկսվեն: Հրատապ է նոր դպրոցի  կառուցումը Հայկազյանում, որտեղ 100-ից ավելի աշակերտ է սովորում, նույն իրավիճակն է Կումայրիի դպրոցում. նախկին շենքը վթարային է, և այժմ մի քանի բնակավայրերի աշակերտներ հաճախում են Քարոտանում գտնվող փոքր դպրոցը: 
Հիմնանորոգման կարիք ունեն նաև Ալաշկերտի, Քաշունիքի, Գետամեջի, Տիգրանավանի, Արծվաշենի և Վուրգավանի դպրոցների շենքերը: Վերջինիս նորոգման համար ևս Արթուր Թովմասյանը խոստացել է օժանդակել: Աշխատանքները կսկսվեն ամռան արձակուրդների օրերին: 
¬   Բնակչությանը հուզող հարցերից են ոռոգման և խմելու  ջրի մատակարարումն ու ճանապարհների ոչ բավարար վիճակը: Ի՞նչ աշխատանքներ են կատարվում: 
 ¬  Նախ ասեմ, որ ոռոգման ջրի մատակարարման համար մեծ աշխատանքներ են կատարվել, սակայն անելիքներ դեռ կան: Նախկին ջրատարների մեծ մասը պետք է մաքրվի, կատարվեն վերականգնողական աշխատանքներ: Առավել կարևոր է խորքաջրերի հեռացումը: Հարյուրավոր հեկտար հողատարածքներ ճահճանում, պատվում են եղեգով։ Տարածքում բնակչությունն օգտվում է հիմնականում ջրհորներից, որոնք շատ խորն են և մաքրման կարիք ունեն, ուստի պետք է նաև ադբյուրներից ջուր հասցնել բնակավայրեր: Ինչ վերաբերում է միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների վիճակին՝ պետք է ասել, որ ՙԱրցախուղի՚ ՓԲԸ-ի կողմից սկսվել և ավարտին են մոտենում Միջնավան-Կովսական ճանապարհի բարեկարգման աշխատանքները: Բարեկարգվել է Վան գյուղի ներհամայնքային 3 կմ ճանապարհը, որը տուժել էր անցյալ  և նախանցյալ տարիների ջրհեղեղից: Շուտով կսկսվեն Աղաձոր-Բերձոր մայրուղու բարեկարգման աշխատանքները, որի ընթացքում կնորոգվեն նաև ներհամայնքային ճանապարհները: Կարևոր է նաև Կովսական-Կապան 30-կիլոմետրանոց ճանապարհահատվածի բարեկարգումը։ 
¬ Վերջին հանդիպումների ժամանակ զգացվեց, որ որոշ պարտաճանաչ, բարեխիղճ վարկառուներ այսօր տուժում են իրենց ոչ բարեխիղճ հարևանների պատճառով:                              
¬  Կարևոր է, որ մարվեն ստացված վարկերը, հակառակ դեպքում նոր վարկեր պետությունը չի կարող տրամադրել: Պետք է նախ մարվեն բանկերից  վերցված վարկերը, որ հնարավոր լինի նորը վերցնել: 
 
Զրույցը վարեց 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆԸ