[ARM]     [RUS]     [ENG]

ՓՐԿԵՆՔ ԹԹԵՆՈՒ ԱՅԳԻՆԵՐԸ ՎԱՀԱՆԱԿԻՐ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ

250p.jpgՎահանակիր տերևակեր բզեզն առաջացել է Չինաստանուն: 1870-ական թվականներին տնկանյութի հետ այն տեղափոխվել է Կալիֆոռնիա (այստեղից էլ անունը՝ Կալիֆոռնիական), որտեղից էլ 1930 թվականին անցել Արևմտյան Եվրոպա` Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա ու Գերմանիա: Նախկին ԽՍՀՄ-ում այդ վնասատուն հայտնաբերվել է 1934թ., Սև ծովի ափին (Ղրիմում)։ 
Հայաստանում այն հայտնաբերվել է 1958թ. (Նոյեմբերյանի շրջանի Զեյթուն սովխոզի այգիներում): Այդտեղից էլ տարածվել է Հայաստանի բոլոր այգիներում: Արցախում առաջին անգամ հայտնաբերվել է 1974-ին՝ Մարտունու շրջանի Կաղարծի գյուղի խնձորենիների այգիներում: Այս բզեզը վնասում է շուրջ 150 տեսակի պտղատուների և հատապտղատուների:
Արցախում թթենու ծառի վրա վահանակիրը մեր կողմից հայտնաբերվել է 2009թ.՝ Մարտունի քաղաքում, տնամերձ հողամասի թթենու ծառերի վրա: Կալիֆոռնիական վահանակիրը խիստ կարանտին վնասատու է, այն արագ բազմանում ու տարածվում է տնկանյութերի, մարդկանց, գործիքների, անասունների, անգամ թռչունների միջոցով: Ուժեղ վարակի դեպքում ծառերը թույլ են աճում, 1-2 տարվա ընթացքում կտրուկ իջնում են նրանց բերքատվությունն ու որակը: Սկզբում չորանում են պտղաբեր ճյուղերը, այնուհետև՝ կմախքային ու կիսակմախքային ճյուղերը, հետո՝ ծառն ամբողջությամբ: Այդ վնասատուի էգն ունի 1,3 մմ երկարություն, իսկ արուն` 0,8 մմ: Վահանակիր միջատի մարմինը կլորավուն քիչ ուռուցիկ է, վերևը ծածկված է վահանիկով, որն ունի կիտրոնադեղնավուն կամ դարչնադեղնավուն գույն: Արուները թևավոր են, իսկ էգերը՝ ոչ: 
Վահանը տեղավորված է մեջքի վրա, որը նաև պաշտպանական շերտ է: Վահանակիրը ձմեռում է թրթուրի 1-ին հասակում` ծառերի ճյուղերի բների ճեղքերում ու կեղևների տակ: Գարնանը ծառերի հյութաշարժման ժամանակ արթնանում են ձմեռած թրթուրները և սկսում ծծել ծառերի հյութը: 
Առաջին մաշկափոխությունից հետո 2-րդ հասակում թրթուրների մոտ հանդես են գալիս արուները և էգերը: Առաջին մաշկափոխությունից 10-11 օր հետո էգ թրթուրը երկրորդ անգամ մաշկափոխություն է կատարում, հետո ձևավորվում հասուն միջատի: Արուների թռիչքը համընկնում է հասուն էգերի հանդես գալուն: Էգերն այդ ժամանակ զուգավորվում են ու հետո՝ 30 օր անց, ծնում թրթուրներ: Յուրաքանչյուր էգ ծնում է 87-138 թրթուր: Նորածին թրթուրը, դուրս գալով մոր վահանիկի տակից, թափառում է ծառերի վրա և սկսում ծառի հարմար մասերից ծծել հյութը: 
Պարզվել է, որ թթենու ծառի հյութն ավելի լավ սննդանյութ է վահանակիրների համար, քան թե մյուս ծառերի: Թթի ծառի հյութը բուժիչ նշանակություն ունի նաև վահանակիրների համար, որի շնորհիվ ավելի արագ են բազմանում ու տարածվում, քան մյուս տեսակի ծառերի վրա: Բավական է նշել, որ 1-2 տարվա սերնդատվության պայմաններում ամբողջ այգին վարակվում է, ծառերի ճյուղերի վրա արտադրվում, ստեղծվում են սպիտակավուն բամբականման քուլաներ ու նրանց տակ սնվում, բազմանում են այդ բզեզները: Այդ վնասատուն ունենում է զարգացման երեք փուլ` ձու, թրթուր, նիֆային հասուն միջատ։ Կալիֆոռնիական վահանակիրը տարեկան տալիս է 2-3, Արցախում՝ 3 սերունդ: 
Վերջին երեք տարում այս վնասատուն տարածվել է Արցախի թթենու գրեթե բոլոր այգիներում, վարակվել են նաև տնամերձ ծառերը, գյուղացիները չգիտեն՝ ինչպես վարվել նրա հետ, նամանավանդ, որ ծառերն ունեն բարձր սաղարթ՝ հնարավոր չէ քիմիական պայքար կազմակերպել: Անհրաժեշտ է պատշած պայքար կազմակերպել այդ վնասատուից ազատվելու համար: Եվ դա՝  ագրոտեխնիկական, մեխանիկական և քիմիական մեթոդներով: Ագրոտեխնիկական պայքարում անհրաժեշտ է հողը տարեկան ոչ պակաս  երկու անգամ հերկել (աշնանը` 18-20 սմ խորությամբ, իսկ գարնանը և ամռանը՝ երեսվար 8-10 սմ խորությամբ): Տրակտորով հնարավորություն չլինելու դեպքում բահով փխրեցնել յուրաքանչյուր ծառի շուրջը (5-6 մ տրամագծով): Թույլ չտալ մոլախոտերի բազմացում թթենու այգիներում, որպեսզի խոտերի մնացորդներ չմնան վահանակիրների ձմեռելու համար: Մեխանիկական պայքարի դեպքում ծառերից հեռացնել չորացրած ճյուղերը, ծառերի տակից՝ ծառի չոր ճյուղերն ու մնացորդները, ծառերը մաքրել բնի չոր մասերից ու այրել: Քիմիական պայքար կազմակերպելու համար պետք է բարձրասաղարթ ծառերի կմախքային ճյուղերը հիմքից (30 սմ բարձրությունից) սուր կացնով կտրել ու հեռացնել այգուց: Այդ փայտը պետք է մեկուսացնել և այրել։ Կտրտված ծառերն ամբողջապես անհրաժեշտ է լողացնել կարատեի 0,5 %-ոց լուծույթով, այսինքն՝ 10լ ջրի մեջ լուծել 50գ կարատե և սովորական ձեռքի սրսկիչով սրսկել: Լավ արդյունք են տալիս թունանյութերը` 30, 30C, 30CC, 30M հանքայուղային էմուլսիայի 1 %-ոց լուծույթները: Նշված թունանյութերը սրսկել մինչև ծառի վրա բողբոջները բացվելը: Բողբոջները բացվելուց հետո սրսկել կարատեի  0,05 %-ոց լուծույթով, այսինքն՝ 10լ ջրին խառնել 5մգ կարատե: 10լ ջրով լողացնել 5 կտրտված ծառ: Որպեսզի գյուղացիները տվյալ տարում լիովին չզրկվեն թթից, անհրաժեշտ է առաջին հերթին կտրտել ուժեղ վարակված սաղարթավոր ծառերը: Ցանկալի է 3-4 տարում լրիվ կտրտել  վարակված ծառերը և այդ ընթացքում սրսկումներ կատարել տարեկան 3 անգամ. վաղ գարնանը (մինչև բողբոջները բացվելը), հունիս ամսում և աշնանը՝  սեպտեմբեր ամսում: Թունանյութերի ձեռքբերման համար այնքան էլ շատ ծախս չի կատարվում. 1 ծառի վրա տարեկան կծախսվի 200-220մգ կարատե, իսկ լուծույթը սրսկելու համար՝ 6-9լ: Միայն այդ ձևով կարելի է փրկել թթենու այգիները: Միաժամանակ կերիտասարդացվեն ծառերը, կբարձրանան բերքատվությունն ու թթի որակը: Մեկ թթենու ծառը լավ խնամքի և անկորուստ բերքահավաքի դեպքում տալիս է ոչ պակաս, քան 200կգ թութ, որից կարելի է պատրաստել 25լ օղի: Ներկայումս շուկայական գներով 1լ օղին վաճառվում է 3000 դրամով, հետևապես,  մեկ թթի ծառից կարելի է ստանալ 75000 դրամ: Մեկ հեկտարի դեպքում (100 ծառ) կստացվի 7,5 մլն դրամ: Ահա թե որտեղ է Արցախի գյուղացիների հարստության, մեր պետության բյուջեի լրացման հիմնական աղբյուրներից մեկը:
 
 
Գեորգի ՀԱԿՈԲՅԱՆ
Գյուղատնտեսական գիտությունների  
դոկտոր, պրոֆեսոր